Տղան, որը երազում էր ֆուտբոլիստ դառնալ, սովորեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, վեպեր գրեց ու գրական գործունեությամբ տարվեց, լրիվ այլ կյանք ու ճանապարհ էր պատկերացնում իր համար, բայց Արցախյան շարժումը եւ պատերազմն ամեն ինչ փոխեցին: «Գարուն» ամսագրի իր աշխատասենյակի գրասեղանի դարակում փամփուշտներ էր պահում, իսկ պահարաններում՝ զենք:
Նա ապրեց ընդամենը 40 տարի, բայց շատ բան հասցրեց անել: Հենց այդ կարեւոր գործերի ու նրա թողած արժեքների մասին է պատմում «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի պրեմիերան «ԿինոՄոսկվա»-ում» տեղի ունեցավ, Սարգսյանի իսկ բառերով ասած, «իր գիժ ամսում»՝ ծննդյան օրը:
Մեկամյա Վազգենի կյանքը կարող էր ընդհատվել կոկորդին կանգնած եգիպտացորենի հատիկի պատճառով. համարյա մեկ ժամ չշնչելուց հետո Արարատի հիվանդանոցում նրան մահացած համարեցին, բայց ծնողներն ու հորեղբայրը տեղափոխեցին Երեւան եւ փրկեցին փոքրիկին:
«Ֆիլմում հորինված դրվագներ ու տեսարաններ չկան: Եթե ուշադիր լինեք, նրա կոկորդին փոքրիկ նշան կար, դա հենց վիրահատության կտրվածքից մնացած հետքն է: Բժիշկը Վազգենին իսկապես մահացած է համարել, բայց քանի որ շատ աննշան օդ է կարողացել շնչել, Երեւանում նրա կյանքը փրկել են»,- պատմել է ֆիլմի գլխավոր պրոդյուսեր եւ մտահղացման հեղինակ Նոնո Սարգսյանը:
«Վախենում եմ երկիրը կորցնելուց չվախեցողներից»
Հայաստանը, պատերազմը, պայքարն ու չհանձնվելը՝ ամեն ինչ Վազգեն Սարգսյանի դիտանկյունից են ներկայացված ու շաղկապած նրա կյանքի կարեւոր դրվագների հետ: «Պիտի ապրել, պիտի դիմանալ», «Ապրում են այն ժողովուրդները, որոնք պարտությունը հաղթանակ են դարձնում», «Մենք ագրեսոր չենք, բայց ավելի լավ է մեզ այդպես անվանեն, քան ասեն մազապուրծ», «Վախենում եմ երկիրը կորցնելուց չվախեցողներից», «Աթոռի կռիվ մի արեք, հողի կռիվ արեք, որ այդ աթոռը դնելու տեղ ունենաք», «21-րդ դարը մերն է լինելու», «Եթե ցանկանան ինձ սպանել, զրահաբաճկոնը չի փրկի»՝ Վազգեն Սարգսյանի մտքերը ֆիլմը դիտելուց հետո էլ դեռ երկար ժամանակ մնում են հետդ:
Կենսագրական ֆիլմեր նկարելն ու դրանց մասին գրելն այնքան էլ հեշտ չէ, մանավանդ, երբ գործ ունենք Սպարապետի պես վառ ու երկրի նոր պատմության կարեւոր դեմքերից մեկի հետ: Ֆիլմում Վազգեն Սարգսյանի հետ անցնում ենք նրա ողջ ուղին՝ մոր գրկին շնչահեղձ երեխայից վերածվում է գանգրահեր ու գնդակի հետեւից վազվզող տղայի, իր համար բացահայտում Տիգրան Մեծի ժամանակաշրջանի Հայաստանն ու փորձում հասկանալ՝ ինչպես էր հնարավոր այն կորցնել, տեսնում ենք նրա հասունանալն ու սերերը, ցեմենտի գործարանում պարկեր կրելն ու ստեղծագործական առաջին քայլերը: Ապա էկրանին արտաքնապես եւ գաղափարապես լրիվ այլ տղամարդ է հայտնվում՝ անձնուրաց կռվի դաշտում, խիստ պաշտպանության նախարար, պահանջկոտ վարչապետ, բայց բոլոր ժամանակներում հոգատար ու սիրող որդի:
Ամենահուզիչն ու սրտաճմլիկը մահացած զինվորների դիակներին նրա այցելությունն է՝ լամպի լույսի տակ, ընկերոջ դիակը պատահաբար տեսնելուց հետո խեղդող արցունքները, եղբոր որդու՝ Կառլենի հետ մեքենայում վարած զրույցները, միասին այցելությունները Ծիծեռնակաբերդ եւ Եռաբլուր, մայրամուտին մոր համար դաշտային ծաղիկներ քաղելը:
Չնայած Վազգեն Սարգսյանի մահվան տեսարանին, ֆիլմը լավատեսորեն է ավարտվում, Նոնո Սարգսյանն է այդպես ցանկացել: Նա համարում է, որ իր հորեղբայրը կա ու միշտ էլ լինելու է. «Կյանքն ու իր գործը միշտ շարունակվելու են: Պիտի երբեք չհուսահատվենք, որովհետեւ Վազգեններ միշտ կան: Կենդանի լինելու դեպքում շատ կզայրանար, եթե իր մասին ֆիլմ նկարեինք, նույնիսկ չէր սիրում, երբ իր կենացներն էին խմում կամ էլ իրեն երգեր նվիրում: Ծննդյան օրն էլ սիրում էր նշել ընտանեկան մեծ միջավայրում, ոչ թե մեծ ու բազմամարդ խնջույքներում: Հուսամ՝ վերեւից նայում է ու մեզ վրա շատ չի բարկանում»:
Երկու դահլիճներում էլ պրեմիերայից հետո հանդիսատեսն արցունքն աչքերին հոտընկայս ծափահարել է ու Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը եւս մեկ անգամ հարգել նրա հիշատակը:
«Ամեն մեկս եթե մեկ մոմ վառենք, Հայաստանը լույսերի մեջ կլինի»
Խորեն Լեւոնյանը պրեմիերայից հետո մի քիչ ավելի թեթեւացած ու լարվածությունը թոթափած էր, նրա բարձր տրամադրությունն ու ոգեւորությունը միանգամից նկատելի էին։ Նախ իրեն շրջապատած բազմաթիվ լրագրողների հետ կարճ տեսանյութ նկարեց ու պատասխանեց բազմաթիվ հարցերին։
«Ֆիլմի ասելիքը շատ պարզ է՝ Հայաստան, հայ, հայրենիք, սեր։ Ինձ համար էլ հայրենիքն աստված է։ Փառք ու պատիվ այն խմբին, որն աշխատել է ֆիլմի վրա ու ծայրից ծայր նվիրված իր գործն արել. բոլորի շնորհիվ է այն կայացել, որովհետեւ առանց նրանց նվիրվածության իմ արածն էլ չէր երեւա։ Ֆիլմը մեզ հիշեցնում է անցյալի սխալները, որոնց վրա պետք է փորձել սովորել»։
Խոստովանեց, որ նկարահանվելու առաջարկը ստանալու օրվանից մինչեւ հիմա ու հետո էլ իր համար դժվար ու բարդ է լինելու։ Համաձայն է մարդկանց այն նկատառումների հետ, որ իր ու Վազգեն Սարգսյանի միջեւ որոշակի նմանություններ կան, բայց դերասանի համար դրանք առաջին հերթին աշխարհայացքներին ու որոշակի լուծումներ չունեցող հարցերի փնտրտուքներին են վերաբերում, որոնք կօգնեն սեփական սխալներն ուղղել:
«Շատերը մինչեւ այս ֆիլմն ինձ արտաքնապես պապիկիս էին նմանեցնում, բայց հիմա արդեն՝ Վազգեն Սարգսյանին։ Միայն ուրախ եմ մեր նմանության համար։ Ֆիլմում դիտմամբ չեմ փորձել նրան նմանակել ու ճշգրտությամբ մարմնավորել, որովհետեւ տնազի կնմանվեր, փոխարենը նրա նյարդը, տղամարդկությունը, մտածելակերպն ու էությունն եմ ձգտել հասցնել հանդիսատեսին»,- ասել է դերասանը:
Ֆիլմում Լեւոնյանը շատ է հավանում Վազգեն Սարգսյանի հետեւյալ խոսքերը. «Մենք միշտ դռները բացել ենք ու ասել՝ սա մեր տունն է, արի մեզ սպանիր, ու եթե ինչ-որ մի խելառ էլ որոշել է դիմադրել ու ինչ-որ բան անել, մեր ձեռքով հերն անիծել ենք»։ Շատ է ցանկանում՝ այդ երեւույթն ընդհանրապես չլինի, ու հայերն այլ կերպ մտածեն։ Նրան հատկապես դուր չի գալիս, թե վերջին շրջանում ինչպես ենք մեզ կամ չափից շատ թերագնահատում, կամ էլ գերագնահատում.
«Կողմնակից եմ, որ ինքներս մեզ ճիշտ գնահատենք՝ ո՞վ ենք ու ի՞նչ տեսակ մարդ, ի՞նչ գենի կրող, անցյալում ինչպիսի՞ն էինք ու ի՞նչ տեսակով ենք ապրելու ապագայում։ Կուզեմ՝ այդ հարցրերն ու դրանց լուծումները նաեւ մշակույթի տեսքով տրվեն, որովհետեւ տեսողական արվեստը մարդկանց ավելի շուտ է գրավում։ Մանավանդ հիմա երիտասարդներին չես կարող ստիպել կարդալ, բայց եթե այսպիսի հրաշալի առիթներ լինեն, շատերի հետ կծանոթանան: Այնպիսի մարդիկ ունենք, որոնք երկրի համար կյանք են տվել՝ չվայելելով ո՛չ խնջույքներ, ո՛չ շքեղություն, ո՛չ էլ երեխաների բերկրանք զգացել»:
Դերասանի համար Վազգեն Սարգսյանի դավանած արժեքները շատ կարեւոր են, բայց մինչեւ այդ էլ դրանց ծանոթ է եղել՝ առաջին հերթին պապիկից՝ Խորեն Աբրահամյանից է սովորել։ Ապա հորից լսել է, թե ինչպես է
Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի սենյակում Վազգեն Սարգսյանն այսպես դիմել Խորեն Աբրահամյանին. «Ես քո Սարոյան եղբայրների Գեւորգի կերպարով եմ մեծացել, վարպետ»։
«Տեսեք՝ արվեստն ինչ ուժ ունի: Այսպիսի հանճարեղ մարդիկ մշակույթի շնորհիվ արժեքներ են ձեռք բերել մի ուրիշ հանճարից: Մեր հաղթանակների գլխավոր պտուղը պիտի լինի այն, թե ինչ արվեստ ու մշակույթ ենք տալիս սերունդներին, ո՞ւմ են նրանք նայում եւ ուզում նմանվել։ Դուշման Վարդանը, Մոնթեն, Վազգենն ու էլի շատ նվիրյալ տղաներ մեծացել են խորհրդային ֆիլմեր դիտելով, որոնցում ֆաշիզմի վերջն էին քարոզում, հայրենիքի համար արյուն թափելը, զոհվելն ու նրա համար հաղթելը։ Իսկ մենք այդ տեսակի ֆիլմեր չունենք։ Նայում ենք՝ 24-25 տարեկան տղաներ էին, բայց ինչքան հասուն ու գիտեին՝ ինչ են ուզում անել»,- նշել է Խորեն Լեւոնյանը:
Խոստովանում է, որ խորապես հարգում ու գնահատում է իր սերնդին ու ավելի փոքրերին, դպրոցներում էլ հաճախ է լինում եւ անհատական շփումների արդյունքում համոզվել է, որ հիանալի երեխաներ են մեծանում, պարզապես նրանց պետք է լավ եւ արժեքավոր նյութով սնել։
«Փորձում ենք, բայց մեկ-մեկ է ստացվում, պետք է նրանց ծանոթացնենք մեր պատմությանը։ Շատ եմ ուզում, որ մեր միջնադարի ու նախնադարի մասին ֆիլմեր նկարենք, մինչդեռ մեր ամենահին կերպարները Եղեռնից մազապուրծ եղածներն են։ Ուզում եմ էկրաններին տեսնել 7-րդ դարի հային՝ ինչպիսի՞ն էր, ի՞նչ էր ուտում, ի՞նչ երգում, աշխարհին վերաբերվում, սիրում իր հողը, որ մեզ մի քիչ ճանաչենք»,- ավելացրել է նա:
«Պիտի ապրել, պիտի դիմանալ»
Գրետա մայրիկին, կամ ինչպես մորը Վազգեն Սարգսյանն էր անվանում, Սոֆիին (Սոֆի Լորենի հետ զուգահեռներ տանելով էր ասում) մարմնավորած Մարջան Ավետիսյանն իրեն էկրանին մասամբ է հավանել ու որոշակի սխալներ գտել: Նրա հիմնական տագնապներն արտաքին տեսքի հետ են կապված եղել, բայց դիտելու ընթացքում դրանց մասին մոռացել է, մտովի տեղափոխվել անցյալ ու շատ վերապրումներ ունեցել:
«Անգամ երբ մեր երկրի վիճակը շատ ծանր էր, պատերազմ էր ու տարատեսակ ճգնաժամեր էին, միեւնույն է՝ երջանկություն կար: Առանց սոցցանցերի, ուրիշների կյանքի մասին շատ բան չգիտեինք ու ավելի երջանիկ էինք: Այն տարիներին ապրող շատ կանանց եմ ճանաչում, որոնց տղաները եղել են ճակատում, երեխաներ գիտեմ, որոնք կորցրել են իրենց հայրերին: Մեր հարեւան Գուրգենն էլ մահացավ, ու նրա կինը մեծ դժվարությամբ մեծացրեց 4 երեխաներին: Այսօր էլ այդպիսի շատ օրինակներ ու մարդկային կորուստներ ունենք, բայց այդ ցավն ավելի մոտիկից ենք տեսնում: Ցավոք սրտի, անգամ այդ դեպքում կորցրել ենք ապրումակցելու հատկությունը: Հուսամ՝ ֆիլմը հույզեր կառաջացնի, կփորձենք հասկանալ՝ ով էինք մենք, ինչի համար էինք, ինչի համար պիտի լինենք վաղը եւ արդյոք պիտի՞ լինենք, թե՞ ոչ»։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: