×


Լիլի Էլբակյան. «Լուիզա Ներսիսյանն ինձ վատ բան չի ասել, իրականում հակառակն է»

Դերասանուհի եւ ռեժիսոր Լիլի Էլբակյանը վերջերս նշեց 39-ամյակը։ Նրա այս տարեդարձը տարբերվող էր հյուրերով, քանի որ նրանք «Երկու աստղ»-ի մասնակիցներն էին, տորթի վրա էլ իր եւ «Նեմրա» խմբի վոկալիստ, կիթառահար Վան Եղիազարյանի պատկերով տիկնիկներ էին։ Հենց Վանի հետ է դերասանուհին մասնակցում նախագծին։ BRAVO.am-ի հետ զրույցում Լիլին անկեղծանում է՝ չի փոշմանել, որ մասնակցում է շոուին. հետաքրքիր փորձառություն է։

- Եթերում խոստովանեցիք, որ «Երկու աստղ» նախագծին մասնակցությունը էմոցիոնալ համաձայնություն է եղել։ Ի՞նչ զգացողություններ ունեիք, երբ մրցութային առաջին օրը բեմում էիք ու պետք է երգեիք։ Եվ այդ հույզերը պահպանվե՞լ են:

- Համաձայնեցի՝ չհասկանալով՝ ուր եմ գնում, ինչ եմ անում, որովհետեւ ինձ համարել եմ չերգող մարդ։ Միշտ նվագել եմ կիթառ, երգեր եմ գրել ինքս ինձ համար, նույնիսկ վախեցել եմ, որ ուրիշները լսեն այդ երգերը, բայց միշտ ունեցել եմ երգելու երազանք։ Առաջինն Էդգարի՝ եղբորս երգը երգեցինք. շատ քննադատեցին։ Գուցե արժանիորեն. հուզված էի, երգեցի ոչ այնպես՝ ինչպես փորձին։ Երեք ստացանք, ինչը միջակություն է հիշեցնում: Մտածում էի՝ վատ է, որ մասնակցում եմ, հետո հասկացա՝ պետք է հաղթահարեմ քննադատվելու, մրցելու, համեմատվելու վախը։ Անհաջողությունները մարդու համար են, ասում են՝ եթե լավ դերասան ես ուզում լինել, պետք է ունենաս մի քանի անհաջողություն։


Բարդ է, քանի որ քեզ գնահատում են, քվեարկում են, համեմատում։ Այդ առումով նաեւ, կարծես, խոցելի ես։ Իհարկե, ես երգիչ չեմ ու պարտավոր չեմ լավ երգել, գուցե կարծրատիպ կա, որ դերասանները պետք է լավ երգեն, բայց մեր մասնագիտության մեջ երգելն այդքան էլ պետք չէ։ Թատերականում էլ երգեցողություն չեմ անցել, որովհետեւ ռեժիսորական բաժնում եմ սովորել։

- Վանի հետ համագործակցությունն ինչպիսի՞ն է։ Նշել եք՝ «յուրահատուկ բան կա, որը ոչ մի զույգ չունի»։ Ինչի՞ մասին է խոսքը:

- Այն է, որ մրցութային չենք։ Երկուսս էլ կայացած անձնավորություններ ենք, փորձում ենք շոուի կանոնների մեջ լինել։ Քննադատություն հնչեց, որ առանձնանում ենք, բայց դա գուցե առավելություն է, որովհետեւ ամեն մարդ իր տեսակն ունի։ Հաճելի է, որ ինքն է իմ զույգը։ Տարբերվող ու շատ տաղանդավոր երգիչ է։ Ուրախ եմ իր հետ համագործակցելու համար։



- Վանը նշեց, որ երկու տարի առաջ է լսել «Բացվիր, երկինք» երգը, որը կատարեցիք նախագծի առաջին թողարկմանը։ Առաջարկել է տեսահոլովակ նկարահանել, այդ ժամանակ չեք համաձայնել, հիմա ի՞նչ եք մտածում այդ առիթով:  

- Տեսահոլովակի գուցե պետք է սպասել, մտածում ենք դրա մասին։ Նախագիծն ավարտվի, հետո գուցե ազատ ժամանակ ունենանք։ Այդպես երգը կապրի ու կկպնի մարդկանց սրտերին՝ ինչպես էդգարն է գրել այդ խոսքերը։ Եղբայրս 30-ից ավելի երգ ունի, կուզեի, որ դրանք ապրեն, շարունակեն իրենց կյանքը։ Ես հավատում եմ, որ քանի դեռ մենք իրեն հիշում ենք, սիրում ենք, երգում ենք երգերը կամ բեմադրում իր գրած ստեղծագործությունները, ինքը նաեւ դրանցում է ապրում։ Մի օր մենք նաեւ երկնքում կհանդիպենք։

- Ասում եք՝ ուրախ եք հաղթահարել նոր մարտահրավերը:

- Այո: Գուցե սա ինձ ուժեղ դարձնի։ Մենք էլ գիտենք մեր թերությունները, պարտադիր չէ տարբեր հարթակներում դրանք շատ մատնանշել, որովհետեւ եթե ես թույլ մարդ լինեի, հաստատ կկոտրվեի։ Կուզեի, որ ավելի հանդորժող լինենք, չարությունը կարող է վատ հետեւանքներ ունենալ մարդկության համար։ Մի կին հրաշալի մեկնաբանություն էր գրել․ «Իրենք երջանիկ են, ամուսնանում են, երգում են, ստեղծագործում են, իսկ դուք տանը նստած նրանց քննադատում եք․ հիմա ո՞վ է դժբախտը»։



- Նշում եք՝ երգել չգիտեք, իսկ երաժշտությունը, ռոքն ու Լիլին ինչպե՞ս են ընդունում միմյանց։

- Շատ փոքր տարիքում ռոք խումբ ունեինք չորս աղջիկներով, «Բիթլզ» էինք երգում, եղբորս, իմ գրած երգերը։ Ռոքն ինձ համար դժվար է, բայց ես ռոքի սիրահար աղջիկ եմ, փորձում եմ ինչ-որ ձեւով փոխանցել ճաշակը, ոչ թե ռոքի տնազը (ժպտում է)։

- Նախագծի երկրորդ թողարկմանը ժյուրիի անդամ Լուիզա Ներսիսյանն ասաց՝ «շատ լիլիականը չի ընդունվում»։ Շատերը միտքը չեն հասկացել՝ հումո՞ր էր։

- Իհարկե։ Լուիզայի հետ 10 տարի նույն բեմում ենք եղել, շատ սիրում եմ իրեն, ինչպես նաեւ ժյուրիի մյուս անդամներին։ Շատ են ասում՝ Լուիզան ինձ վատ բան է ասել, բայց իրականում լավ բան է ասել։ Ես ուրախ եմ դրա համար, որովհետեւ դա իմն է, այն գույնն է, որն ինձ տարբերում է մյուսներից։ Եթե նույնիսկ երգելու տաղանդ չունեմ, փորձում եմ իմ տեսակը ներկայացնել հանդիսատեսին։

- Հիմա կյանքի ի՞նչ փուլում եք։

- Վախն ու երազանքը հաղթահարելու փուլ է։ Չեմ ցանկանա դրան անդրադառնալ, բայց եթե խոսենք նախագծի մասին, ապա անցնում եմ վախի, քննադատվելու փուլը։ Շատ մեծ տարիքում եմ անցնում, բայց երեւի, պետք է անցնեի։ Կյանքում ամեն ինչ պետք է անցնես։ Պատվով եմ դուրս գալիս, թե՝ ոչ, կասի հանդիսատեսը, բայց ինձ համար այս ամենը մեծ, նոր աշխարհ է, որտեղ ես ինձ վատ չեմ զգում։


- Այս շրջանում ի՞նչ եք սովորել բաց թողնել, ինչի՞ հետ համակերպվել ու ընդունել:

- Բարդ հարց է, ներկայիս Լիլին շատ բան է սովորել բաց թողնել։ Այն ամենը, այն անձին, որը քեզ չի գնահատում, չի հասկանում՝ ինչի համար ես պետք իրեն, ես սիրով բաց եմ թողնում։ Չեմ կառչում էլ ոչ մեկից, որովհետեւ սովորել եմ ապրել այսօրվա օրով, երկնքի թռչունների նման։ Սովորել եմ ընդունել կյանքի ծանր եւ բարդ օրերը։ Նույնիսկ մեծ տարիքում, երբ մտածում ես՝ ամեն ինչ անցել ես, մեկ էլ՝ հոպ, փորձություն է տրվում։ Փորձում եմ ընդունել այդ դասերը, պատվով դուրս գալ, որ իմ ապրած կյանքը նախ ես հավանեմ, չվախենամ հետ նայել ու ասել՝ վա՜յ, սխալվեցի։

- Հիասթափեցնել, հիասթափվել. ո՞րն է ավելի վախեցնող։

- Մայրիկս ասում է՝ մի հիացիր, որ չհիասթափվես, եւ ում էլ հիասթափեցնում եմ, միշտ ասում եմ՝ մի հիացեք ինձնով, որ չհիասթափվեք: Երկուսն էլ լավ երեւույթ չեն։ Պետք է մարդուն ընդունել այնպես, ինչպես կա, գուցե չհամաձայնել ինչ-որ բաների հետ, բայց իրականում ո՛չ հիանալը, ո՛չ հիացնելը իմ ոճի մեջ չեն։

- Ինչո՞վ են իրարից տարբերվում դերասանուհի ու ռեժիսոր Լիլի Էլբակյանները:

- Դերասանուհին ավելի համարձակ է, ռեժիսորն՝ ավելի հավաք, լուրջ։ Ավելի շատ է խորանում ինչ-որ բաների մեջ։ Որպես դերասանուհի՝ հաճախ մտածում եմ՝ կան դերեր, որոնք պետք չէր խաղալ, բայց արդեն իմ կենսագրության մեջ կան։

- Հենց հիմա ի՞նչ է Ձեզ պակասում:

- Եթե կենցաղային, ապա շատ բան, բայց եթե հոգեւոր, իսկ հոգեւորն ավելի կարեւոր է, գուցե գտնել մի մարդու, որը լիարժեք ինձ կհասկանա, կկիսի իմ մտահոգություններն ու տեսակետը, կունենա նույն աշխարհայացքը։ Հաճախ ինձ սպիտակ ագռավ եմ զգում շատ տեղերում, դա գուցե լավ է կամ վատ է, բայց դա այս աշխարհին մի քիչ այլ կերպ նայելու ձեւ է։


- 3 կարեւոր բան, որ միշտ հիշեցնում եք Ձեզ։

- Աղոթել. չգիտեմ՝ հիշում եմ, թե հիշեցնում է հոգիս, բայց հավատալ, աղոթել, հուսալ։ Հիշեցնում եմ ինձ երբեմն նայել հայելու մեջ եւ գնահատել ինձ, որովհետեւ շատ եմ սիրում ինձ թերագնահատել։ Երբ ուզում եմ դիմացինիս հանդեպ սխալ վարվել, հիշեցնում եմ՝ «Արա այն ամենը, ինչ կուզեիր քեզ անեն», եւ փորձում եմ այդպես ապրել։

Զրուցեց՝ Մերի Խաչատրյանը
Լուսանկարները՝ Լիլի Էլբակյանի անձնական արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW