Գյումրու Մտորումների թատրոնը «Մայլից մայլա» ներկայացմամբ գալիս է Երեւան: Ելույթը նախատեսված է հունիսի 13-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
1 գործողությամբ զավեշտախաղը բեմադրել է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը: Դերերում են Սամվել Առաքելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վարագ Գեւորգյանը, Հովհաննես Սարգսյանը, Դավիթ Մարդոյանը:
Ներկայացումը ստեղծված է ժամանակակից գրող Լիլիթ Մկրտչյանի «Մայլից մայլա» գրքի հիման վրա։ Վերցված են 5 պատումներ 5 հայտնի անձանց մասին, որոնց միջոցով Գյումրու ուրախ-տխուր էջերն են ներկայացվում:
«Գյումրու կոլորիտը, նիստուկացը, հետաքրքիր դեպքերը, հետաքրքիր անձինք մեկտեղվելով, մի մայլից մյուսն անցնելով՝ վեր են բարձրացնում Գյումրի անունը եւ այն անկոտրում ոգին, որն ունի իսկական գյումրեցին: Սցենարի համաձայն՝ տաղավարում հավաքվում են բակի բնակիչներ՝ մեծեր եւ երիտասարդներ, հիշում են գյումրեցի անձանց, որոնց մեջ ամփոփված է եղել Գյումրի-Լենինականը՝ իր բոլոր ավանդույթներով։
Մայլից մայլա անցնելով՝ պատմում են նաեւ հարսանեկան ավանդույթների, գյումրեցու նիստուկացի մասին։ Հիշվում են Ղասաբ Գագոն, Մրոտ Սուրիկը, Չոլախ Վարոսը։ Հնչում են մոռացված երգեր, հատկապես շերամական մեղեդիներ»,- նշված է մամուլի հաղորդագրությունում:
Տոմսեր կարող եք ձեռք բերել այս հղումով:


×
1,516





