×


«Տարակուսած եմ, թե ինչու այլեւս չի լինելու նման կուրս». Թատերականի բեմում փակվող բաժնի ուսանողներն էին

Ներկայացումից առաջ վերջին ձայնավարժություններ, փոքր այն կողմ բեմադրական շտկումներ են կատարվում։ Արդեն բեմում «փնտրում են պիես»։ «Փնտրվում է պիես»` սա հայտարարություն չէ, այլ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երաժշտական-դերասանական 4-րդ կուրսի դիպլոմային աշխատանքի անունը։

Ռեժիսորը, որի դերակատարը Ռաֆայել Թալասյանն է, բեմադրության համար պիես է փնտրում, բայց այնպիսի գործ, որում ներգրավված կլինեն տարբեր կանայք: Զարգացումները տեղի են ունենում հենց ռեժիսորի բնակարանում. նրա կինը դերասանուհի է, դուստրը ցանկանում է շարունակել մայրիկի ուղին։ Գործողությունները շատ հետաքրքիր են զարգանում։ Ներկայացման կարեւոր ատրիբուտը հայելին է, որի առջեւ ժամանակ առ ժամանակ հայտնվում են կանայք ու անկեղծանում։


Նանե Ամիրյանը մարմնավորում է դերասանուհու, որին միշտ խանգարել են կարիերա ստեղծել: Դերասանուհի, որ ժամանակին սիրային կապ է ունեցել ռեժիսորի հետ։ Նա պարբերաբար էր հայելու առաջ հայտնվում, զրուցում նրա հետ. «Այդ հայելին կերպարիս նվիրել էր հենց ռեժիսորը։ Ներկայացումը կնոջ կյանքի տարբեր փուլերի մասին է, նրա վերապրումների, տարիքի հետ կապված փոփոխությունների, իրեն գտնելու ու վերարժեւորելու մասին է»։

Զառա Թորոսյանը ռեժիսորի կնոջն է մարմանվորում։ Ասում է՝ կինն առավել անկեղծ է հենց հայելու առաջ. «Հայելու առաջ կինն ինքն իր հետ անկեղծ է, հուզումնառատ, երբեմն խելակորույս։ Իմ կերպարը 50 տարեկան է, էլ առաջվա երիտասարդ աղջնակը չէ, գեղեցկությունն ինչ-որ չափով կորցրած ու կապ ունի արվեստի հետ»։


Ռեժիսորի դերակատար Ռաֆայել Թալասյանը մեզ հետ զրույցում մեջբերում է Արա Երնջակյանի խոսքերը՝ «Կինը 30 տարեկանից հետո միշտ մնում է 30»:

«Փնտրվում է պիես» մյուզիքլի լիբրետոյի հեղինակը բեմադրիչ Արամ Սուքիասյան է, իսկ երաժշտության հեղինակը՝ Վահե Հայրապետյանը։

«Արամ Սուքիասյանի հետ առաջին անգամ չենք համագործակցում։ Իսկ այս ստեղծագործությունը վաղուց էր գրվել ու դրված էր դարակում։ Արամին առաջարկեցի, գրեց լիբրետոն, ու ներկայացումը բեմ բարձրացավ»,- պատմեց Վահե Հայրապետյանը։


«Սովորաբար, դիպլոմային աշխատանքներ մյուզիքլի ժանրում այդքան շատ չի բեմադրվում, բայց մենք համարձակվեցինք, ավելին՝ դերասանները երգում են կենդանի ձայնով»,- ասաց Արամ Սուքիասյանը։

Ռեժիսորը նշեց՝ ներկայացման անունը պատահական չեն ընտրել, քանի որ իրենք էլ փնտրտուքների մեջ էին. «Այդպես էլ չգտանք այնպիսի պիես, որ կցանկանայինք բեմադրել։ Ճարահատյալ գրեցի ես, դերաբաշխումն էլ եղավ ուսանողների բնույթին ու հոգուն հարազատ։ Այս ներկայացման մեջ դերակատարներին տեսնում ենք մի քանի շերտում՝ դրամատիկան, երգիծական եւ երաժշտական»:


Ի դեպ, Արամ Սուքիասյանը նշեց, որ արդեն հաջորդ ուսումնական տարում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Երաժշտական թատրոնի դերասան» բաժնում այլեւս ընդունելություն չի լինելու:

«Ես չգիտեմ պատճառը, ինքս էլ տարակուսած եմ, թե ինչու այլեւս չի լինելու նման կուրս։ Հույս ունեմ՝ մի բան կշտկվի։ Եթե մենք խոսում ենք մյուզիքլի ժանրն ավելի զանգվածային դարձնելու եւ զարգացնելու մասին, մյուս կողմից էլ Թատերական ինստիտուտն այլեւս կադրեր չի ապահովելու, ապա մենք հերթական զիջումը կունենանք մշակութային դաշտում»,- ասաց ռեժիսորը:

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW