×


Ջազով համեմված սիրո խոստովանություններ՝ Մայր թատրոնում

Սիրային պատմությունները Մայր թատրոնի բեմում ներկայացվել են ջազ երաժշտության ներքո։ Գործողությունները տեղի են ունենում երեւանյան տաք գինետներից մեկում, որտեղ փնտրում են, գտնում, երբեմն էլ կորցնում իրենց սերերին։ Դերակատարները հույզերն ու ապրումներն արտահայտում էին չափածո ստեղծագործությունների միջոցով՝ ջազի ելեւէջների ներքո։ Ռոյալի մոտ ջազմեն Վահագն Հայրապետյանն էր:

«Շատ հետաքրքիր համագործակցություն է։ Այս նախագծի յուրահատկությունը նրանում է, որ բեմում կենդանի երաժշտություն է հնչում, երաժիշտն էլ ներկայացման մասն է կազմում»,- նշել է ջազմենը։


Ջազ-պոետիկայի լեզվով, կին-տղամարդ հարաբերությունների մասին՝ տողեր, մտքեր, երաժշտություն, սեր: Ներկայացման ռեժիսոր, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտրչյանն ասում է՝ իմպրովիզ են արել՝ հենվելով դասական ու ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործությունների վրա։   

«Փորձեցինք լսել Իսահակյանից, Չարենցից մինչեւ Հուսիկ Արա, ամենը կապեցինք  թատերական իմպրովիզացիոն ներկայացման թելով ու որոշեցինք նվիրել կանանց։ Այս ամենի ճարտարապետը Մանե Մկրտչյանն է: Նոր ներկայացմամբ մի փոքր սեր վերադարձրինք մեզ սեր պարգեւած կանանց»,- նշել է ռեժիսորը:  


Արաքս Մելիքյան. «Շատ արագ եղավ ամեն ինչ։ Միշտ կարծել եմ՝ ասմունքը, պոեզիան իմը չեն, կիլոմետրերով փախել եմ։ Բայց երբ իմացա, որ կոնցեպտը դուրս է ասմունքելու դասական ձեւաչափից, երկու ձեռքով կողմ եղա»։


Ռուզան Հախնազարյան. «Տարիներ շարունակ կարդում եմ, բայց սա նոր թռիչք ու ճախրանք էր։ Կերպարս կին է, որի կյանքում ամեն ինչ փշրվել է: Գալիս է այս սրճարանն ու մոլորված փնտրում ինչ-որ մեկին։ Նրա վայրի ու անկանխատեսելի  պահվածքը, շարժուձեւը վկայում են կոտրված լինելու մասին։ Նրա կերպարը կռիվ է տալիս Աստծո հետ, բայց ավելի մեղմ երանգների մեջ: Խնդրում է օգնել իրեն։ Եվ հանկարծ հայտնվում է այն անձը, որը դուրս է բերում նրան այդ անելանելի վիճակից»։


Տաթեւ Միրզոյան. «Կերպարս ապրել է բոլոր դժվարություններն ու հիմա փորձում է օգտակար լինել այն մարդկանց, ովքեր հարաբերությունների վատ փուլում են։ Բարդ էր, իհարկե, քանի որ ես պոեզիային չեմ մոտենում։ Որպես ունկնդիր՝ վատն եմ ու դժվար է ինձ գոհացնել։ Սունդուկյանի բեմում ելույթ ունենալն արդեն դժվար է. ձայնդ պետք է տեղ հասնի, այն էլ՝ երաժշտության ներքո։ Համոզված եմ՝ ամեն անգամ ավելի լավ ենք խաղալու»։


Լուսինե Կոստանյան. «Իրականում բոլոր գործերը հարազատացել էին ու ինձ լավ էի զգում։ Հանդիպում ես նրան գինետանը, զրուցում եք պոետիկ երանգավորմամբ»։


Ի վերջո, գինետան հերոսները բարձրանում են կտուր ու այնտեղից տարածում պոզիան՝ սիրո դրսեւորումներով։ «Կարծում եմ՝ սերը, մաքուր զգացմունքները, դրական ազդակները պակասել են մեր քաղաքում։ Իսկ թատրոնը փորձում է մեր բաժին սերը փոխանցել քաղաքին»,- եզրափակել է Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW