Կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի ֆիլմերը հանրահայտ կինոփառատոնների են մասնակցում, հայկական կինոյի համար մեծ ձեռքբերումներ գրանցում: «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմի պրեմիերան Բեռլինալեում էր, իսկ «Արտոյի երկիրը» խաղարկային ֆիլմով օգոստոսին կբացվի Լոկառնոյի ճանաչված կինոփառատոնը։
«Իմ հայկական ուրվականները» հուլիսի 14-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» 22-րդ կինոփառատոնի շրջանակում։ Բեռլինալեից «Ոսկե ծիրան» ճանապարհին ֆիլմը ներկայացվել է բազում երկրներում, սիրվել, ճանաչվել, բայց հայ հանդիսատեսի համար ցուցադրությունից առաջ կինոռեժիսորն այլ հուզմունք է ապրում, մեծ պատասխանատվության զգացում ունի եւ BRAVO.am-ին սիրով պատմել է այս էկրանային ճամփաների եւ այլ թեմաների մասին։
Երկար տարիներ է՝ Թամարան Հայաստանից դուրս է ապրում, բայց սրտի կանչով վերադառնում ու իր ֆիլմերը Հայաստանում է նկարահանում, հենց ֆիլմում էլ ասում է, որ կարոտը փարատում է այդպես։ Հետո նա աշխարհով մեկ պտտում է իր բաժին Հայաստանը, ցույց տալիս հայկականը ու հպարտանում հայրենիքով, հայրենիքն էլ՝ իրենով։ Ֆիլմը, կարծես, դստեր վերջին նամակն է հորը՝ ճանաչված դերասան Վիգեն Ստեփանյանին, որի էջերում հոր ու աղջկա նվիրական կապն է՝ Թամարայի մոր՝ Նարինեի թավջութակի նուրբ երաժշտության ներքո, ձոն է հայ կինոյին, նվիրում՝ հայրենիքին։
- Ինչպե՞ս ծնվեց «Իմ հայկական ուրվականներ» ֆիլմի միտքը։
- Երբ պապան մահացավ՝ չորսուկես տարի առաջ, շատ տարօրինակ իրավիճակ էր: Սկսեցի նայել նրա նկարները, ընտանեկան տեսանյութերը, հետո սկսեցի նայել այն ֆիլմերը, որոնցում նա խաղացել է։ Այն ժամանակվա ուրվականները, կարծես, ինձ կանչում էին, ու մի շուրջպար էինք բռնել։ Այնքան տարվեցի այդ ֆիլմերով, որ տպավորություն ունեի՝ պապաս, Սոս Սարգսյանը, Ջիգարխանյանը, Դովլաթյանն ինձ հետ են, եւ պետք է ինչ-որ մի բան անեմ իրենց մասին։ Մոտ 200 ֆիլմ դիտելով՝ հասկացա, թե որքան հետաքրքիր եւ կարեւոր կինեմատոգրաֆիա ենք ունեցել։ Մենք գիտենք, թե որքան հարուստ է մեր կինեմատոգրաֆիան, բայց երբ նորից ես մտնում դրա մեջ, հասկանում ես իսկական արժեքը՝ թե ինչպես են ռեժիսորները ստեղծագործել գրաքննության պայմաններում՝ փորձելով որեւէ կերպ շրջանցել սահմանափակումները եւ ստեղծել լավ կինո, ոչ թե պարզապես քարոզչություն։ Պապան բացեց դուռը, բայց շարունակվեց այլ կերպ։
Արխիվային կադրը՝ «Իմ հայկական ուրվականները» ֆիլմից
- Այս ֆիլմով ներկայացնում եք մի ամբողջ շրջանի գրեթե բոլոր հայկական ֆիլմերը: Բացի այն, որ պետք է «դրսում» նայեն ու ծանոթանան, նաեւ մենք պետք է նորովի բացահայտենք, նոր սերունդը կծանոթանա։ Չե՞ք կարծում, որ այդքան էլ գնահատված չեն մեր հին հայկական ֆիլմերը։
- Այո: Նաեւ դրա համար եմ ուզում ցույց տալ, որ մենք ունենք շատ լավ կինո։ Այնպիսի տպավորություն էր, կարծես գտել էի մի արկղ, որի մեջ կային շատ մարգարիտներ, եւ ես ցանկացա դրանք մեկ առ մեկ մաքրել եւ ցույց տալ մարդկանց։
- Աղջնակը, որին տեսնում ենք Ձեր ընտանեկան տեսագրություններում՝ փոքրիկ Թամարան, որը մշակութային մթնոլորտում է մեծացել եւ վայելել է արվեստային երեկոներ, արդյո՞ք այդ ժամանակ արդեն երազում էր լինել արվեստի մեջ։
- Հիացած էի: Պատկերացնում էի, որ արվեստի աշխարհը կախարդական եւ հրաշալի մի տեղ է, որտեղ, այո՛, ես կուզեի լինել։ Երազում էի դերասանուհի դառնալ: Մեծացել եմ հայրիկիս «Մետրո» թատրոնում։ Աստիճանաբար հասկացա, որ դերասանական աշխարհն իմը չէ: Զգում էի, որ շատ մեծ կապ ունեմ պատկերի հետ եւ ուզում եմ ոչ թե տեսախցիկի առջեւ լինել, այլ՝ հետեւում։ Համալսարանում ստացել եմ ե՛ւ թատրոնի, ե՛ւ կինոյի ռեժիսորի մասնագիտություն, բայց վերջում հաղթեց կինոն։
Արխիվային կադրը՝ «Իմ հայկական ուրվականները» ֆիլմից
- Հնարավո՞ր է երբեւ խաղաք որեւէ ֆիլմում։
- Ե՞ս: Չէ՛, չէ՛: Ես ո՞նց խաղամ (ծիծաղում է,- հեղ.): Այդքան լավ դերասաններ կան, թող իրենք խաղան։
- Բայց Ձեր բոլոր ֆիլմերում Դուք անմիջական մասնակցություն ունեք, բնականորեն ֆիլմի մաս եք կազմում։
- Դա իմ վավերագրական կինոյի մասն է։ Դանիայի «դպրոցն» է: Նրանք մոտեցում ունեն, ըստ որի՝ վավերագրական ֆիլմերը պետք է լինեն շատ անձնական: Նույնիսկ եթե խոսում ես քաղաքական թեմաների մասին, պետք է ունենաս անձնական կապ այդ իրավիճակի հետ։ Իմ ֆիլմերում կան ինչպես անձնական, այնպես էլ կոլեկտիվ եւ անհատական թեմաներ: Կարելի է ասել՝ ձեռագիր է։ Բայց փորձում եմ, որ «ես»-ը շատ չլինի։
- Ֆիլմի կարմիր թելը Ձեր եւ Ձեր հոր հարաբերություններն են՝ մի նվիրական զգացմունք, որը կարելի էր նույնիսկ վախենալ մարդկանց ցույց տալուց. շատ անձնական է, փխրուն: Ինչպե՞ս եկաք դրան՝ ցուցադրելու կինոդիտողին։ Եվ ի վերջո, ինչպե՞ս հաջողեցիք ցույց տալ հոր ու դստեր այդ գեղեցիկ կապը եւ միաժամանակ խոսել լրիվ ուրիշ թեմաների մասին։
- Բավական երկար ժամանակ չէի ուզում անձնականը մեջտեղ բերել. բարդ էր ինձ համար, բայց նախագիծը գնում էր առաջ, եւ ինձ շատ օգնեց պրոդյուսերս՝ Սելինը, ով մանկաբարձի պես օգնեց, որ ֆիլմը ծնվի։ Նա ասում էր, որ հենց այդ գեղեցիկ կապն է պետք, որպեսզի ֆիլմը ճիշտ հասկանանք։ Այո, այն շատ հուզիչ ու փխրուն է: Դժվար էր առջեւ բերել փխրուն հարաբերություն, որը շատ բրուտալ ձեւով ավարտվեց։ Երբ կորցնում ես հորդ երեք օրում եւ չես հասկանում՝ ոնց եղավ։
Թամարա Ստեփանյանը
- Ցավոք, կարոտն ամբողջ կյանքում կմնա, բայց հիմա, երբ կարողացաք խոսել, արդյո՞ք մի փոքր թեթեւություն բերեց Ձեզ այս ֆիլմի ծնունդը։
- Իմ կարծիքով՝ այո: Տպավորություն ունեմ, որ հիմա պապան կլինի հավերժ՝ ե՛ւ որպես մարդ, ե՛ւ որպես դերասան, արվեստագետ։ Սա հարգանքի տուրք է հորը եւ դերասանին։
- Համաձա՞յն եք, որ դերասան Վիգեն Ստեփանյանին, հատկապես վերջին տարիներին, այդքան էլ ըստ արժանվույն չէին գնահատում: Գուցե նրա բնավորությունից էր նաեւ, քանի որ երբեք չփորձեց անընդհատ ներկայացնել ու առաջ մղել իրեն:
- Ես այս ֆիլմով նաեւ ուզում էի լուսարձակը նրա վրա գցել, քանի որ վերջին տարիներին պապան մի քիչ մոռացվեց: Բայց մեծ ճանաչում ուներ խորհրդային տարիներին եւ դրանից հետո էլ: Նաեւ մի այլ հարց կա. նա շատ ճշտախոս էր եւ սովորություն չուներ հաճոյանալու: Համեստ մարդ էր։ Անգիտակցաբար ուզում էի վերաիմաստավորել նրա մեծ ներդրումը թատրոնում, եւ նաեւ կինոյում: Եվ հիմա, երբ ֆիլմը միջազգային փառատոններում եմ ներկայացնում, ինձ համար շատ հաճելի է, որ հասկանում են նրա արժեքը։
- «Իմ հայկական ուրվականները» ֆիլմը հանրահայտ բազում փառատոնների մասնակցեց, իր հաղթարշավն է սկսում նաեւ Ձեր նոր՝ «Արտոյի երկիրը» խաղարկային ֆիլմը։
- Առաջինի պրեմիերան կայացավ Բեռլինալեում, հետո ցուցադրվեց մոտ 20 երկրի փառատոններում։ Բեռլինալեում վերջին անգամ հայկական ֆիլմ ներկայացվել էր 90-ականներին, եւ ինձ համար հպարտություն էր մասնակցել այդ փառատոնին ե՛ւ որպես հայ, ե՛ւ որպես կինոռեժիսոր։ Իսկ «Արտոյի երկիրը» Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի բացման ֆիլմն է լինելու: Ցուցադրվելու է «Պիացա Գրանդե» հայտնի հրապարակում, որտեղ հավաքվում է շուրջ 6 հազար կինոդիտող։
- Բազմաթիվ երկրներում Ձեր ֆիլմը ցուցադրելուց հետո գնալու եք Հայաստան: Հուզվո՞ւմ եք։
- Տարբեր պատճառներով «Ոսկե ծիրանն» ինձ համար շատ կարեւոր փառատոն է։ Իհարկե, հուզվում եմ: Ինչպե՞ս կարող եմ չհուզվել: Այնտեղ են լինելու Սոս Սարգսյանի կինը, ֆիլմում ներկայացված մեծերի ժառանգները կամ բարեկամները: Պատկերացնո՞ւմ եք այդ պատասխանատվությունը, որ վերցրել եմ ինձ վրա։ Ներկա կլինեն ֆիլմերի հերոսներից, կինոստուդիայի աշխատակիցներից, այնտեղ կլինի նաեւ իմ ընտանիքը։ Այս փառատոնն ու ես սկսել ենք իրար հետ գոյություն ունենալ: Փառատոնի երկրորդ տարում ցուցադրվեց իմ դիպլոմային աշխատանքը, եւ այդ օրվանից ներկայացրել են իմ բոլոր ֆիլմերը: Հայրենի հողի վրա ֆիլմ ներկայացնելն ուրիշ պատասխանատվություն է, եւ «Ոսկե ծիրանն» ինձ համար ամենահամով-հոտով փառատոնն է:
- Ի՞նչ տարբերություններ կնշեք արտասահմանյան եւ հայկական կինոփառատոնների միջեւ, եւ գուցե ինչ-որ բան կուզեիք փոխել մեզ մոտ։
- Շատ կուզեի, որ մենք բացօթյա դահլիճներում ֆիլմեր ցուցադրեինք, որովհետեւ դա լրիվ ուրիշ հետաքրքրություն է, եւ շատ հատուկ է իտալական փառատոններին։ «Կինոմոսկվա»-ում ունենք դրսի դահլիճ եւ կարող ենք դա կազմակերպել։
- Ինչպիսի՞ արձագանքներ եղան օտարերկրացիների կողմից, որոնք գուցե սպասում էիք, կամ գուցե անսպասելի էին։
- Չնայած շատ էի ուզում, բայց չէի սպասում, որ այս աստիճան կհետաքրքրվեն մեր կինեմատոգրաֆիայով։ Հանդիսատեսն ինձ հարցնում էր մեր ռեժիսորների անունները, ֆիլմերի անունները: Բեռլինալեում նույնիսկ որոշել են հրապարակել հայկական ֆիլմերի ցանկը, որոնք ես ներկայացրել եմ «Իմ հայկական ուրվականներ»-ում։ Կինոդիտողները եւ պրոֆեսիոնալները ցանկանում են ճանաչել մեր հայ կինոն, իսկ դա ինձ համար ամենամեծ մրցանակն է։
- Կա՞ն արդյոք թարգմանված կամ տողագրերով ֆիլմեր, որոնք հնարավոր է ներկայացնել օտարերկրացիներին։
- Որոշ ֆիլմեր կան, բայց շատ չեն։
Թամարա Ստեփանյանը
- Երբ փորձում ենք խոսել կյանքից հեռացած մեր հարազատների հետ, երբեմն նշանների կամ զգացողության ձեւով պատասխան ենք ստանում, ուրվականների հետ այս զրույցից հետո ստացե՞լ եք պատասխաններ։
- Հավես հարց եք տալիս: Շատ հարցեր ունեմ ու, երեւի, մի շատ կարեւոր պատասխան եմ ստացել (հուզվում է,-հեղ.)։ Շատ անգամ ինձ հարցնում են՝ որտեղ է իմ տունը, եւ ես չեմ կարողանում պատասխանել այդ հարցին, որովհետեւ տուն ունեմ Հայաստանում, Ֆրանսիայում, ունեցել եմ նաեւ Լիբանանում, բայց հասկացա, որ իմ տունը կինոն է, ու երբ ֆիլմի վերջում ասում եմ՝ կվերադառնամ տուն, ի նկատի ունեմ կինոն, որովհետեւ դա միակ տեղն է, որտեղ ես ինձ լավ եմ զգում ու ապահով։ Հասկացա, որ ես շատ տաղանդավոր նախնիներ եմ ունեցել: Հպարտ եմ, որ Մալյան, Դովլաթյան, Հովհաննիսյան անուններով նախնիներ ունեմ կինեմատոգրաֆիայում։ Ես հպարտ եմ իմ հայ ազգով եւ հպարտ եմ, որ մի փոքրիկ մասնիկն եմ այդ կինեմատոգրաֆիայի։
Զրուցեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Թամարա Ստեփանյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: