Մոդել Լուսին Հարությունյանը հիմնականում աշխատում է արտասահմանյան ապրանքանիշների հետ, իսկ նախորդ տարի հիմնադրել է նաեւ սեփական մոդելային գործակալությունը: Նա BRAVO.am-ի հետ զրույցում պարզաբանել է մոդելներին վերաբերող մի քանի միֆ, պատմել իր աշխատանքի դժվար ու սիրելի կողմերի, Հարավային Կորեայում մեծ բիլբորդների վրա հայտնվելու, բազմանդամ ընտանիքի ու Չիլի անունով շնիկի մասին:
- Լուսին, Դուք մոդել լինելուց բացի, սեփական գործակալությունն ունեք, որտեղ էլ հիմա գտնվում ենք: Պատմեք դրա նպատակների մասին։
- OGModels-ն իմ առաջին գործակալի հետ հիմնադրել ենք 2024-ին եւ զբաղվում ենք մոդելների կարիերայի առաջխաղացմամբ։ Մենք մայր գործակալություն ենք, գտնում ենք փորձ չունեցող, բայց ներուժով դեմքեր եւ սկսում զարգացնել նրանց։ Աշխարհով մեկ նրանց համար ներկայացուցիչ գործակալություններ ենք գտնում՝ շեշտը հիմնականում դնելով արտասահմանյան շուկայի վրա։ Մայր բառը պատահական չէ դրված գործակալության կողքին. մեր մոդելներին մայրություն ենք անում ու հետեւում, որ նրանց հետ ամեն ինչ լավ լինի: Ստուգում ենք առաջարկվող պայմանագրերն ու հաստատում դրանք, խորհրդատվություն ենք տրամադրում ու հետագա ողջ ճանապարհը գծում։
- Իսկ ինչպե՞ս եք գտնում այդ դեմքերին եւ ի՞նչ չափանիշներով եք ընտրությունը կատարում։
- Հիմնականում աշխատում ենք կոմերցիոն ու ֆեշն կերպարների հետ, հետագայում գուցե այլ տիպի մոդելներ էլ դիտարկենք։ Քանի որ այս ոլորտում սկսնակ ենք եւ մեծ ռեսուրսներ չունենք, դեռ չենք կարող շատ մարդկանց ներառել։ Սովորաբար, գործակալություններում սկաուտներ են լինում, որոնք էլ գտնում են մոդելներին։ Ինքներս նրանց ամենատարբեր տեղերում ենք գտնում՝ փողոցում, սոցիալական հարթակներում, երբեմն էլ իրենք են մեզ դիմում։ Եղել են դեպքեր, որ քույրերիս կամ եղբայրներիս համադասարանցիներն էին։ Մեր գործակալության համար ամենակարեւորը մարդու տեսակն է. անհրաժեշտ պարամետրերի առկայությունը բավարար պայման չէ: Եթե մոդելներն իրենց վրա աշխատելու կամ զարգանալու ցանկություն չունեն, անիմաստ է նրանց հետ համագործակցել։ Հիմա մեր բազայում 30-40 մոդել կա, որոնցից մոտ 15-ի հետ ենք դիտարկում երկարաժամկետ աշխատել։ Իրականում մոդելինգը բոլորի համար չէ: Կողքից այն շատ հեշտ կարող է թվալ, բայց բավական ծանր աշխատանք է։ Մեր սկզբունքներից մեկն էլ ճիշտ ուղղորդելն ու տեղին խորհուրդ տալն է։ Շատ մարդկանց եմ տեսել, որոնց այս աշխատանքը կոտրել է, եւ բացարձակ չեմ ցանկանա, որ մեր մոդելներն էլ նման իրավիճակում հայտնվեն։
- Մոդելների մասին մի քանի միֆ եմ առանձնացրել եւ կցանկանամ ասեք՝ դրանք իրական են, թե չափազանցված։ Չգիրանալու համար մոդելները չափազանց քիչ են ուտում ու իրենց տարատեսակ սննդակարգերով տանջում։
- Միֆ չէ։ Իրոք մոդելներին ստիպում են նիհար լինել. աշխատանքի պայմաններից մեկն է։ Այդ կանոններն օդից չեն հորինվել, պարզապես մեծ արտադրողականություն ունեցող բրենդներն իրենց հավաքածուն նկարում են դեռ պատրաստ լինելուց առաջ եւ միայն մեկ չափով: Ու եթե մոդելը գիրանա ու չկարողանա այն կրել, խնդիրներ կառաջանան։ Բայց բոլորս էլ մարդ ենք, ու հնարավոր չէ միշտ մանեկենի տեսք ունենալ: Գիրանալն ու չափսերի փոփոխությունը բնական երեւույթ են։ Շատ գործակալություններ դրան չափազանց վատ են վերաբերվում։ Օրինակ՝ ճամփորդության մեկնելիս մոդելներն ամենօրյա ծախսերի համար գումար են ստանում, եւ որոշ գործակալություններ զգուշացնում են, որ նույնիսկ մի քանի սանտիմետրով գիրանալու դեպքում կզրկեն այդ գումարից: Կարող ես սեփական գումարն էլ ունենալ, օրինակ՝ Հայաստանում, անկախ տարիքից, ծնողները հոգ են տանում երեխաների մասին, ու այդ հարցը հեշտ է լուծվում։ Բայց ինքս շատ եմ հանդիպել 14-16 տարեկան աղջիկների, ովքեր ուտելիք գնելիս գումար էին խնայում:
- Մյուս միֆն այն է, որ մոդել լինելը շատ հեշտ է, եւ լուրջ որեւէ ջանք չի պահանջվում: Բավական չէ՝ գեղեցիկ հագուստ եք կրում, բոլորը ձեզնով են զբաղվում՝ վարսահարդարներ, դիմահարդարներ։
- Բոլոր աշխատանքներն էլ ունեն դժվար ու հեշտ կողմեր։ Ունեցել եմ նկարահանում, որն 8 ժամ է տեւել, բայց աշխատել եմ ընդամենը 15-20 րոպե, մնացած ընթացքում հանգստացել ու պոպկորն կերել։ Բայց նաեւ ունեցել եմ 3-օրյա աշխատանք, որի ընթացքում գրեթե չէի քնել: Ամենաբարդերից մեկը լուքբուքի նկարահանումն է, երբ պետք է ներկայացնես որեւէ բրենդի ամբողջ հավաքածուն: Կարող է հեշտ թվալ, բայց 12 ժամ ոտքի վրա անցկացնելն ու անընդհատ զգեստափոխվելը դժվար է: Ամեն վայրկյան մազդ են ուղղում, շորդ քաշում, էլ չեմ ասում դիմահարդարների հետ աշխատանքը, ինչն ինձ համար ամենածանրն է: Նախքան մոդել դառնալն ընդհանրապես չէի շպարվում (ծիծաղում ենք,-հեղ.)։ Բացի այդ, կարող են մազդ վառել, հանկարծակի կտրել կամ ներկել, դրա համար միշտ զգոն ենք, որ չթողնենք։ Էլ չեմ ասում կեղտոտ վրձինների կամ կոպիտ դիպչելու մասին, երբ քեզ կարող են առարկայի պես վերաբերվել։ Չեմ ընդհանրացնում, բայց նշում եմ, որ նման դեպքեր էլ են պատահում։
- Մի՞ֆ է, որ շատ գումար եք վաստակում։
- Երբեմն պատահում է, որ կարիերայի սկզբում մոդելն ինքն է վճարում, որպեսզի պորտֆոլիոյի ստեղծման նպատակով կոմերցիոն նախագծերում հայտնվի։ Հայտնի դառնալու դեպքում մոդելներն իսկապես մեծ գումարներ են վաստակում, բայց նույն մոդելը կարող է ունենալ ինչպես ցածր, այնպես էլ բարձր վարձատրում: Դա կախված է երկրից, փորձից, մոդելների կարգավիճակից։ Կարող է թվալ, թե շոուներն ու ցուցադրություններն ավելի եկամտաբեր են, բայց իրականում հակառակն է։ Նույն բրենդի համար պոդիումով քայլելն ու գովազդի համար նկարվելը լրիվ տարբեր են: Վերջինի համար, միանշանակ, ավելի բարձր են վարձատրում։
- Մրցակցությունը մեծ է եւ տարբեր բնույթի վատ ինտրիգների հետ եք առնչվում:
- Լիովին միֆ է։ 2-3 տարի առաջ անսպասելի առաջարկ ստացա մեկնել Հարավային Կորեա: Հայաստանի մոդելներից դեռ ոչ մեկն այնտեղ չէր աշխատել։ Ինձ Ինստագրամով էին գտել, ու առաջարկը շատ կասկածելի էր թվում, մանավանդ, որ նախկինում երբեք մոդելինգով չէի զբաղվել։ Տարբեր հրապարակումներ ուսումնասիրեցի եւ թրաֆիքինգի դեպքերի էլ հանդիպեցի, շատ էի վախենում մեկնել, բայց ամեն ինչ լրիվ հակառակն էր։ Այնտեղ այնքան ընկերներ ձեռք բերեցի: Իրականում անհնար էր չմտերմանալ, քանի որ բոլորդ էլ 3 ամիս տնից հեռու եք ու միայնակ օտար երկրում: Բոլորին էլ ընկեր ու աջակցություն էր պետք։ Հիմա արդեն աշխարհով մեկ ընկերներ ունեմ. մի քանիսն ինձ հյուր են եկել, ոմանք էլ իրենց երկիր են հրավիրում (ծիծաղում է,-հեղ.)։
- Չեք կարող վստահ լինել կայուն եկամտի եւ աշխատանքի շարունակականության հարցում:
- Լրիվ իրականություն է։ Ամեն ինչ կախված է նաեւ թրենդներից: Որեւէ կերպարի պահանջարկը կարող է մեծանալ եւ օգնել լավ աշխատանք գտնել՝ միանգամից հայտնի դարձնելով։ Ու նաեւ հակառակը պատահի՝ ամենալավ մոդելը կորցնի իր աշխատանքը։ Իսկ մոդելների պայմանագրերում երբեք ֆիքսված աշխատավարձ չի ներառվում, բացառությամբ, երբ բրենդները մոդելների հետ երկարատեւ ու բացառիկ պայմանագրեր են կնքում, որպեսզի նրանք այլ ընկերության դեմքը չդառնան։ Նման դեպքերում մոդելները կարող են 1-2 տարով հանգիստ լինել։
- Ունեցե՞լ եք երկարատեւ պայմանագրեր, որոնք Ձեզ տվել են այդ հուսալիությունն ու հանգստությունը։
- Երկարատեւ չեմ ունեցել, բայց բացառիկ եղել է։ Դրանք ենթադրում են միանվագ վճար, բայց ավելի բարձր ես վարձատրվում ու չես կարող այդ ընթացքում այլ բրենդների հետ համագործակցել։ Ես հիմնականում դրսի ընկերությունների հետ եմ աշխատել: Հայաստանյան փորձս ավելի քիչ է։
- Դուք, փաստորեն, մոդել դառնալու մտադրություն չունեիք, ու այս մասնագիտությունն ինքն է Ձեզ ընտրել։ Ինչպե՞ս հասկացաք, որ ցանկանում եք մոդելինգով զբաղվել։
- Մի շատ զվարճալի պատմություն կա: Գունավոր ու հետաքրքիր գուլպաներ շատ էի սիրում ու հավանում LOOK MATE London ապրանքանիշի արտադրանքը, բայց այն ժամանակ դեռ չգիտեի, որ հիմնադիրները հայ են։ Մի օր պատահաբար տեսա, որ դասընկերս նկարվել է այդ բրենդի համար, շատ զարմացա ու ինքս էլ ցանկացա այդ ամենի մասնակիցը դառնալ: Պարզապես շատ հետաքրքիր էր։ Դա անգամ մոդելի աշխատանք չեմ կարող համարել: Դպրոցը նոր էի ավարտել ու փորձ չունեի: Ինձ նկարած լուսանկարիչը, որի հետ էլ հիմնել ենք մեր գործակալությունը, մոդելինգով զբաղվելու միտք տվեց։ Մինչ այդ Ինստագրամում որեւէ նկար չունեի, բայց աստիճանաբար բարդույթս հաղթահարեցի։ Իսկապես չգիտեմ էլ, թե էջս ինչպես էին գտել ու ինձ առաջարկություն արել։
- Ու դա հենց Հարավային Կորեայից ստացած հրավե՞րն էր։
- Ռուսական մայր գործակալություն էր, որն էլ ինձ գտել էր։ Սկզբում մտածում էի, որ պարամետրերս ու հասակս բացարձակ չեն համապատասխանում, սիրուն չեմ, ինչ ասեք, որ մտքովս չէր անցնում: Կարծում էի՝ խաբեություն է (ծիծաղում է,-հեղ.)։ Բարեբախտաբար, հայրս իրավաբան է ու պայմաններն ինքն էլ ստուգեց, հետո այդ գործակալության մասին ծանոթների միջոցով էլ տեղեկություններ հավաքեցինք։ Երբ հասկացանք, որ վախենալու ոչինչ չկա, համաձայնեցի աշխատել։ Ապա անսպասելի կերպով եղավ Կորեա մեկնելու առաջարկն, ու որոշեցի փորձել։ Այդ ժամանակ սովորում էի ու միայն ամռանն էի ազատ, համաձայնեցին, որ արձակուրդին մեկնեմ։ Ինքս ինձ համոզեցի ու գնացի։
- Իսկ ի՞նչ մասնագիտություն ունեք: Արդյո՞ք հասցրել եք աշխատել այդ ոլորտում։
- Ճարտարապետություն եմ սովորել ու ապագայում անպայման կաշխատեմ։ Մոդելինգը շատ եմ սիրում, այն կյանքի կողմից տրված հաճելի հնարավորություն է. ինքս երբեք այն չէի ընտրի։ Իսկ ահա ճարտարապետությունն իմ սերն է (ծիծաղում է,-հեղ.), ուղղակի մոդելինգով զբաղվելու որոշակի տարիք կա, ու հիմա է այդ աշխատանքն անելու ամենահարմար ժամանակը։
- Մոդելի աշխատանքը կարող է օգնել զարգացնել մասնագիտական գիտելիքներն ու ծանոթանալ երկրների ճարտարապետությանը։ Հարավային Կորեայում այդ առումով հետաքրքիր ի՞նչ բացահայտումներ արեցիք։
- Չէի ասի, թե Կորեայի ճարտարապետությունն ինձ շատ է գրավել: Թեեւ հետաքրքիր էր, բայց ամեն ինչ այլ կերպ էի պատկերացրել։ Ամեն դեպքում ամեն ինչ նոր էր ինձ համար: Մինչ այդ ասիական ոչ մի քաղաքում չէի եղել, միայն Եվրոպայում էի ճանապարհորդել ու Ֆլորենցիան շատ մեծ տպավորություն էր թողել ինձ վրա։ Իսկ Կորեայում տարբեր տեսակի ոճերի միքս է. շենքերից մեկն ասես Դուբայից լինի, մյուսը գոթական ոճի տաճար է։ Ու դա ինձ այդքան էլ դուր չեկավ: Ես սիրում եմ այն քաղաքները, որոնցում հին կոթողները պահպանել են։ Շուտով նորից եմ մեկնելու Կորեա եւ հույս ունեմ ավելին տեսնել, քանի որ նախորդ անգամ համավարակի պատճառով սահմանափակումներ կային։
Փոխարենը շատ է տպավորել Ճապոնիան, մանավանդ իմ սիրելի ճարտարապետներից մի քանիսը ճապոնացի են։ Աշխատել եմ Տոկիոյում, բայց հասցրել եմ լինել նաեւ այլ քաղաքներում: Երազում եմ կյանքիս որոշ շրջան Ճապոնիայում ապրել:
- Հասունանալու եւ ինքնուրույն մարդ դառնալու առումով աշխատանքն ի՞նչ է Ձեզ տվել ու ինչպե՞ս փոխել։
- Աշխարհայացքս է լրիվ փոխվել: Մեկնելուց առաջ ինձ ինքնուրույն էի համարում, այդպես էլ կար, քանի որ ընտանիքում 7 երեխա ենք ու կարողանում ենք մեր մասին հոգ տանել։ Մշակույթների տարբերությանն առնչվեցի. երբեք միաժամանակ այդքան ազգերի ներկայացուցիչների հետ չէի շփվել։ Կարեւոր է նաեւ ներքին ավանդույթներն իմանալ, օրինակ՝ Կորեայում չես կարող հրաժարվել խմիչքի հյուրասիրությունից։ Այնտեղ ընդունված է, որ գործատուն իր աշխատողներին հրավիրի խմելու։ Մի անգամ էլ ինձ վրա անծանոթ աղջիկ հարձակվեց ու ասես հետս կռվելիս լիներ։ Բարեբախտաբար, կողքիս էր կորեացի ընկերներիցս մեկն ու բացատրեց, որ նա ապշած է դեմքիս փոքրությունից, եւ դա հաճոյախոսությունների տեղատարափ էր (ծիծաղում ենք,-հեղ.)։
- Ձեզ այս աշխատանքում ամենաշատն ի՞նչն է գրավում։
- Ճամփորդությունն ու մարդիկ, որոնց հետ այլ գործով զբաղվելու դեպքում երբեք չէի ծանոթանա, ու եթե մի օր այս գործով էլ չզբաղվեմ, ամենաշատը հենց նրանց կկարոտեմ։ Նաեւ ինձ գրավում է ամեն մի արտադրանք յուրովի ներկայացնելը, թեկուզ մեկ շարժումով այն ավելի երեւացող ու հետաքրքիր դարձնելը։ Հիմա կարեւոր են ոչ միայն գեղեցիկ տեսքն ու չափսերը, այլ նաեւ անհատականությունը։ Գործակալություններին հետաքրքիր է, թե ով ես եւ ինչով ես զբաղվում։ Երբ ինձ առաջին անգամ հարցրին հոբբիներիս մասին, մտածում էի՝ իրենց ավելի կգրավի, եթե ասեմ, որ պարուհի եմ կամ մարմնամարզիկ, մինչդեռ ճարտարապետություն ու նկարել եմ սիրում, եւ զարմացել էի, որ մասնագիտությունս հետաքրքրել էր նրանց։
- Ձեր Ինստագրամի էջից իմացել եմ, որ շնիկ ունեք, ինչպիսի՞ն է նա ու ինչո՞վ է Ձեր կյանքը լցնում։
- Չիլին իր անվան պես կծու շնիկ է ու իմ կյանք ուրախություն է բերում։ Նա անսպասելի հայտնվեց. ընկերներս են նվիրել: Շատ էի ուզում տաքսա ունենալ, բայց նրանց բնավորությանը ծանոթ չէի։ Տեսքն էր գրավում: Ասեմ, որ բավական բարդ շուն է։ Միշտ չէ, որ հասցնում եմ հետը զբոսնել, եւ քույրերս ու եղբայրներս են օգնում այդ հարցում։ Շունը ռեժիմ է բերում քո կյանք, սկսում ես ինչ-որ մեկի մասին հոգ տանել։ Չիլին գիտի, թե երբ եմ ուրախ կամ տխուր, ու այդ ամենին ինքն էլ է արձագանքում։ Աշխատելու ընթացքում նրան շատ եմ կարոտում, ցավում եմ, որ հետս տանել չեմ կարող, բայց հուսամ՝ մի օր կստացվի։
- Ի՞նչ եք կարծում, գեղեցկության ոլորտը որքանո՞վ է պետք մարդկանց ու ի՞նչ պակաս է լրացնում։ Միանշանակ, այն շատ լավ կողմեր ունի, բայց երբ մարդիկ սկսում են իրենց համեմատել մոդելների հետ կամ փորձում են նմանվել նրանց, տարատեսակ մղձավանջներ են սկսվում։
- Նախկինում գեղեցիկ կոնտենտը կամ մոդելներն ինձ երբեք չեն խանգարել, պարզապես հաճելի են եղել։ Բայց երբ փորձում ես ինչ-որ մեկին նմանվել կամ որոշակի տեսք չունենալու համար քեզ դատել, բացասական երեւույթ է։ Արտաքինը փոխելու երեւույթը տարածված է, բայց գալու է մի պահ, որ իրենք իրենց են կարոտելու։ Թեեւ ես այդպիսի փորձ երբեք չեմ ունեցել, բայց հաստատ կկարոտեի ինձ։ Ես աստիճանաբար ինքս ինձ եմ նմանվում, ասես պլաստիլին լինեմ, որը կյանքի ազդեցությամբ իր տեսքն է ընդունում։ Այդ փոփոխությունները միայն սիրում եմ։ Ժամանակի ընթացքում մարդիկ կամ իրենց են սկսում սիրել, կամ՝ ուրիշին։
- Մոդելների քիչ տոկոսն է, որ կարճ սանրվածք ունի, եւ Դուք նրանց թվում եք, ինչո՞ւ եք որոշել դիմել նման ոճափոխության։
- Շատ փոքր ժամանակ եւս կարճ սանրվածք եմ ունեցել: Հայրս այն շատ էր հավանում ու միշտ ասում էր. «Գնա, մազերդ ա-լյա-գաղսոն կտրի» (ծիծաղում ենք,-հեղ.)։ Ես էլ չգիտեմ, թե ոնց մտքովս անցավ դպրոցի ավարտական միջոցառմանը մազերս կտրել։ Դուք ինձ լավ կհասկանաք, ինքներդ էլ կարճ սանրվածք ունեք: Հետո դժվարությամբ ես վերադառնում երկար վարսերին (գլխով եմ անում, ծիծաղում ենք,-հեղ.)։
- Որեւէ գովազդում կամ մեծ պաստառին Ձեզ տեսնելիս ինչպե՞ս եք արձագանքում, որպես մոդե՞լ եք ընկալում, թե՞ այլ կերպ:
- Յուրահատուկ հարց է, չէի մտածել այդ մասին, բայց երեւի դրանցում ինձ եմ տեսնում։ Ավելի հետաքրքիր են բիլբորդների վրա հայտնված նկարները: Ամենամեծը Կորեայում եմ տեսել, այն էլ՝ պատահաբար։ Մեր վարորդը նկատեց ու ասաց. «Այդ դո՞ւ չես»։ Մոդելներին միշտ զգուշացնում են, թե նկարահանումն որտեղ է հայտնվելու, այդ մեկի դեպքում չէին մանրամասնել, ինձ համար անսպասելի եւ ուրախալի էր։ Մտքովս էլ չէր անցել, որ առաջին պայմանագրից հետո իմ նկարները կհայտնվեն Սեուլի փողոցներում։ Ռուսաստանի մոլերում էլ մի քանի նկարներ ունեցա, անգամ անծանոթ մարդիկ էին ճանաչել եւ լուսանկարներ ուղարկել։ Պարզապես ուրախանում ես եւ անցնում առաջ։
- Նախանձի, վատ մեկնաբանությունների կամ բացասական վերաբերմունքի արժանացե՞լ եք:
- Կամ աչքերս փակ եմ այս կյանքին նայում, կամ էլ երբեք չեմ զգացել, որ ինձ նախանձեն, ինչի համար շնորհակալ եմ։ Նախանձը ուժեղ բացասական ազդեցություն ունի, եթե նման բան լիներ, դժվար կարողանայի մնալ այս ոլորտում։
- Ձեր կարիերայի այս փուլում ի՞նչ նոր ծրագրեր ու նպատակներ ունեք։
- Ավելի շատ կենտրոնացած եմ գործակալության աշխատանքների վրա, որովհետեւ այն շատ մեծ նպատակի համար է ստեղծվել: Այլ կերպ էի պատկերացրել ոլորտի աշխատանքը՝ մոդելի հանդեպ վերաբերմունքից սկսած մինչեւ ժամանակի ճիշտ վերաբաշխումը։ Ու որոշեցինք, որ մեր գործակալությունում ամեն ինչ այլ պետք է լինի։ Եթե ոլորտը չփոխենք էլ, մեզ կփոխենք, ամեն ինչ հենց դրանից է սկսվում։ Ինձ համար կարեւորը կամքի ուժն է։
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի եւ Լուսին Հարությունյանի պորտֆոլիոյից
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: