×


«Էս էլ ես եմ». Կոմիտասի կյանքի փուլերը՝ երաժշտության, շարժման եւ խոսքի միջոցով

Վարդապետի մասին շատ արվեստագետներ են խոսում տարբեր եղանակներով, եւ այդ շարքում իր ուրույն տեղը գտավ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի «Կոմիտաս. Էս էլ ես եմ» երաժշտական, պարային դրաման, որի առաջնախաղը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում էր:

«Մեր թատրոնի պատմության մեջ սա եզակի դեպք է՝ փաստացի համերգ է, որը համեմված է ներկայացմամբ։ Երաժշտությունը կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանը գրել է՝ ոգեշնչված Կոմիտասի երաժշտությամբ: Յուրահատուկ համագործակցություն է ստացվել, եւ հույս ունենք, որ այս ներկայացումը կշարունակի բեմ բարձրանալ: Մենք կարող ենք ներկայանալ Հայաստանի եւ արտերկրի տարբեր բեմերում»,- նշել է Մնջախաղի թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանը։


Վարդապետի դերակատարը եւ խորեոգրաֆիայի հեղինակը Կարեն Խաչատրյանն է։ Նա բեմում լուռ էր՝ իր դիմախաղով եւ մարմնի ճկունությամբ։ Ներկայացման ռեժիսորը Արսեն Խաչատրյանն է, նրա խոսքով՝ հասարակությանը լուսավոր Կոմիտասի են ցույց տալիս:


«Ուլիխանյանը գրեց երաժշտությունը, հետո էլ ինձ առաջարկեց այն դարձնել ներկայացում։ Մեկուկես տարի առաջ էր, որ սկսեցինք առաջին աշխատանքները։ Բավական դադարներ ունեցանք, բայց վերջին շրջանում նորից համախմբվեցինք ու հասցրինք ներկայացումն իր հանգուցալուծմանը։ Ձեւաչափն ինքն իրենով արդեն կար. պետք է հարգեի ամեն մի նոտան, երաժշտական պատկերը: Ամենաբարդն այն էր, որ պետք է կարողանայինք լինել երաժշտության, պատմության եւ Կոմիտասի իրականության մեջ։ Հանդիսատեսը կտեսնի ոչ թե նոր Կոմիտասի, այլ՝ մեր վերաբերմունքը, որը փորձել ենք հղկել»,-նշել է ռեժիսորը։


Հետազոտողի դերում հանդես եկող Մինաս Ասրյանը ներկայացումն ամբողջացնում է իր ձայնով. «Կերպարս Կոմիտասի կյանքը հատված առ հատված անցնում է։ Ճանապարհը նրա հետ անցնելով, կարծես, տարվում է դրանով։ Քանի որ նման կերպար չի եղել պատմության մեջ, ռեժիսորի հետ լրջորեն էինք մոտեցել խնդրին: Կարդում եմ Կոմիտասի գրվածքները, մի նամակագրություն եւ Պարույր Սեւակի բանաստեղծություններից մի քանիսը: Այսպիսի ներկայացում երբեւէ չէի ունեցել»։


«Կոմիտաս. Էս էլ ես եմ»-ը ներկայացնում է Վարդապետի կյանքի վեց փուլերը՝ տեքստի, երաժշտության, շարժման եւ վիզուալ պատկերների միջոցով։ Վիդեո եւ անիմացիա՝ Արթուր Բաբլոյանի, նկարիչ՝ Ալինա Ալեքսանյան, դաշնակահարուհին Լիլիթ Զաքարյան է, կլարնետով հանդես է գալիս Մարտին Ուլիխանյանը:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW