Հայաստանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններն ու ռեժիսորները երեկ բողոքի ակցիա են իրականացրել Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ 3 ամիս աշխատավարձ չստանալու համար: Թատրոնն այսօր էլ խնդրի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում:
«Հաշվի առնելով, որ շուրջ 6 տարի Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող սուբսիդիայի պայմանագիրը կնքվել է անխոչընդոտ, ուստի ակնհայտ է եւ պարզ, որ 2025 թվականի՝ քաղաքապետարանի կողմից առաջարկվող սուբսիդիայի պայմանագրի դրույթների հետ կապված թատրոնն ունի որոշակի դիտարկումների ու ճշգրտումների կարիք, քանի որ առկա է փոփոխություն։ Թատրոնի ղեկավար կազմը փորձել է ստանալ որոշակի ճշգրտումներ, պարզաբանումներ, սակայն ապարդյուն»,- նշված է թատրոնի հաղորդագրությունում:
2 ամիս շարունակ, խնդիրը բարձրաձայնելուն զուգահեռ՝ թատրոնի տնօրինությունն իր աշխատակիցներին ապահովել է աշխատավարձով. «Թեպետ ունենալով առարկություններ՝ մարտի 18-ին թատրոնի տնօրենն ի վերջո ստորագրեց քաղաքապետարանի կողմից տրամադրված սուբսիդիայի պայմանագիրը՝ այսկերպ ապահովելով թատրոնի բնականոն գործունեությունը եւ աշխատակիցներին չներգրավելով եւ չծանրաբեռնելով ադմինիստրատիվ աշխատանքներում։ Ստորագրումից մինչ այսօր թատրոնին չի տրամադրվել պայմանագրով սահմանված ֆինանսավորումը, որտեղից էլ պետք է փոխանցվեր նաեւ աշխատակիցների աշխատավարձը»։
Չնայած դրան՝ ստեղծագործական աշխատանքը չի խաթարվել, նշում են այս տարի իրենց հիմնադրման 95-ամյակը նշող Պատանի հանդիսատեսի թատրոնից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: