×


Արեւ Սանթրոսյան․ Շուշանս փոքրուց նպատակասլաց է եղել, իսկ Տաթեւս՝ մեղմ, հոգատար

BRAVO.am-ը փորձում է նորովի ճանաչել հայտնի մարդկանց նրանց ծնողների օգնությամբ: Եվ առաջին զրույցի համար հանդիպել ենք Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Արեւ Սանթրոսյանի հետ, որը հետաքրքիր դրվագներ է հիշել իր դուստրերի՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի Տաթեւ Ղազարանի եւ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի, «Շունչ» թատրոնի ռեժիսոր Շուշան Ղազարյանի մանկությունից, հաղթահարած դժվարություններից ու  կայացման ճանապարհից:

Շուշանը

Առաջնեկս՝ Շուշանը, շատ սպասված էր, նա մեր ուրախությունն էր: Շատ հեշտ երեխա էր, միակ թերությունն այն էր, որ բացարձակ չուտող էր։ Կարող էր մի հատ բրնձի հատիկ ուտել եւ ասել. «Վայ, մամա ջան, կշտացա, էլ չեմ կարողանում», ջրով էր սնվում, ինչի համար ողբերգություն էի ապրում։  

Մինչ ամուսնանալը թռվռան եւ ուրախ աղջնակ էի՝ երգեի, պարեի, աշխատում էի թատրոնում, ընկերական շրջապատի ծաղիկն էի։ Բայց երբ 25 տարեկանում Շուշանին ունեցա, անչափ հոգատար ու բառի լայն իմաստով մայր դարձա։ Բոլորը զարմացած էին. «Այ մարդ, դու ե՞րբ այդպիսի մայր դարձար»։ Շատ ուշադիր ու հոգատար էի, հենց որեւէ տեղը ցավում էր, անմիջապես վազում էի բժշկի մոտ, այնքան կանչեր էի արել, որ դիմելիս ասում էին. «Ախր հիմա ի՞նչ է եղել»։

Արեւ Սանթրոսյանը դստեր՝ Շուշան Ղազարյանի հետ


Հետաքրքիր երեխա էր ու փոքր տարիքից էլ նրա ռեժիսորական ձիրքը դրսեւորվում էր, շարում էր խաղալիքներն ու հետները բեմադրություններ անում։

Իր խնդրանքով մանկապարտեզ շատ շուտ տարա. «Մամա ջան, ինձ էլ տար, բակի բոլոր երեխաները գնում են, ես էլ եմ ուզում»։ Մի քանի օր սիրով գնալուց հետո սկսեց լաց լինել, ինչից հետո նրան ասացի. «Եթե չես ուզում, չեմ տանի», պատասխանեց. «Ոնց թե, շատ եմ ուզում մանկապարտեզ գնալ, բայց որ բոլորը լացում են, մտածում եմ՝ ձեւն այդպես է»։ Մանկապարտեզում էլ շատ ակտիվ էր, մասնակցում էր բոլոր միջոցառումներին ու սիրում առաջինը լինել։ Այդպես էլ մեծացավ, մինչեւ որ ծնվեց Տաթեւիկը, որի հետ տարիքային տարբերությունը մոտ 6 տարի է։  

Տաթեւը

Տաթեւիկն իր տեսակով ու բնավորությամբ լրիվ տարբեր էր քրոջից՝ շատ մեղմ, հասկացող, հոգատար։ Ուտող երեխա էր, բայց շատակեր չէր, այն ժամանակվանից հարմարվող է։ Շատ կարգ ու կանոնով էր, ու դա մինչեւ հիմա պահպանել է։  

Արեւ Սանթրոսյանը դստեր՝ Տաթեւ Ղազարյանի հետ


Այն ժամանակ գրչատուփերի տարբեր տեսակներ ու տետրերի համար թղթապանակներ չկային, ամեն ինչ իր ձեռքով այնքան կոկիկ էր սարքում, միայն տեսնեիք նրա դասավորած պայուսակը։ Այդպես էլ տանն էր՝ ուշադիր ու մաքրասեր փոքր հասակից։ Նա էլ մանկապարտեզ գնաց, հետո դպրոց, երկուսն էլ փայլուն են սովորել։ Շուշանիկը նույնիսկ այնքան լավ էր սովորում, որ օրագրի մեջ տեղ չէր մնում, ուսուցիչը գիծ էր քաշում ու 7-րդ ժամին էլի 5 դնում։ Իսկ Տաթեւիկը չէր պատկերացնում, որ ինչ-որ մի դաս չսովորած կարելի է դպրոց գնալ: Երկուսն էլ փայլուն ավարտեցին դպրոցը, շատ զարգացած ու ինտելեկտուալ երեխաներ էին:

Ինստիտուտը

Շուշանիկը դպրոցն ավարտելուց հետո որոշեց թատերական ընդունվել, այդ ժամանակ արդեն ընտանեկան խնդիրներ ունեինք, բաժանվել էինք ամուսնուս հետ ու անտուն մնացել: Բայց երբ երկուսն էլ ցանկացան դերասանուհիներ դառնալ, չխոչընդոտեցի ու ասացի նրանց. «Ճանապարհը բաց է, որպես մասնագետ որքան կկարողանամ կօգնեմ, բայց ֆինանսապես չեմ կարող»։

Արեւ Սանթրոսյանը


Այդ ժամանակ արդեն վճարովի համակարգն էր սկսել գործել, իսկ մենք վարձով բնակարանում բավական տխուր վիճակում էինք ապրում։ Բայց, ի ուրախություն ինձ, երկուսն էլ բարձր գնահատականներով անվճար ընդունվեցին եւ լավ մասնագետների մոտ ընկան։ Շուշանը Զավեն Տատինցյանի ղեկավարած կուրսում էր, իսկ Տաթեւը՝ իր սիրելի պապիկի՝ Սոս Սարգսյանի։ Սովորելուն զուգահեռ սկսեց խաղալ Համազգայինում ու այնտեղ էլ մնաց, իսկ Շուշանը եկավ մեզ մոտ՝ Պատանի հանդիսատեսի թատրոն ու բավական լավ դերեր ուներ: Ասում եմ՝ ճիշտ է, իմ ամուսնությունն անհաջող էր, բայց նույնիսկ եթե ամուսինս ինձ ոչինչ էլ չի տվել, պարգեւել է երկու չքնաղ աղջիկ, ինչի համար երջանիկ եմ ու շնորհակալ։

Դժվարությունների հաղթահարումը

Երբ բաժանվեցինք, Տաթեւիկը դեռ դպրոցական էր, իսկ Շուշանն ինստիտուտ ընդունվեց։ Երկուսն էլ ծանր տարան, բայց իրենց կիրթ ու գիտակից լինելու շնորհիվ այնպես արեցին, որ ինձ շատ վիրավորված, լքված եւ ինքնասիրությունս ոտնահարված չզգամ։ Նրանք իմ կողքին եղան ու միասին ամեն ինչ ավելի թեթեւ հաղթահարեցինք, այդ ծանր օրերին մեր հումորը փրկեց մեզ։ Իսկ մենք իսկապես շատ ծանր օրեր ենք անցկացրել, վարձով տները մեծ դժվարությամբ էինք ճարում, ապա մաքրում դրանք, բայց միշտ միասին էինք, ու աղջիկները չէին թողնում, որ թեւաթափ լինեմ։

Ես էլ, ճիշտն ասած, բնավորությամբ մի քիչ լացկան էի, հենց հուսահատվում էի, սկսում էի արտասվել, բայց վրա էին տալիս, գրկում։ Երբեք ինձ մենակ ու լքված չեմ զգացել, անճար էլ չեմ զգացել, թեեւ նման շատ պահեր են եղել, հաճախ էի մտածում. «Ի՞նչ անեմ, ո՞նց անեմ»։ Բայց միշտ ծիծաղել ենք, ասել-խոսել եւ կարողացել այդ վիճակներից դուրս գալ։


Թատրոնում ամիսներով աշխատավարձ չէին տալիս, հենց մի քիչ գումար էին բերում, թաքուն բաժանում էին, այդ շրջանն եմ շատ ծանր տարել։ Ուղղակի փող չկար, չեմ ուզում, որ աղջիկներս իրենց վատ զգան, բայց ուրիշի տուն էլ եմ մաքրել, առավոտյան խմորեղենի ցեխում էլ աշխատել։ Բայց կամաց-կամաց կարողացանք այդ ծանր վիճակից դուրս գալ, աղջիկներս էլ սկսեցին աշխատել ու ինձ օգնել, հետո ինքներս էինք մեզ վրա զարմանում. «Այ մարդ, ո՞նց դիմացանք այդ ամենին»։

Երկուսն էլ շատ տարբեր են եղել, ու գիտեի, թե ամեն մեկի հետ ինչ քաղաքականություն է պետք վարել։ Տաթեւիկն անդադար անում էր, տունը մաքրում,, շատ ուշադիր էր, իսկ ես հարեւանների հետ խոսելիս մի անգամ ասացի. «Դե, Շուշանիկս առաջինն է, իմ սերն է, իրեն պաշտում եմ, Շուշանին շատ եմ սիրում»։ Տաթեւիկը կողքից հարցրեց. «Մամ, բա ի՞նձ», պատասխանեցի. «Գիտես, Տաթեւ ջան, ես քեզ հարգում եմ»։ Այսինքն՝ ուզում էի ասել՝ քո բոլոր արարքները հարգանքի են արժանի։ Երեքս էլ հումորով ենք եղել ու դժվար պահերին նույնիսկ դրա օգնությամբ ամեն ինչ հաղթահարել։ Այն մութ տարիներին մոմ չունեինք, հին մոմերից էինք սարքում ու ասում. «Օհ, հաղթանակ, արեցինք»։

22 տարի վարձով ենք ապրել, բայց Տաթեւիկիս աշխատասիրության եւ նպատակասլացության շնորհիվ վերջապես տան տեր դարձանք, արդեն 10 տարի է սեփական բնակարանն ունենք: Շնորհակալություն եմ հայտնում իմ Տաթեւիկին, որ հիմա բոլոր պայմանները ստեղծել է ինձ համար: Նրա օգնությամբ Շուշանիկին էլ կարողացանք տան տեր դարձնել։ Հիմա նա երկու երեխաների հետ իր բնակարանում է ապրում, թոռնիկս՝ Լիլին էլ թատերականում է սովորում եւ շատ շնորհալի է, նա դերասանի մասնագիտությամբ զբաղվող մեր արդեն 4-րդ սերունդն է։

Սիրո դրսեւորումները

Շուշանը մեծ էր ու ավելի իշխող բնավորություն ուներ, իսկ Տաթեւը միշտ զիջող է եղել, բայց երբեք չեն կռվել, տարիների ընթացքում նրանց սերն ավելի է մեծացել։ Իրենք հասկացան, որ այս աշխարհում քույրիկ ունենալուց եւ քույրիկներ լինելուց քաղցր բան չկա։ Հիմա շատ-շատ են կապված ու ամեն ինչի մասին իրար տեղեկացնում են։

Տաթեւիկը գրկել է սիրում, մեկ էլ կասի. «Մայրական քնքշանք եմ ուզում»։ Ներս եկավ, համբուրվում ենք, նույնը դրսում տեսնելիս, այդ իմաստով ավելի ջերմ է։


Քանի որ բոլոր հարցերում մենակ եմ եղել, միշտ պայքարել եմ, ցանկացել այնպես անել, որ էրեխեքի վիզը ծուռ չմնա, չնեղվեն կամ վիրավորվեն։ Իրենք էլ այնքան զգայուն, հասկացող ու ամեն ինչ նկատող են, որ նույնիսկ զարմանում եմ՝ մի՞թե այդքան կարելի է։

Բարեբախտաբար, տարիքային անցումներն էլ հեշտ են տրվել՝ վատ շրջապատ չեն ընկել։ Ծնունդի կամ քեֆի գնալիս ոչ միայն տեղյակ են պահել, այլեւ հարմար լինելու դեպքում ինձ էլ հետները տարել, որ նախ ես չտխրեմ, հետո էլ տեսնեմ՝ լավ մարդկանց հետ են։

Սիրելի ուտելիքներն ու համատեղ ժամանցը

Անկեղծ կխոստովանեմ, որ խոհանոցն այդքան էլ չեն սիրում: Շուշանն ընտանիքի մայր է եւ ուզած, թե չուզած պետք է պատրաստի: Ֆեյսբուքով ճաշատեսակների նկարներ են ուղարկում: «Ինձ ուղարկելու փոխարեն դուք սարքեք»,- արձագանքում եմ ես:

Չզարմանաք, որ փոքրիկ-մոքրիկ լինելով՝ մսակերներ են: Տարատեսակ աղցաններ եմ սարքում, մեկ էլ ասում են. «Այսքան բան ես արել, մի կտոր միս խաշեիր, ուտեինք»:

Կարող ենք որոշել ու միասին սրճարան գնալ եւ զրուցել: Հաճախ ենք իրար գլուխ հավաքվում, արդեն մի քանի ամիս է Շուշանը տուն ունի, մինչ այդ երկար տարիներ միասին ենք ապրել: Երեկոյան զանգում ենք, որ որեւէ հետաքրքիր ընթրիք պատրաստի, եւ մեր ու աղջիկ հյուր ենք գնում։ Քանի որ բոլորս շատ ենք աշխատում ու դրսում լինում, մեզ ավելի հաճելի է տնային ջերմ մթնոլորտը՝ միասին լինենք, խոսենք, կատակենք, երեխայի գնահատականները նայենք, բարի խորհուրդներ տանք, Լիլիս արդեն սիրունիկ օրիորդ է։

Որակները

Չեմ ուզում սուտ եւ ամպագոռգոռ բաներ ասել, բայց երկուսն էլ հայրենասեր են ու իրենց գործի նվիրյալներ: Տաթեւիկն այսքան երկար տարիներ խաղում է, բայց երբեք չի պատահել, որ իր նկատմամբ որեւէ անարդար բան անեն ու բողոքի. «Բա այդպես էլ է լինում, մամ» կասի: Այդ իմաստով ճիշտ մտածող են, բայց ես մայր եմ, էմոցիոնալ ու ամեն ինչի համար անհանգստացող։

Շուշանիկը շատ տաղանդավոր աղջիկ է, ժամանակին ամբողջ խաղացանկն իր ուսերին էր տանում, հիմա այդքան էլ գնահատված չէ ու քիչ դերեր է ստանում, բայց իրենը գտավ ու սկսեց բեմադրություններ անել: Գուցե ռեժիսորական հնարքներ չի անում, բայց, քանի որ էությամբ դերասանուհի է, իր ներկայացումներում ոչ մի վատ դերակատար չես տեսնի: Երկուսն էլ նաեւ թատերականում են դասավանդում, Տաթեւիկը խոսքի մասնագետ է, իսկ Շուշանը վարպետություն է սովորեցնում: Նաեւ հեռուստատեսությամբ կրկնօրինակում են անում ու նաեւ դրա շնորհիվ իրենց վարպետությունը հղկում:

Արեւ Սանթրոսյանը


Ամեն մարդ էլ կարող է թուլություններ ունենալ, ինչ-որ հարցերի հետ համակերպված ու համաձայն չլինել, կամ պարտադիր չէ, որ միշտ հաղթանակած դուրս գա։ Բոլոր դեպքերում իրենք պայքարում են, եթե չէ՝ ամեն ինչ լուռ տանում, բայց չեն ընկճվում կամ հուսահատվում, դա կարեւոր հատկություն է։ Պատահել է նաեւ, որ դերը լավ չի ստացվել, բայց բոլորովին դրա համար ողբերգություն չեն ապրել, հակառակը՝ պայքարել են ու ավելի լավը դարձել:

Հիմա ավելի շատ իրենք են ինձ խորհուրդներ տալիս: Վերջերս մի քիչ առողջական խնդիր ունեցա, ու չափից ավել ուշադիր էին։ Էլի լացկան եմ, կնստեմ ու կնեղվեմ: «Լավ չեմ, այ բալա», ու արցունքներս սկսում են հոսել: Հանգստացնում են, եթե պետք է, նաեւ մի քիչ ջղայնանում, ու ինձ հավաքում եմ: Ես էլ ճակատագրական պահերին իրենց կողքին եմ, չեմ ասում՝ «մեծ աղջիկներ եք, ինքներդ լուծում գտեք»: Միշտ միասին ենք եղել ու մեկ թիմի պես, հիմա՝ առավել եւս:

Լավագույն գործերը

Տարիներ առաջ Գոռ Մարգարյանը Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրեց «Մեղրի համը», որում Շուշանիկը եւ նրա խաղընկերները փայլուն դերակատարում ունեցան, այն 6 «Արտավազդ» ստացավ: Երբ առաջին անգամ նրան այդ ներկայացման մեջ տեսա, խոստովանեցի. «Շուշան ջան, դու այս ինչ տաղանդավոր ես, բալիկ ջան»։ Նրա ռեժիսորական գործերն էլ եմ հավանում, մեծ երեւակայություն եւ հումոր ունի, հատկապես «Սիրելի Ելենա Սերգեեւնան» ինձ դուր եկավ։

Տաթեւիկն իր դիպլոմային աշխատանքում խաղաց Դավիթ Հակոբյանի բեմադրած «Շխոնց Միրան»-ում: Նա 80 տարեկան Մարերի դերում այնքան լավն էր, հիշեցի ու նորից փշաքաղվեցի: Բոլորն ապշել էին նրա ելույթից, մինչ այդ ինչ-որ հեքիաթում հավիկ, ճուտիկ էր մարմնավորել ու հանկարծ իրեն փայլուն դրսեւորեց գաղթի թեմայով այդ հոգեբանական ծանր դերում: Ապա հրաշալի էր «44 աստիճանի վրա» ներկայացման մեջ, այն հարյուրավոր անգամներ խաղացել են, թեման հուզիչ ու արդիական է:


Վերջին տարիներին էլ Տաթեւիկիս հաջողությունները շատ-շատ են: Կարող է փոքրիկ շտրիխ անել ու անգամ ոչ մեծ դերում անկրկնելի լինել: «Բարկանո՞ւմ ես…»-ը նայելուց հետո իրեն ասացի. «Տաթ, այդ ինչքան միմիկա ունես դեմքիդ, ինչ փառահեղ ներկայացում ու դերակատարումներ են»։ Բացի այն, որ տաղանդավոր է, նաեւ ոչ մի բանի ի միջի այլոց չի մոտենում։

Երբ Շուշանը փայլուն գնահատականներով ընդունվեց թատերական, Տաթեւը կանգնում էր հայելու առաջ ու փորձում։ «Տաթեւ ջան, չնեղանաս, բայց դու շնորհք չունես, ազիզ, դու չես ընդունվի»,- մի անգամ ասացի նրան: Բայց նա չհանձնվեց, դուռը փակում էր ու հայելու առաջ անընդհատ փորձում: Սոս Սարգսյանը հիացել էր նրա ձիրքով ու ինձ միշտ հարցնում էր. «Այ աղջի, ո՞նց ես էդ էրեխուն բերել»։

Բեմում տեսնելիս

Բեմում նրանց նայելիս հպարտություն եմ զգում եւ բերանս չի փակվում։ Համոզված եմ՝ եթե իմ աղջիկները բեմում են, ուրեմն՝ հրաշալի են խաղում: Այնպես չէ, որ որպես մայր եմ ասում, հանդիսատեսն էլ դա գիտի։ Դավիթ Հարությունյանը մեզ մոտ բեմադրեց «Կատուն շիկացած տանիքին» ներկայացումը, որում Շուշանը փոքր դեր ուներ, բայց նրան երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար «Արտավազդ-ի ներկայացրին: Երկուսն էլ բեմում այնքան խելացի են, որ կարողանում են դերը ճիշտ տանել ու մեկնաբանել։ Փառք Աստծո, ձայն ու տվյալներ ունեն, մի քիչ բոյն է  պակասում: Մեկ-մեկ կատակով ասում էի. «Էհ, 5 սմ, որ բոյ ունենայի, այս աշխարհը կքանդեի»։

Հոբբիները

Շուշանը միտ էլ շատ լավ գրիչ է ունեցել ու ստեղծագործել է, մի պահ նույնիսկ սերիալի սցենար էր գրում, բայց հետո թողեց։ Բանաստեղծություններ էլ ունի, մեկ-մեկ խնդրում ենք. «Շուշ, մի քանի տող գրի էլի, լավ է ստացվում»։ Իսկ Տաթեւիկի  ամենասիրելի զբաղմունքը մաքրություն անելն է, պարզապես հրաշալի է մաքրում, տունը միշտ կոկիկ է, ամեն ինչ տեղը տեղին։ Վերջերս սկսել է նաեւ խմորեղեն թխել ու հետաքրքիր աղցաններ պատրաստել: Մանավանդ որ թոռնիկս՝ Լիլին գալիս է, սկսում են միասին ստեղծագործել ու լավ էլ ստացվում է:

Տաթեւը նաեւ շատ է կարդում ու պիեսներ ընտրում։ Իր թատրոնի աշխատողներն ու ղեկավարները տարբեր հարցերի շուրջ նրանից խորհուրդներ են հարցնում, նաեւ իրենից ճշտում՝ արդյոք կցանկանա՞ որեւէ դեր մարմնավորել, ինչն ինձ շատ է դուր գալիս։

Արեւ Սանթրոսյանը


Մինչեւ հիմա էլ շարունակում եմ իրենից սովորել, ամեն ինչ անում են, որ այդքան արագ պանիկայի մեջ չընկնեմ ու այդքան էմոցիոնալ չլինեմ: Երբ դեռ ուսանող էին ու ձեռքի հեռախոսները չկային, հաճախ էին ուշանում՝ առավոտյան դասի էին, ապա գնում էին փորձերի: Փոխանակ տանը հեռախոսի մոտ նստեի, դրսում էի նրանց սպասում: Հենց զանգում էին ու հեռախոսը վերցնող չէր լինում, շտապում էին տուն, որ չանհանգստանամ:

Ցանկությունը

Աստծուց շնորհակալ ու գոհ եմ, որ ինձ երկու չքնաղ դուստր է պարգեւել, կայացել են իրենց մասնագիտության մեջ, ճիշտ, լավ, զարգացած ու կարդացած մարդիկ են: Թող երկար ապրեմն, ես էլ ինչով կկարողանամ, կօգնեմ նրանց։

Այնքան չեմ սիրում, որ երեխաներս ինչ-որ բանից տխրում են։ Ուզում եմ որեւէ խոչընդոտի, անիրավության կամ անարդարության չհանդիպեն, երջանիկ լինեն, նպատակներն իրականացնեն ու այդպես լավ մարդիկ էլ մնան:

Արեւ Սանթրոսյանը


Առանց Տաթեւիկի որեւէ մեկս ոչինչ չենք կարող անել, ոչ թե իշխում է, այլ իր ներկայությամբ մեզ լցնում։ Վերջերս ճնշումս խախտվել էր, նույնիսկ շտապօգնություն էի կանչել, «Լակոտի» փորձերն էին, զանգեցի թատրոն ու ասացի. «Տաթեւ ջան, այնքան վատ եմ, մեռնում եմ, հասի»: Խնդրել է ու 15 րոպեով դուրս եկել փորձից. «Գնամ, հասնեմ, մաման մինչեւ ինձ չտեսնի, ճնշումը չի իջնելու»: Վրաս էլ  ջղայնացավ. «Այ մամա, աղջկադ կանչեիր՝ Շուշանին», «Դե, ինքը զբաղված է», պատասխանեցի:

«Ուրեմն ես զբաղված չեմ, բեմում այդքան մարդու սպասեցնել եմ տվել ու եկել»: Լուրջ եմ ասում՝ իրեն տեսա ու միանգամից հանգստացա, իր էներգիայից ու հանգստությունից է:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի եւ Արեւ Սանթրոոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW