Այս տարի լրանում է նշանավոր գեղանկարիչ, մանկավարժ եւ ազգային-ազատագրական շարժման գործիչ Փանոս Թերլեմեզյանի 160-ամյակը, որի առթիվ Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում բացվել է «ԱՐԴ» ցուցահանդեսը։
Այն ներկայացնում է քոլեջում դասավանդող արվեստագետների ստեղծագործությունները, որոնք ներառնում են գեղանկար, գրաֆիկա, քանդակ եւ այլ ժանրեր՝ ամփոփելով ուսումնական հաստատության արդի ստեղծագործական միջավայրն ու ներուժը։
Նախորդ դարի 20-ականներին հիմնադրված քոլեջը (նախկինում «Գեղարդ» գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկում, Գեղարվեստի պետական ուսումնարան) հանդիսանում է առաջին պետական գեղարվեստական կրթօջախը հայկական իրականության մեջ, որտեղ դասավանդել են ժամանակի մեծանուն արվեստագետներ Մարտիրոս Սարյանը, Վահրամ Գայֆեճյանը, Գաբրիել Գյուրջյանը, Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյանը եւ այլք։
Թեեւ Փանոս Թերլեմեզյանը մանկավարժական գործունեություն չի ծավալել կրթօջախում, սակայն հաստատությունը եւ նրա սաներին մշտապես իր ուշադրության ներքո է պահել: Այդ է պատճառը, որ 1941 թվականին Թերլեմեզյանի մահից հետո, արժեւորելով նկարչի դերը հայ կերպարվեստի եւ հայոց պատմության մեջ, ուսումնարանը կոչվել է նրա անունով։
Արվեստաբան եւ ցուցահանդեսի համադրող Ելենա Մովսեսյանն ասում է, որ ընտրել են «Արդ» խորագիրը հենց արդի բառից, քանի որ ներկայացնում են այն արվեստագետներին, որոնք այսօր ե՛ւ դասավանդում են, ե՛ւ ստեղծում քոլեջի մշակութային միջավայրը:
«Բավական բարդ է այսպիսի ցուցահանդես կազմակերպելը, որովհետեւ այստեղ ներկայացված են տարբեր ոճերի արդեն իսկ կայացած արվեստագետների աշխատանքներ, ովքեր ունեն իրենց ձեռագիրը, գեղարվեստական լեզուն եւ աշխարհայացքը»,- նշել է արվեստաբանը։
Աշոտ Գեւորգյանը եւս ավարտել է քոլեջը, իսկ այժմ դասավանդում է հարազատ կրթօջախում։ Այս ցուցահանդեսին ներկայացրել է իր տարբեր շարքերից աշխատանքներ՝ «Ձկնորս», «Մուտք», «Լա Բոհեմ» (Շառլ Ազնավուրին նվիրված քանդակ), եւ «Ջրի հիշողություն» շարքից մեկ աշխատանք: Խոստովանում է՝ շատ մեծ պատասխանատվություն է որպես դասախոս ներկայանալ ուսանողների առջեւ։
Քոլեջի դասախոսներից Տարոն Շահինյանն էլ ցուցահանդեսին ներկայացրել է «Նավարկություն» շարքի կտավներից մեկը, որը նկարել է 2024 թվականին:
«Նկարում պատկերված է, թե ինչպես եմ տեսնում ընտանիքս ապագայում։ Աղջիկ ունեմ, որը նկարում արդեն մեծ տարիքում է: Ընտանիքս է նավի մեջ, թեեւ ես չեմ երեւում, սակայն մենք միշտ միասին ենք»,- նշել է նա:
Գայանե Բարխուդարյանն էլ 2 աշխատանք է ներկայացրել ցուցահանդեսին, որոնք նկարել է 2020 թվականին: Աշխատանքները պատկանում են «Ծալքատեղ» շարքին, որը նվիրված է հողին, բնությանը, ջրին՝ ոգեշնչված Հայաստանի ջրամբարներից. «Անսահման շատ ոգեշնչվում եմ Հայաստանի բնությունից, որից գալիս է ամենամեծ էներգիան»։
Քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանի խոսքով՝ շուտով նշելու են քոլեջի 105-ամյակը եւ արդեն 105 տարի է՝ պահպանում են քոլեջի ավանդույթները։ Այդ ավանդույթների շարքում են հենց դասավանդող արվեստագետների աշխատանքների ցուցադրությունները։
Ըստ տնօրենի՝ ուսանողները պետք է տեսնեն դասախոսների աշխատանքները, առարկայական կերպով շոշափեն այդ ստեղծագործությունները, որպեսզի առավել խորությամբ ընկալեն եւ վստահեն նրանց։
«Արդ» նախագիծն իր մեջ ընդգրկում է երկու ցուցահանդես՝ դասախոսների եւ ուսանողների։ Ցուցադրությունը ունենալու է երկրորդ հատված, որտեղ ներառված են լինելու միայն ուսանողական աշխատանքներ, որոնք միտված են դառնալու մեծ պրակտիկա արվեստի ճանապարհը շարունակող ուսանողների համար։ Բացումը տեղի կունենա ապրիլի 3-ին։
Միջոցառման ընթացքում կնքվեցին նաեւ հուշագրեր Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մանացականյանի եւ Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանի միջեւ:
Քոլեջում դասավանդող արվեստագետների աշխատանքների ցուցադրությունը կգործի մինչեւ մարտի 27-ը։
Հեղինակներ՝ Հռիփսիմե Ավչյան, Ալվարդ Շահնազարյան
Լուսանկարները՝ Սպարտակ Ավետիսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: