Կան նրբություններ, որոնք հատուկ են հենց երգիչներին, ասենք՝ ձայնը կոնյակով բացելը, կամ էլ մի բանան ուտել՝ կոկորդը փափկացնելու համար։ Համերգից մեկ շաբաթ առաջ Հասմիկ Կարապետյանը վատառողջ էր, ձայնն էր կորել, բայց ինչպես ինքն է ասում՝ լուսավոր ուժերն իր կողմից էին։
«Կյանք, ասա․․․» խորագրով երեկոյի համար ընտրել էր Երգի պետական թատրոնը. «Ինձ համար հաճելի եւ միաժամանակ պատասխանատու իրադարձություն է այստեղ ելույթ ունենալը, քանի որ երկար տարիներ այստեղ անցել են իմ ստեղծագործական կյանքի ամենակարեւոր, երջանիկ, ուրախ տարիները»:
Մի բան եւս կար, որ իրեն պարտավորեցնում էր՝ Արթուր Գրիգորիչի ներկայությունն այնտեղ զգալը. «Գուցե տարօրինակ թվա, բայց այն, ինչ ես զգում եմ, զգում եմ»:
Թեեւ այժմ այնքան էլ ակտիվ չի ստեղծագործում, որքան նախկինում, տոմսերը շատ արագ են սպառվել՝ հաճելիորեն անակնկալի բերելով երգչուհուն. «Սպասված զգալը շատ հաճելի է, յուրաքանչյուր արտիստ, ով շուրջ 30 տարի բեմում է, կվկայի այդ մասին։ Կարծում եմ՝ շարունակական կլինեն համերգները հենց Երգի թատրոնում: Երգել եմ այնպիսի վայրերում, որտեղ հնարավորություն կա նաեւ սնվելու, սակայն ինձ ավելի հաճելի է, երբ հանդիսատեսը գալիս է հենց քեզ լսելու»։
Հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց նաեւ նրա եւ Շուշան Պետրոսյանի զուգերգը: Հայաստանի վաստակավոր արտիստը սոլո կատարմամբ էլ հանդես եկավ:
Ելույթները համեմված էին նաեւ այլ արտիստների երգերով. Իվետա Մուկուչյանի «Սիրահարվել եմ», Էմմիի «Սիրելով հեռանում եմ» երգերը Կարապետյանը ներկայացրեց յուրովի: Սրանք այն երգերն են, որ մինչեւ հիմա Հասմիկի սրտում ու երգացանկում են. «Երգեր կան, որ չեմ կարողանում հանել երգացանկիցս, երգելիս զգում եմ՝ կարծես ես եմ գրել դրանք: Այդպես քիչ է պատահում, կարելի է ասել՝ որդեգրել եմ այս երեխաներին»։
Մթնոլորտը ջերմ ու գերզգայուն էր. Հասմիկ Կարապետյանի ձայնը, ինչպես նաեւ նրա հին ու նոր երգերը, նոստալգիկ դրվագներով էին լցնում ունկնդրին։ Ելույթի վերջում՝ հրաժեշտ տալիս, երգչուհին ասաց՝ անչափ սիրում է կյանքը եւ միշտ էլ սիրելու է:
Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: