×


Սերը և արվեստը մի գրքում. ինչ է պատմում «Սիրեցավ»-ը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում 2025 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Տիգրան Բաղդասարյանի «Սիրեցավ» գրքի շնորհանդեսը, որը համախմբել էր մի շարք ընթերցասերների, մշակույթի ներկայացուցիչների և այլ հյուրերի։ 

Միջոցառման բացումն արեց գրքի հեղինակը՝ Տիգրան Բաղդասարյանը՝ հանդես գալով ողջույնի և շնորհակալական խոսքով․ 


«Ողջունում եմ բոլորիդ և ուրախ եմ ձեզ ներկա տեսնել ինձ համար շատ կարևոր այս միջոցառմանը։ Շնորհակալ եմ ընկերներիս, ովքեր ամեն պահի աջակցել են ինձ, քանի որ ունենալ տաղանդավոր ընկերներ կյանքում մեծագույն կոչում է։ Շնորհակալ եմ նաև ծնողներիս՝ նրանցից ստացած առանձնահատուկ աջակցության համար»։ 

«Եթե գրքի գոնե մեկ տողում դուք կարողանաք գտնել ինքներդ ձեզ, և եթե գոնե մեկ տող ձեզ փոխանցի սեր, ջերմություն և կարոտ, ապա իմ աշխատանքը կհամարեմ իմաստավորված», – ընդգծեց հեղինակը։ 

Բաղդասարյանը նշեց, որ գիրքը ստեղծվել է սիրո գաղափարի շուրջ․ քրիստոնյա մարդը, ըստ նրա, պարտավոր է սիրել կյանքի յուրաքանչյուր պահը, քանի որ «առանց սիրո առաջնայինը կարող է դառնալ չարիքը»։ 


Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ՝ հեղինակի ընթերցմամբ։ Այնուհետև խոսքով հանդես եկան մի շարք հյուրեր։

«Ճիշտ է, Տիգրանը միշտ ասում է, որ հպարտությունը մեղք է, բայց ես այսօր թեկուզ մեղք գործելով կասեմ, որ հպարտ եմ քեզանով։ Ուրախ եմ, որ քո գրքի հենց առաջին տողերից կողքիդ եմ եղել, տեսել եմ քո աշխատանքը և ցանկանում եմ, որ քո հետագա գրքերն էլ ավելի մեծ սիրո մասին լինեն», – նշեց երգիչ Վարդան ԽաչատրյանըԵրգչուհի և կինոդերասանուհի Լիլիթ Կարապետյանը իր հերթին նշեց․ «Ես անչափ ուրախ եմ, որ մեր կողքին կանգնած է քեզ նման ընկեր՝ մարդ, ում, նույնիսկ, չեմ վախենա կոչել մտավորական, տաղանդավոր և հոգով հարուստ»։ Այնուհետև նա բոլոր ընթերցողներին մաղթեց հուզումնալից ու խոստումնալից ընթերցում, իսկ հեղինակին՝ լուսավոր և բեղմնավոր ստեղծագործական ուղի։ Նկարիչ, դիզայներ, «Voskan» բրենդի հիմնադիր Աշոտ Ոսկանյանն ասաց․


«Գիրքն արդեն ընթերցել եմ, քանի որ հեղինակի հետ պետք է նկարազարդեինք այն, և ես պետք է ծանոթ լինեի ամբողջ ընթացքին։ Բավականին էմոցիոնալ է ստացվել և լիովին արտահայտում է Տիգրան Բաղդասարյանի ներաշխարհը։ Համոզված եմ՝ շատերը կարող են իրենց այնտեղ գտնել»։

Հեղինակի մայրը՝ Իրինա Խաչատրյանը, նույնպես կիսվեց իր զգացողություններով՝ նշելով, որ որդու գրական ուղին անակնկալ էր իրենց ընտանիքի համար.

«Իրականում պատկերացրել էի, որ իմ տղան մի օր կկանգնի հանրության առաջ, բայց ոչ որպես գրքի հեղինակ։ Ավելի շատ համոզված էի, որ նա կերգի, կամ կդառնա ճանաչված նկարիչ»։


Նա հավելեց, որ մի օր տանն էր, երբ դուռը ծեծեցին․ բացելով տեսավ Տիգրանին՝ իր հետ բերած թղթերով լիքը արկղերով։ Հարցին, թե ինչ արկղեր են, Տիգրանը պատասխանել էր, որ գիրք է գրում։ 

Երիտասարդ բանաստեղծը նշեց, որ իր ստեղծագործական ուղին, հնարավոր է, չսահմանափակվի միայն բանաստեղծություններով, և առաջիկայում սպասվող նորություններ ևս կլինեն։

«Ես միշտ գրում եմ, բայց գրածներս երբեք պլանավորված չեն․ դրանք ծնվում են ինքնաբուխ և անկեղծ սրտից։ Երբ իմ ստեղծագործությունները կրկին այնպիսի քանակության կհասնեն, որ կարողանան դառնալ գիրք, անպայման կհրատարակվեն»,- ասում է հեղինակը։

Նշենք, որ գրքի վաճառքից ստացված ամբողջ հասույթը ուղղվելու է բարեգործական նպատակների։

Տեքստը՝  Աննա Նազարյանի
Lուսակարները՝ Վարդուհի Մարկոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW