×


Սարգիս Արզումանյանը հրաժարվել է իր «Արտավազդ»-ից եւ կոչ արել պայքարել անարդարության դեմ

Մարտի 27-ն ամբողջ աշխարհում համարվում է Թատրոնի միջազգային օրը։ Հայաստանում ամեն տարի այս օրը տեղի է ունենում «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, եւ մեկ տարվա ընթացքում աչքի ընկած լավագույն թատերական գործիչները ստանում են իրենց մրցանակները:
 
«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը հանդես է եկել հայտարարությամբ եւ հրաժարվել 2018 թվականին Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ներկայացման համար իր ստացած «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» տիտղոսից: Նա մարտի 27-ը Հայաստանում լռության եւ ամոթի օր է հայտարարել:

«Այդ ժամանակ մրցանակն ինձ համար մեծ նշանակություն ուներ՝ որպես տարիների աշխատանքի ճանաչման նշան, բայց այսօր ես հրաժարվում եմ այդ մրցանակից: Հրաժարվում եմ, որովհետեւ այն այլեւս իմ արժեքները չի արտացոլում։ Հրաժարվում եմ, որովհետեւ Հայաստանի թատերական դաշտն այսօր լռում է այն նույն անարդարության ու բռնության առջեւ, որը նկարագրել էր Օրուելը «Անասնաֆերմա»-ում։ Լռեցին, երբ «Գոյ» թատրոնի դռները փակեցին, երբ թատրոնի պատերից պոկեցին մեր պատմությունը, երբ հեռացրին նստատեղերը, որ հանդիսատեսն այլեւս չվերադառնա, երբ մշակույթը վերածեցին վերահսկվող մեխանիզմի՝ հարմարեցված իշխանության ցանկություններին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։


Արզումանյանն ընդգծել է, որ Թատրոնի միջազգային օրը նշել չի կարող այն դեպքում, Հայաստանում թատրոնը լռեցվում է, արվեստագետները լռում են, իսկ անարդարությունը՝ հաղթում։
 
«Ես հրաժարվում եմ այս մրցանակից` որպես բողոքի նշան։ Եվ կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր դեռեւս իրենց համարում են ազատ արվեստագետներ, կանգնել արդարության կողքին։ Ովքեր հասկանում են, որ մշակույթը չեն փակում, չեն ջնջում, չեն ոչնչացնում։ Ովքեր համաձայն չեն «Գոյ» թատրոնի հանդեպ իրականացված հանցագործության հետ։ Ովքեր այլեւս չեն կարող լռել։ Եթե դուք իսկապես համարում եք, որ տեղի ունեցածը անարդարություն է, ապա միացեք այս բողոքին։ Թող Թատրոնի միջազգային օրը դառնա ոչ թե լռության, այլ ճշմարտության ու արդարության վերականգնման օր։ Հրաժարվեք մրցանակներից ու փառքից, որոնք ստվերված են անարդարության ու կեղծիքի լռությամբ։ Թատրոնը պետք է մնա ազատ։ Եվ եթե մենք լռենք, ապա կդառնանք մեր մշակույթի ոչնչացման մեղսակիցները»,-
ավելացրել է ռեժիսորը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW