Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի Look&Face հաղորդաշարին եւ անկեղծ խոսել ամուսնալուծության, ծնողների աջակցության, դստեր եւ նախկին ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի շփման, իր նոր բիզնես-գաղափարների եւ նկարահանվել չցանկանալու մասին։
«Մենք շատ տարբեր ենք եղել ի սկզբանե»
Երբեք չեմ պատկերացրել, որ կարող էր նման բան լինել, քանի որ շատ ընտանեկան մարդ եմ։ Բայց տարիների ընթացքում փոխվեցին մի շարք հանգամանքներ։ Սա շատ դժվար շրջան է, եւ երբեք ոչ ոքի չեմ ցանկանա, հատկապես երբ երեխա կա։ Բայց հանուն երեխայի շատ է եղել, որ փորձել եմ չնկատել խնդիրները։ Ցավոք, ամեն բան չէ, որ կարող ենք վերահսկել կամ մեր ուզածով անել։ Պարզապես մեր արժեքները շատ տարբեր են կյանքի նկատմամբ։ Մենք շատ տարբեր ենք եղել ի սկզբանե, բայց կյանքի էտապներն էլ են փոխել։ Ամեն մարդ չէ, որ կարողանում է հաջողությանը դիմակայել․ մարդիկ կան, որ փոխվում են...
Առհասարակ, նման որոշում կայացնելը շատ բարդ է հայկական ավանդական ընտանիքներում, քանի որ դու պատասխանատու ես ծնողիդ առաջ, երեխայիդ առաջ։ Եվ պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան խոչընդոտ պիտի հաղթահարես, որպեսզի վերջակետ դնես։ Բայց եթե դա լինում է, ուրեմն՝ լինում են լուրջ պատճառներ։ Մեկ տարվա մեջ շատ բան փոխվեց։
«Մենք ավելի մեծ բան ենք կորցրել»
Խզվել են բոլոր կապերը, նույնիսկ բիզնես կիսելու մասին ոչ մի թեմա չի եղել, որովհետեւ մենք ավելի մեծ բան ենք կորցրել։ Ես հիմա զբաղվում եմ «White Times»-ով, որը շատ սիրում եմ եւ օր ու գիշեր ինքս ինձ չխնայելով աշխատում։ Դա նույնիսկ բիզնես չեմ համարում, որովհետեւ ավելի թանկ բան եմ ներդրել՝ իմ հոգին, այնտեղ անքուն գիշերներ են, եւ ի վերջո, այդտեղից է ամեն ինչ սկսվել։ Իսկ մյուս բիզնեսների հետ ոչ մի կապ չունեմ։
«Երբեք ինձ թույլ չեմ տա նրան զրկել երեխայի հետ հանդիպումներից»
Դավիթի եւ Կարինայի հարաբերությունները շարունակվում են անպայման. երեխան ոչ մի մեղք չունի։ Ես երբեք ինձ թույլ չեմ տա նրան զրկել հանդիպումներից, այդ մասին խոսք չի կարող լինել, որովհետեւ առաջին հերթին դա իմ բալիկին է պետք։ Ոչ մի երեխա չպետք է առանց հայր եւ մայր մեծանա, նա պետք է տեսնի երկկողմանի սեր։
Կարինաս մանկապարտեզ է հաճախում, դա ինձ շատ է օգնում։ Մայիսին էլ իմ ընտանիքն արդեն ինձ մոտ կլինի։ Մայրս որ կողքիս է, ավելի հեշտ է։
«Հայրս օգնում է ոտքի կանգնել»
Նոր բիզնես-մտահղացումներ շատ կան, եւ քանի որ այս պահին ես զրոյից եմ սկսում, շատ հարցերում հայրս է ինձ աջակցում եւ օգնում է ոտքի կանգնել։ Հայրիկս հողատարածք է գնել, որպեսզի կարողանամ սիրուն մի բան ստեղծել։ Ու քանի որ ես շատ եմ սիրում դիզայնը, մտածում եմ գեղեցիկ մի առանձնատուն ստեղծել՝ բիզնեսի նպատակով։
«Այս պահին չեմ ուզում նկարահանվել»
Հաջող, սիրուն նախագծեր կան, որոնց անունները չեմ ուզում տալ, քանի որ արդեն պրեմիերաները եղել են։ Ինձ կանչել էին գլխավոր դերերի համար, բայց մի տեսակ այնքան հետ եմ սովորել, այս պահին չեմ ուզում նկարահանվել։ Ուզում եմ ինքս ինձ հետ ու իմ բալիկի հետ լինել, գտնել իմ ներդաշնակությունը։ Այդ ամեն ինչից հեռու եմ ուզում լինել։ Ոչ թե որ վատ է, այլ պարզապես իմը չէ։ Միգուցե մի օր լավ որեւէ նախագծում նկարահանվեմ, բայց այս պահին չեմ ուզում։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: