32 տարեկանում Լիանա Վանոյանը հաշտ է այն ամենի հետ, ինչ կյանքն այս փուլում տվել է իրեն։ Օրեր առաջ «Ինստագրամ»-ում իր ծննդյան մասին գրառման միջոցով դերասանուհին անկեղծացել էր, որ սա իր կյանքի դեռ շարունակվող պատմությունն է, ու ինքն իսկապես երջանիկ մարդ է։
BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է իր պատմության ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների, ամենամեծ երազանքի, սիրո և ուժեղ լինելու մասին։
Կյանքի մարտահրավերներն ընդունել է պետք
Մարդիկ հաշտ են, երբ ավել սպասումներ այլ մարդկանցից չունեն, ինքնաբավ են։ Գտել են իրենց երջանկությունն իրենց մեջ։ Իմ կյանքի պատմությունը միշտ շատ հետաքրքիր է եղել․ տարատեսակ երևույթներով, հաղթանակներով, ձեռքբերումներով, կորուստներով, հիասթափություններով։ Պատմության բնույթը կյանքն է թելադրում, իսկ ինձանից պահանջվում է այդ մարտահրավերներն ընդունել։
Ժամանակը, Աստված ու մարդը լավագույն կոմբինացիան են
Ամենամեծ երազանքս մարդկանց նկատմամբ հավատս վերականգնել է, որովհետև այդ ճանապարհին ամենամեծ կորուստը դա է եղել, կորուստներից հետո հավատը չի ստացվում վերականգնել։ Իմ լսարանի սերն ու ուշադրությունը կողքիս է, բայց լսարանից թաքուն պահում եմ հոգուս փոքր ու նուրբ կետերը․ դա իմն է, այդտեղ ոչ ոք ինձ չի կարող օգնել՝ միայն ես և Աստված։ Ինձ լսարանն ուժ է տալիս, բայց լուծում՝ երբեք։ Լուծումներն ինքս իմ մեջ պետք է փորձեմ գտնել։ Կարծում եմ՝ ժամանակը, Աստված ու մարդը լավագույն կոմբինացիան են կյանքի ուղիները ճիշտ հասկանալու ու ապրելու համար։
Փոքր ու մեծ Լիանաներն, տված խոստումը
Այն Լիանան, որը ներկայանում է, ավելի մասսայական է բոլորի համար, զգացողությունների ու զգացմունքների փորձով արդեն անցած է։ Փոքր Լիանան, որին ես ամենաշատն եմ սիրում ու որն ամենաթանկն է ինձ համար, բոլորի համար չէ, միայն ուժեղ մարդիկ կարող են ընդունել ու սիրել այդ Լիանային։ Ես անդավաճան եմ մնում իրեն, քանի որ իրեն տվածս խոստումը պետք է կատարեմ․ ինքը շատ երջանիկ պետք է լինի։Այդ հարցում իրեն օգնում է մեծ Լիանան, բայց իրենք շատ տարբեր են։
32 տարի անդավաճան սպասում եմ
Ձևավորված Լիանան բավականին ուժեղ է՝ ավելի կայուն, զգոն ու կտրուկ։ Փոքր Լիանան համբերատար է ու արդեն 32 տարի կլինի, ինչ անդավաճան սպասում է իր նմանին գտնելուն։ Ես իմ կյանքի յուրաքանչյուր հատվածում գնահատում եմ ու կգնահատեմ ազնվությունը․ դա աշխարհի ամենամեծ ճոխությունն է, որ մարդ կարող է իրեն թույլ տալ։ Երբ մարդն ազնիվ է, հնարավորություն ունի ինձ հետաքրքիր լինելու։ Մաղթում եմ ինձ, որ իմ կյանքում հայտնվի շատ ազնիվ, կայուն, պինդ, որակյալ, պատասխանատու ու հումորով, բարի տղամարդ։
Ամենամեծ թերությունն ու մեղքի զգացումը
Ես շատ դեմ եմ նոր ընկերությունների, որովհետև իմ կյանքում իմ ընկերներն այնքան բավարար են ու ես այնքան երջանիկ եմ իրենց ներկայությունից ու ուրախ, որ հենց իրենք են իմ ընկեները։ Կողմ եմ բոլոր տեսակի շփումներին լավ մարդկանց հետ, բայց ամենամեծ թերությունս համարում եմ շատ արագ վստահելու ունակությունը։ Ամենամեծ մեղքի զգացումը, որ ունեմ իմ Լիանայի նկատմամբ, այն է, որ ես իմ ներսով եմ մարդկանց չափում, բայց հետո միշտ պարզվում է, որ սխալվել եմ ու ցավացնում եմ իմ Լիանային, իսկ մյուս Լիանան արդեն սովոր է։
Կանգ առնելը նշանակում է դադարել ապրել
Յուրաքանչյուր քայլի քեզ պետք է մղի երջանկության սպասումը․ երջանկությունն անձնական կամ ընտանեկան, տղամարդու հետ կապ չունեցող է։ Երջանկությունն ինքնաբավ լինելն է․ եթե չկան տխուր օրեր, չես նկատի ուրախները, եթե չկա ցավ, չես նկատի ցավի բացակայությունը։ Կարծում եմ, բավականին ուժեղ մարդ եմ, ու ինչքան էլ ցավոտ լինի, չեմ կանգնում։ Թող մեծամիտ չհնչի, երբևիցե չգիտեմ, թե ինչ մարտահրավեր կգա հաջորդը, բայց այն, ինչ գալիս է, գալիս է Աստծու օրհնությամբ։
Մի՛ վախեցիր․ ամենաշատ օգտագործվող նախադասությունը
Աստվածաշնչում 365 անգամ գրված է՝ մի՛ վախեցիր։ Սարսափում եմ այն մտքից, որ կարող եմ մի օր վախենալ, որովհետև վախն իր հետ կբերի մնացած չարիքները։ Ես չեմ վախենում, գիտեմ՝ յուրաքանչյուր իրավիճակից ելք կա։ Պատրաստ եմ յուրաքանչյուր տեսակի անկման, թռիչքի, հիասթափության ու կորստի։ Չեմ հավատում հիմա, որ այսպես եմ խոսում, քանի որ այդ գիտակցումը նոր է ինձ մոտ եկել, ես ամեն բան ընդունում եմ շատ հանգիստ։
Ամենահետաքրքիրն ու հարաբերական անդորրը
Իմ կյանքում մեկը մյուսի հետևից գալիս են դասեր, որ ես կարողանամ անցնել դրանք։ Հիմա նաև հարաբերական անդորր է։ Ինչո՞ւ։ Որովհետև պահի տակ պայթյունավտանգ եմ, անհասկանալի, դեպրեսիվ, ուրախ։ Ոչ մի նեգատիվ կամ պոզիտիվ բան այս արագության տակ իմ կյանքում տեղի չի ունեցել։
Տխուր ու ծանր պահերին օգնողը
Այս պահին իմ գործունեությունը գործնական առումով մեծ մասամբ կապ ունի «Ինստագրամ»-ի հետ։ Դա իր վատ կողմն էլ ունի․ անդադար կախվածությունը մեդիայից բերում է նրան, որ կորցնում ենք իրականության զգացողությունը։ Իմ աշխատանքը շատ եմ սիրում, կերպարներն էլ հասարակությունն ինքն է թելադրում։ Աշխատանքս ամենատխուր ու ծանր պահերին օգնում է դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակից և փախչել իմ այն աշխարհը, որտեղ ազատ եմ ու կարող եմ հորինել։ Միգուցե դրան պաշտպանական ռեակցիա են անվանում։
Կյանքում ավելի կարևոր բաներ կան
Եթե ինչ-որ օգտատերերի համար իմ նախկին քաշը կարող էր ուրախ ու պոզիտիվ թվալ, դա արդեն իրենց անձնական խնդիրն է։ Ես գիտեմ՝ դա ինչի համար եմ արել․ կյանքի որակի բարձրացման, առողջ լինելու։ Կյանքում ավելի կարևոր բաներ կան, քան օտար մարդկանց կարծիքները, իհարկե՝ ոչ օբյեկտիվ։ Ընդհանրապես շատ ուշադիր եմ, թե ինչ են գրում հետևորդները։ Շատ հաճախ լավ խորհուրդներ են տալիս, բայց անիմաստ է իմ փոխարեն որոշումներ կայացնել ու քննարկել այն ամենը, ինչն իմ կյանքում է։
Միակ բանը, որ կյանքում կփոխվեր
Ավելի շուտ Աստծու նկատմամբ գիտակցությունս հասուն լիներ։ Ցավում եմ, որ տարիներ եմ կորցրել առանց գիտակցելու Աստծու հզորությունը։ Ոչինչ չէի փոխի, տխուր բաներ չէի հանի, ուրախները չէի ավելացնի, իսկ գործունեությանս մեջ կուզեի ինչ-որ նոր բաներով զբաղվել, որ չհոգնեմ ու չհոգնեցնեմ։
Մերի Խաչատրյան
Լուսանկարները՝ Լիանա Վանոյանի ինստագրամյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: