×


«Անդադար մտածում էի՝ սա այն կյանքը չէ, որին արժանի եմ»․ Անի Ամիրյանը՝ նախկին ամուսնու եւ նոր կյանք սկսելու մասին

Առաջնահերթությունները փոխվում են, երբ կյանքում կարեւոր փոփոխություն է տեղի ունենում։ Երգչուհի Անի Ամիրյանի կյանքում այդ փոփոխությունն իր դուստրը՝ Մարթան է։ Երբեմնի ձգտումը հայտնի դառնալ վերածվեց երկրորդական արժեքի։ Այս եւ այլ թեմաների շուրջ Անին զրուցել է Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM-ի տաղավարում։

2024 թվականի սեպտեմբերի 19-ին՝ իր ծննդյան օրը, Անին ինքն իր առաջ նոր դուռ բացեց. «Հասկացա մի պարզ ճշմարտություն՝ եթե բոլոր երազանքները, նպատակները ազնիվ են, ապա ի կատար են ածվում։ Որոշեցի ունենալ համերգային փոքրիկ ծրագիր։ Լսելով շատերի արձագանքը՝ մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ չշարունակել»։

Մայրությունը, որ փոխեց ամեն ինչ

Մայրությունը ձեւավորեց նոր պատասխանատվություն ու ստիպեց վերանայել կյանքի առաջնահերթությունները։

«Հայտնիությունը, որին ձգտում էի, դարձավ տասներորդական, ոչ կարեւոր, որովհետեւ կյանքումս ամենակարեւոր մարդուկը Մարթան էր, որը ծնվել է ինձնից ու սիրուց»։

Բաժանումն ու նոր սկիզբը

Ժամանակի ընթացքում Անին սկսել է իր եւ դերասան Ստեփան Ղամբարյանի ամուսնալուծությանն այլ տեսանկյունից նայել։

«Ես, կարելի է ասել, մենակ էի ապրում: Ստեփանը դժվար էր տուն գալիս... Նա ե՛ւ իր փոխարեն որոշեց, ե՛ւ իմ՝ հայտարարելով, որ էլ չի ուզում ապրել ընտանիքում, չի ուզում կրել «հավատարիմ» ամուսնու դերը: Հիմա հասկանում եմ, որ նա ինձ համար ամենալավ նվերն է արել՝ վերցնելով իր վրա այդ պատասխանատվությունը եւ ամուսնալուծվելով ինձնից»։

Բաժանումը, սակայն, առանց ցավի չի անցել. Անի Ամիրյանը խոստովանել է, որ բաժանվելիս դեռ սիրում էր Ղամբարյանին:

«Ես անդադար մտածում էի, որ սա այն կյանքը չէ, որին ես արժանի եմ, սա ուրիշ մեկի կյանքն է։ Այդ փուլում կար սպասում, հույս, որ ամեն ինչ կփոխվի, բայց իրականությունը ստիպեց ընդունել իրավիճակն ու նոր կյանք սկսել»։

«Գուցե կանգ առնես ու վայելե՞ս պահը»

Երբ քեզնից բացի, մեկ այլ մարդու համար եւս պատասխանատվություն ես կրում, անկախ քեզնից ուժեղանում ես՝ առաջիկա մարտահրավերներին դիմակայելու համար։

«Ես միշտ փորձել եմ թաքցնել, որ տխուր եմ, որ մենակ եմ զգում։ Մի օր եկա, տեսա, որ ինձ համար իր փոքրիկ թաթիկներով միրգ է կտրատել, սուրճ եփել... Անհանգստացա՝ հանկարծ իրեն վնասած չլինի։ Հետո կանգ առա ու ասացի՝ գուցե վայելե՞ս այս պահը։ Այդ ժամանակ գրկեցի իրեն ու խոստացա, որ մեր փոքրիկ ընտանիքը, որ բաղկացած է ինձնից եւ իրենից, միշտ ուրախ ու սիրով կլինի։ Երկուսով ապրելով սովորել ենք իրար մասին հոգ տանել»։

Ինքնաճանաչումը, համակերպումը, ազատությունը

Անին այլեւս չի սպասում, չի փնտրում այն, ինչ իրենից դուրս է։

«Ես հիմա երջանիկ կյանքով եմ ապրում, որտեղ պետք չի ինչ-որ մեկը, որ դու քեզ բավարարված զգաս։ Ես չեմ սպասում զուր տեղը, էներգիաս չեմ վատնում անտեղի, չսիրված չեմ... Ես նորից կարողացել եմ ինձ ստեղծել, ինձ սիրել»։

Մինչեւ հիմա էլ երբեմն թերագնահատում է իրեն, բայց գիտի, որ միշտ չէ, որ պետք է ավելիին ձգտել։ Երբեմն պարզապես պետք է ընդունել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին կաս։

«Թվում է, թե պատրաստ եմ նոր հարաբերությունների, բայց չեմ պատկերացնում, չգիտեմ՝ որ դեպքում կստացվեն այդ հարաբերությունները»։

Թերեւս կյանքը կպատասխանի։ Իսկ մինչ այդ Անին շարունակում է ապրել իր ազատ, ինքնաբավ ու սիրով լի կյանքը՝ վայելելով ամեն պահը Մարթայի կողքին։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW