×


«Խաչատրյան ամեն օր ենք նվագում, բայց շատ հետաքրքիր էր բացահայտել նաեւ հայկական ֆոլկը». Վիեննայի նվագախմբի ջութակահար

Գառնու տաճարը պատվել էր դասական երաժշտության հնչյուններով։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ եւ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, բաց երկնքի տակ հանդիսատեսին փոխանցեցին Խաչատրյանի, Մոցարտի ստեղծագործություններն ու հայկական ֆոլկլորային մշակումները։

Երեկոյի հատուկ հյուրերն էին Ինգա եւ Անուշ Արշակյանները։ Տեւական դադարից հետո քույրերը վերադարձել էին բեմ, եւ «Music Through Centuries» խորագրով միջոցառման բացումը վստահվել էր հենց նրանց։ Արշակյանները ներկայացրին «Վահագնի ծնունդը»՝ նախաքրիստոնեական շրջանից պահպանված երգերով, որոնք մշակել եւ գործիքավորել է Անուշ Արշակյանը։


«Այս համերգն աննախադեպ է՝ տարբեր երկրների մշակույթները մեկ բեմում՝ հատկապես Գառնու տաճարի կամարների ներքո։ Հնչեցին նաեւ նոր ստեղծագործություններ Անուշի «Ծառ» նախագծից։ Ֆոլկլորային երգերը մշակվել, ֆիլհարմոնիկի հետ ձայնագրվել եւ պատրաստ էին դեռ 2018 թվականից, իսկ այսօր արդեն այդ երգերը հնչեցնելու հնարավորություն ընձեռվեց»,- նշեց Ինգա Արշակյանը:

Անուշ Արշակյանն էլ հավելեց. «Մենք ստիպված էինք դադար վերցնել, քանի որ Ինգան այս 10 տարվա ընթացքում զբաղված էր մայրությամբ։ Ներկայացնում ենք երկու ազգագրական երգ, որոնք մշակվել են ձայնի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար։ Հնչեց «Ձյան հեքիաթը»՝ կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանի մշակմամբ, եւ «Թամզարա»-ն՝ Արմեն Մարտիրոսյանի մշակմամբ»։


Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար Յոհաննես Տոմբյոկը տպավորված էր Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ համատեղ առաջին իսկ փորձից. «Այն ունի ջութակ նվագելու նույն մշակույթը: Երաժշտական առումով մենք շատ մոտ ենք։ Արամ Խաչատրյան մենք ամեն օր ենք նվագում, բայց շատ հետաքրքիր էր բացահայտել հայկական ֆոլկ երաժշտությունը՝ ազգայինը, որն իր մեջ իրական մաքրություն ու զտվածություն ունի եւ ամբողջովին փոխանցում է հայաստանյան ոգին»։

«Սա իսկապես հիանալի համագործակցություն էր»,-ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։


Ըստ նրա՝ յուրահատուկ է այն փաստը, որ աշխարհի լավագույն նվագախմբերից մեկի՝ Վիեննայի ֆիլհարմոնիկի երաժիշտները միախառնվել են հայ երաժիշտներին. «Նրանք ունեն իրենց երաժշտական տպավորությունները. կամա թե ակամա համեմատելու են իրենց նվագախմբի հետ, բայց մի բան փաստ է՝ մեր նվագախմբի հետ իրենց շատ երջանիկ են զգում եւ համարում են, որ այն շատ բարձր մակարդակ ունի։ Սա մեզ համար արդեն մեծագույն գնահատական է։ Ամեն ինչ պետք է արվի, որ մեր երկրի ու մշակույթի մասին շատ խոսվի, այն էլ՝ երաժշտության միջոցով»։


«Music Through Centuries» խորագրով միջոցառումը, նախագծի հեղինակ Արարատ Մղդսյանի խոսքով, դուրս էր սովորական համերգի ձեւաչափից․ «Սա երկխոսության հարթակ էր Ավստրիայի աշխարհահռչակ դասական երաժշտության ավանդույթների եւ Հայաստանի խորը արմատներ ունեցող մշակութային ժառանգության միջեւ: Ինձ համար այն արտացոլում է նաեւ Եվրոպայի գաղափարը՝ ոչ թե որպես քաղաքական հայեցակարգ, այլ որպես մշակութային տարածք՝ ձեւավորված քրիստոնեության, մշակութային փոխազդեցությունների եւ մարդկային կապերի հիմքի վրա»։

«Temple of Arts» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացած միջոցառման ամբողջ հասույթը կուղղվի Արցախից տեղահանված երեխաների կարիքների աջակցությանը։

Արմինե Գեւորգյան
Լուսանկարները՝ «Temple of Arts»-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW