×


Բալետի բացառիկ երեկո Դալմայում՝ կանանց միամսյակի կապակցությամբ

«Դալմա Գարդեն Մոլ»-ը գեղեցիկ նախաձեռնությամբ է հանդես եկել՝ կազմակերպելով նորաձեւության, շոփինգի եւ բարձր մշակույթի յուրօրինակ հանդիպում: Կանանց միամսյակի առիթով այսօր՝ ապրիլի 5-ին, բալետային ներկայացումների երեկո էր կազմակերպվել մոլի այցելուների համար, եւ մեկ բեմադրությամբ ներկայացվեցին «Կարմեն», «Կարապի լիճ» եւ «Դիմակահանդես» ստեղծագործություններից հատվածներ։ Գնումների եկած մարդկանց համար սա իսկական անակնկալ էր, շատերն էլ հատուկ այս առիթով էին «Դալմա»-ում։


Այս ձեւաչափով բալետային ներկայացում առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ են աշխատել՝ մոտ 30 րոպեանոց բեմադրություն ունենալու համար։ Նշենք, որ սա «Դալմա Գարդեն Մոլ»-ի առաջին փորձը չէ մշակութային ինքնատիպ միջոցառումներ կազմակերպելու։ 


«Դալմա Գարդեն Մոլ»-ի ներքին եւ արտաքին կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Չաքարյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց, որ գաղափարը դեռ մեկուկես տարի առաջ էր ծնվել․ «2023 թ.-ի աշնանն աշխատում էինք «Դալմա» ամսագրի առաջին թողարկման վրա եւ միտք ունեինք ֆոտոշարքերից մեկը նկարել Օպերայի եւ բալետի թատրոնի շենքում՝ համադրելով արվեստը նորաձեւության հետ։ Այդ առիթով հանդիպեցի մաեստրո Կարեն Դուրգարյանի հետ, եւ սկիզբ դրվեց մեր երկարատեւ ու սերտ համագործակցությանը, որի նպատակն է մեր մեծ լսարանին առավել մոտեցնել բարձր արվեստին ու մշակույթին»։

Մարիամ Չաքարյանը


Մարիամ Չաքարյանը նկատեց, որ «Դալմա Գարդեն Մոլը» վերջին տարիներին դարձել է մի տարածք, որտեղ գնումները միահյուսվում են արվեստի հետ։ Իրենք պարբերաբար հանդես են գալիս մշակութային տարբեր նախաձեռնություններով՝ հրավիրելով երգչախմբերի, ջազային բենդերի եւ այլ արտիստների․ «Օրինակ՝ 2023 թ․-ի աշնանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կազմակերպեցինք մեծ ֆլեշմոբ։ Մեկ այլ հիշարժան նախաձեռնություն էր, երբ նախորդ ամիս՝ մարտի 8-ին, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստներն անսպասելի դուրս եկան տարբեր խանութներից ու սկսեցին երգել, իսկ վերջում՝ ծաղիկներ բաժանել «Երեւանի սիրուն աղջիկ» երգի ներքո»։


Չաքարյանն անկեղծանում է, որ հեշտ չի եղել նման մեծածավալ ու տեխնիկապես բարդ ներկայացում բեմադրել մոլի տարածքում, բայց ցանկության ու մեծ ոգեւորության դեպքում անհնար էլ չէ․ «Ծրագիրը պետք է կազմվեր այնպես, որ շատ երկար չտեւեր, քանի որ մարդիկ կանգնած էին դիտելու, բայց կարճ էլ չլիներ, քանի որ շատերը մեծ ակնկալիքներով էին հավաքվելու։ Ուստի որոշեցինք՝ պետք է տեւի 30-40 րոպե։ Հետո եկավ ամենաբարդ պահը՝ ստեղծագործություններն ընտրելը։ Պետք էր ընտրել այնպիսիք, որ ընթացքում արտիստները հասցնեին զգեստափոխվել՝ առանց կուլիսների ու համապատասխան հարմարությունների։ Այս մասով շատ ենք գնահատում թատրոնի ողջ թիմի ճկունությունը։ Մեզ համար իսկապես մեծ պատիվ է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համագործակցությունը»։


Բալետային երեկոյին ներկա մարդիկ, վստահաբար, դեռ շատ երկար կհիշեն այն զգացողությունները, որ ունեցան ներկայացումը դիտելիս։ Հատկապես երբ այդքան մոտ ես իրադարձություններին, կարծես ինքդ էլ բեմադրության մի մաս լինես, գործող անձանցից մեկը, առանց որի ներկայացումն ամբողջական չէր լինի։ Նախաձեռնության հեղինակներն ասում են, որ մշակութային նման անակնկալներ առաջիկայում դեռ շատ են լինելու։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW