«Ամեն ինչ սկսվում է սիրուց»` այս գլխավոր մտքի շուրջ կառուցվեց «Աշխատանք հայելու հետ» գրքի շնորհանդես-քննարկումը, որը վերածվեց նաեւ պրակտիկ աշխատանքի եւ մինի-թերապիայի։ Թարգմանչուհի Կարինե Քոչարյանը, տարիներ առաջ կարդալով Լուիզա Հեյի համանուն գիրքը եւ անձամբ փորձարկելով ներկայացվող պրակտիկան, որոշել է այն թարգմանել հայերեն եւ յուրօրինակ փորձառություն ունենալու հնարավորություն տալ նաեւ հայ ընթերցողին։
BRAVO.am-ի հետ զրույցում Կարինեն պատմեց, որ գիրքը կարդալուց հետո իր կյանքը փոխվել է։ Ասում է՝ գործնական վարժություններն ու աֆիրմացիաներն իրեն շատ են օգնել նորովի բացահայտել ու սիրել ինքն իրեն։ Այժմ ուզում է իր փորձով կիսվել մյուսների հետ։ Նա գրքի շնորհիվ դարձել է անձնային աճի սերտիֆիկացված քոուչ եւ մշակել իր 21-օրյա մարաթոնը։
Նրա խոսքով՝ թարգմանելու միակ բարդությունն այն է եղել, որ անգլերեն շարադրանքն իրեն փոքր-ինչ պարզունակ է թվացել, իսկ ինքը ցանկացել է հայերեն գրելիս փոխանցել լեզվի ամենագեղեցիկ կողմերը։
Թարգմանիչը վստահ է՝ գիրքը կօգնի բարելավել կյանքի որակը եւ հասնել ներքին ներդաշնակության, զարգացնել ստեղծագործական ներուժը, ազատվել անառողջ ինքնաքննադատությունից, սիրել եւ խնամքով վերաբերվել ինքդ քեզ ու շրջապատող մարդկանց, ձերբազատվել սթրեսի մշտական զգացումից, անհիմն վախերից, ներել ու առաջ շարժվել։ «Երբեմն բավական է ընդամենը մի քայլ անել դեպի դրական փոփոխություններ, օրինակ՝ ժպտալով ձեր արտացոլմանը հայելու մեջ»՝ մոտիվացիոն խոսնակ, ինքնօգնության համաշխարհային շարժման հիմնադիր Լուիզա Հեյի խոսքերն են:
Շնորհանդեսին հրավիրված խոսնակները մասնագիտական հայացքով ու սեփական փորձով քննարկում էին գրքի հիմնական գաղափարները, կիսվում իրենց մտքերով։ Հոգեբան-հոգեթերապեւտ Հրաչուհի Առաքելյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալինա Մանուկյանը եւ «Այլ Կերպ» ինտելեկտուալ խաղեր արտադրող ընկերության համահիմնադիր Սոֆյա Խաչատրյանը միացել էին քննարկմանը, լսում էին ներկաների կարծիքները եւ կիսվում իրենց տեսակետներով։
Սոֆյա Խաչատրյանը պատմեց, որ ինքն էլ առավոտները սկսում է հայելու առաջ իրեն ժպտալով, ինքնախնամքով ու մոտիվացնող մտքերով․ «Օրը պետք է սկսել դրական եւ սիրով։ Իմ առավոտը շատ պարզ բանաձեւ ունի՝ ես ընդամենը 15-20 րոպե իմ երեխաներից շուտ եմ արթնանում, եւ դա միայն նրա համար չէ, որ ինձ ֆիզիկապես կարգի բերեմ, այլ որպեսզի կարգավորեմ իմ մտքերը։ Կանգնում եմ հայելու առաջ, նախ՝ պարտադիր ժպտում եմ ինքս ինձ եւ ասում՝ «Այսօր հրաշալի օր է լինելու, Սոֆյա, դու ամենալավն ես, ամենագեղեցիկը, ամենախելացին»։ Հավատացեք, դա ունի իր ուժը։ Հիմա կթվա անհեթեթություն է, բայց իրականում ազդեցություն է ունենում»։
Հանդիպման վերջին մասում ներկաները փոքրիկ պրակտիկա փորձարկեցին հայելու հետ աշխատանքով։ Ավարտին կիսվեցին տպավորություններով եւ խոստովանեցին, որ նույնիսկ մի քանի րոպե լուռ զրույցն ինքդ քեզ հետ՝ աչքերիդ նայելով, իսկապես անկեղծ է ու ապաքինող։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: