Իվետա Մուկուչյանը սիրո տոնին ընդառաջ երգ ու տեսահոլովակ կթողարկի: Նոր նախագծի մասին երգչուհին պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում:
«Երկար դադարից հետո ես եւ Սերժոն համատեղ նոր աշխատանք ունենք: Նա «Դաշտերով» ալբոմի հեղինակն է ու գործիքավորել է «Դաշտերով», «Նինո», «Ղափամա» եւ այլ ստեղծագործություններ, որոնք իմ եւ Արամ Mp3-ի կատարմամբ առաջատար էին ու իսկապես շատ էին սիրվել հանրության կողմից: Սերժոյի հետ նաեւ «Արի, յար» ու «Հարս» տեսահոլովակներն ենք նկարահանել, որոնք հաջող էին ստացվել ու մեծ արձագանքներ ունեին. իսկապես նորություն էին լսարանի համար: Այս անգամ եւս մենք մեծ անակնկալ ենք մատուցելու, վստահ եմ՝ կրկին փոխելու ենք Հայաստանի երաժշտական ռիթմը»,- նշել է Մուկուչյանը:
Երգչուհին ընդգծել է, որ ցանկացել է տեսահոլովակի հարցում էլ այնպիսի բան փորձել, որը մինչ այդ չի եղել: Խնդիր էր դրել ներքին ազատությունն արտացոլող հոլովակ ստեղծել եւ կարծում է՝ հաջողել են.
«Ներկայիս կյանքը շատ «ձեւական» է, շատ բաներ կեղծ են, իսկ երգի խոսքերն ու երաժշտությունը շատ անկեղծ են: Իմ ամենամասշտաբային նախագծերից մեկն է, որի շուրջ շատերն են աշխատել: Մարդկանց քանակից անակնկալի եք գալու. լսարանը նրանց երբեք չի տեսել: Տեսահոլովակի անթիվ հերոսներին գտել ենք ամենաանհավանական իրավիճակներում: Շատ զանազան են ու տարբեր երանգների, կարեւորն այն է, որ «կախարդանքը» ստացվել է»:
Երգչուհին խոստովանել է, որ նկարահանման ընթացքում ոմանք սիրահարվել են ու զույգեր ձեւավորվել, ինչն իր համար աշխատանքի ամենագեղեցիկ կողմն է:
«Ամեն ինչ այնքան դրական է, պարզ ու շատ հետաքրքիր: Աշխատել եմ լսարանի համար նոր ռեժիսորի՝ Ալբերտ Սարգսյանի հետ, ով լուծել է իր առջեւ դրված խնդիրները: Երգում ասվում է. «Սիրտս խփում է, սերս կանչում է, սիրում եմ քեզ հավերժ»: Ամեն ինչ պարզ է, տխուր սիրո պատմություն չէ, հավանելու են բոլորն՝ առանց տարիքային եւ սեռային տարբերության: Այս երգը ժամանակ չի ճանաչում, այն հանգիստ կարող էր սիրված լինել նաեւ տարիներ առաջ, ընդգծեմ, որ 6/8 ժանրում չէ»,- եզրափակել է Իվետա Մուկուչյանն ու խորհուրդ տվել երգից մեջբերած հատվածն ասել սիրելի մարդուն:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: