×


Բարմեն Արմուշը, մատուցող Ռաֆայել Երանոսյանը եւ «Փաբ G»-ի հումորային մյուս կերպարները

Հայկական սիթքոմների թիվն ավելացել է եւս մեկով. «Արմենիա»-ով ցուցադրվող «Փաբ G»-ում իրադարձությունները տեղի են ունենում երեւանյան փաբերից մեկում, որը պատկանում է ամերիկաբնակ հայ գանգսթեր Ջոնին։ ԱՄՆ-ում տնային կալանքում գտնվելով՝ նա չի կարող լքել երկիրը, իսկ Հայաստանում ունի սիրելի աղջիկ՝ Ագնեսան, որը չի կարող իր մոտ մեկնել, քանի որ մուտքի արտոնագիր չունի:

Վահան Թովմասյանը եւ Ռաֆայել Երանոսյանը նախագծում դերակատարներ լինելուց բացի, հանդես են գալիս որպես պրոդյուսերներ, սցենարի հեղինակները Արմեն Վարդանյանը, Գեւորգ Սահակյանն ու Թելման Առաքելյանն են:


«Որեւէ ֆիլմի, նախագծի կրկնօրինակում չէ. սցենարիստները միասին մտածել ու լավ սցենար են գրել: Պրոդյուսերի կարգավիճակում ինձ ավելի լավ եմ զգում, իսկ որպես դերասան հիմնականում հումորային կերպարներում եմ դրսեւորվում։ Այս սիթքոմում գանգսթեր Ջոնի դերում եմ»,- ասել է Վահան Թովմասյանը՝ հավելելով, որ իրենց գլխավոր նպատակը դիտողների առօրյան դրականով լցնելն է։

Ռաֆայել Երանոսյանին այս անգամ կտեսնեք մատուցողի կերպարում, բայց ինչպես ինքը նշեց․ «Նա ապրում է մեր քաղաքում ու զբաղվում է ամեն ինչով. մեր իրականության մեջ նմանատիպ մարդիկ կան, որ անգամ գործի ժամանակ մտածում են՝ ուրիշ ինչ գործ անեն, որ ավելի շատ գումար աշխատեն։ Մատուցող է, որը նաեւ առաքիչ, բարմեն, տնօրեն է, գող, ավազակ, նաեւ սիրահարվող։ Սիթքոմի բոլոր կերպարները հետաքրքիր են»։


Կեղծամ, բարմենին բնորոշ դիմախաղ ու շարժուձեւ՝ այսպիսին է Արմուշի կերպարն այս սիթքոմում։ Նրա խոսքով՝ անսպասելի զարգացումներով եւ երգիծական դեպքերով հագեցած է ընթացքը. «Հումորային ժանրում յուրաքանչյուր կերպար ինձ հոգեհարազատ է եւ ազատ եմ զգում։ Բարմենի կերպարում ինձ պես չեմ խոսում, մի քիչ գրոտեսկ կա նրա բառապաշարում, ինչը շատ հետաքրքիր է ինձ համար: Նկարահանումների ժամանակ երբեմն անհնար է լինում զսպել ծիծաղը»:

Մյուս կերպարներին մարմնավորում են Քրիստինա Հովհաննիսյանը, Գեւորգ Մկրտչյանը, Սոնա Մաթեւոսյանը, Իշխան Ղարիբյանը և այլք: Ֆիլմի ռեժիսորը Հայկ Վարդանյանն է:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ «Արմենիա» հեռուստաընկերության

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW