Երկուշաբթի վաղ առավոտյան Լոս Անջելեսում 97-րդ «Օսկար»-ն էր: Հաղթողների մասին արդեն պատմել ենք: Մրցանակաբաշխությունից մի քանի դրվագ լայնորեն քննարկվում են եւ եւս արժանի են ուշադրության:
Էդրիեն Բրոուդիի պահվածքը
Իր կարիերայում 2-րդ «Օսկարը» ստանալու ճանապարհին Էդրիեն Բրոուդիին հանկարծակի հիշեց, որ կարեւոր ելույթից առաջ չի հանել մաստակն ու դրանով խոսելն անհարգալից կլինի ներկաների նկատմամբ:
«Բրուտալիստ»-ի դերասանը բեմ չհասած՝ հանեց մաստակը, շրջվեց ու այն նետեց կնոջ՝ Ջորջինա Չեմպենի ուղղությամբ, որը փորձեց որսալ այն: Այդ արարքից հետո բազմաթիվ օգտատերեր սոցցանցերում դերասանին քննադատեցին տգեղ արարքի համար:
«Իր երկար ելույթի փոխարեն լավ կաներ ներողություն խնդրեր կնոջից», «Բրոուդին նույնիսկ գերազանցեց Ուիլ Սմիթին, որն ապտակեց Քրիս Ռոքին», «Էդրիեն Բրոուդիի կինն արժանի է երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար մրցանակի»՝ նմանատիպ մեկնաբանություններ են թողել նրանք:
Ոմանց էլ նյարդայնացրել է դերասանի երկար ելույթը. նա բոլորից շատ է խոսել՝ մոտ 5 րոպե, թույլատրելի 45 վայրկյանի փոխարեն: Իսկ դերասանուհի Հոլի Բերիի հետ համբույրի մասին արդեն պատմել ենք նախորդ անդրադարձում:
Ադամ Սենդլերի հագուկապը
Իր ելույթում երեկոյի հաղորդավար Քոնան Օ'Բրայանը հանկարծակի ուշադրություն է դարձրել սպորտային հագուստով դահլիճում հայտնված Ադամ Սենդլերին ու նրան մեղադրել «դրես կոդը» խախտելու համար:
«Ադամ, դու նման ես գիշերը ժամը 2-ին վիդեոխաղերով զբաղվող մարդու»,- ասել է հաղորդավարը:
Դերասանն էլ պատասխանել է. «Ես սիրում եմ իմ ոճը, որովհետեւ լավ մարդ եմ»,- ապա Թիմոթի Շալամեի ականջին «Շալամե» է գոռացել, գրկել նրան ու բոլոր ցանկացողներին արարողության ավարտից հետո հրավիրել բասկետբոլ խաղալու:
Վառ կոստյումով առաջին շարքում նստած Շալամեն թեեւ լավագույն դերակատարման համար «Օսկար» չի ստացել, նրա ու Քայլի Ջենների համբույրը հայտնվել է շատ լրատվամիջոցներում:
Առաց Կարլա Գասկոնի
«Էմիլիա Պերեսի» գլխավոր դերակատարը արարողությունից առաջ սկանդալի կենտրոնում էր հայտնվել իր հայտարարությունների եւ Թվիթերում հրապարակումների պատճառով, ինչի արդյունքում մեծապես վնաս է հասցրել ֆիլմին: Նա այդպես էլ չի անցել կարմիր գորգով ու միանգամից հայտնվել է դահլիճում, ընդ որում՝ գլխավոր թեկնածուների պես ոչ առաջին շարքերում:
Զոյի Քրավիցի զգեստը
Եվս մեկ ուշագրավ դրվագ, ավելի ճիշտ՝ զգեստ էլ առանձնացրել ենք «Օսկար»-ին հաջորդած երեկույթից: Զոյի Քրավիցի զգեստն իր անսպասելի բացվածքի շնորհիվ գրավել է շատերի ուշադրությունը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: