Կլոդ Մոնեի «Հիրիկներ» (Iris) կտավը, որը նկարիչը ստեղծել է իր կյանքի վերջին տարիներին, Փարիզում կայացած աճուրդում վաճառվել է 50 միլիոն եվրոյով՝ դառնալով Ֆրանսիայում աճուրդով երբեւէ վաճառված ամենաթանկ արվեստի գործը։ Այս մասին հայտնել է «Sotheby’s» աճուրդի տունը։
Իմպրեսիոնիզմի վարպետի այս կտավը հանրությանը ներկայացվել էր առաջին անգամ։ Մինչ աճուրդը դրա արժեքը գնահատվել էր 22–30 միլիոն եվրո։
Մեծ չափերի կտավն ունի 1,60 մետր բարձրություն եւ 1,80 մետր լայնություն։ Այն երբեք դուրս չէր բերվել Շլումբերժե ընտանիքի Փարիզում գտնվող առանձնատնից։ Գեղանկարը հայտնի էր միայն սեւ-սպիտակ լուսանկարի շնորհիվ։
Ըստ տեղեկությունների՝ կտավը հեռախոսով կայացած սակարկության արդյունքում ձեռք է բերել ասիացի մասնավոր հավաքորդը, որի անունը չի հրապարակվել։
Երբեւէ տրված ամենաբարձր գնահատականը
«Sotheby’s France»-ի ժամանակակից եւ արդի արվեստի բաժնի համաղեկավար Թոմա Բոմպարի խոսքով՝ նկարը պատկանում էր Ժանն Շլումբերժեին (1889–1983), որը «արվեստի փայլուն հավաքորդուհի» էր։ Նա նկարը գնել էր նկարչի ընտանիքից։
«Սա Ֆրանսիայում աճուրդի ներկայացված նկարի համար երբեւէ տրված ամենաբարձր գնահատականն էր»,- հայտարարել էր աճուրդի տունը սեպտեմբերին՝ վաճառքի նախնական ներկայացման ժամանակ։
Ծաղիկների սիրահար Մոնեն
Կլոդ Մոնեի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում ծաղիկներն ու բնությունը։ Նկարիչը ոչ միայն սիրում էր պատկերել ծաղիկներ, այլեւ սեփական այգում էր դրանք աճեցնում՝ մեծ ուշադրությամբ ընտրելով բույսերն ու դրանց գույների համադրությունները։
Լուսանկարը՝ Էլլադա Ղուկասյանի
Ժիվերնիի իր հայտնի այգում Մոնեն ստեղծել է մի ամբողջ աշխարհ, որը տարիներ շարունակ ոգեշնչում էր նրան։ Հիրիկները, ջրաշուշաններն ու այլ ծաղիկներ նրա կտավներում վերածվում էին գույնի, լույսի եւ տրամադրության խաղի։
Կյանքի վերջին տարիներին Մոնեի համար այգին դարձավ ստեղծագործական ներշնչանքի գլխավոր աղբյուրներից մեկը։
Լուսանկարը՝ Էլլադա Ղուկասյանի
«Հիրիկներ» կտավի վաճառքը եւս մեկ անգամ ընդգծում է նկարչի ծաղկային բնանկարների բացառիկ արժեքն ու շարունակական հետաքրքրությունը նրա արվեստի նկատմամբ։
Էլլադա Ղուկասյան/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/


×
76






