×


«Ոչ բոլոր կանայք կդիմանային նման իրավիճակին». Արմուշը՝ ընտանիքի եւ հայրենիքում ծրագրերի մասին

Տասը տարի անց «Վիտամին ակումբը» վերադառնում է՝ նույն դեմքերով, բայց նոր ծրագրով ու հումորով: Դեռ նախորդ տարի BRAVO.am-ի հետ զրույցում Արման Խաչատրյանը (Արմուշ) խոսել էր իր այս երազանքի մասին՝ նշելով, որ անպայման իրագործելու է։

- Եկավ բաղձալի պահը: 

- 3-4 տարի այս գաղափարը սեւեռուն մտքի նման ուղեկցում էր ինձ, բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր իրականացմանը։ Եվ մի օր ԱՄՆ-ից զանգահարեց մեր լավ ընկեր Կարեն Ռաֆայելյանն ու ասաց. ««Վիտամին ակումբ»-ի 10-ամյակն է լրանում, պետք է անպայման կյանքի կոչենք նախագիծը»։

Ինչպես ասում են՝ այգեպանը հավաքեց բոլոր վիտամիններով մրգերը՝ հոգալով թե՛ ֆինանսական, թե՛ կազմակերպչական բոլոր հարցերը, եւ մենք սկսեցինք աշխատել սցենարի վրա։ Գլխավոր սցենարիստներն են Ռոբերտ Մարտիրոսյանը, Չարենցը եւ Գարիկ Պապոյանը։ 

Սեպտեմբերի 19-ին Բեւեռլի Հիլզում տեղի կունենա մեր ներկայացումը։ Երբ համացանցում հայտնվեց պաստառը, արձագանքներն այնքան բուռն ու դրական էին, որ չէինք հասցնում պատասխանել մեկնաբանություններին։

Արման Խաչատրյանը


- Բայց Գարիկ Պապոյանը պատկերված չէ պաստառում:

- Գաղտնիք չէ, որ Գարիկը չի կարող գալ Միացյալ Նահանգներ: Նա կմիանա մեզ այլ երկրներում։ Առայժմ չեմ ուզում շատ բացել փակագծերը, բայց միայն ԱՄՆ-ով չենք սահմանափակվելու։ Դե, Հայաստանը չի էլ քննարկվում։

- Միանգամայն նոր ծրագի՞ր եք կազմում։

- Այո, բայց կլինեն նաեւ արդեն սիրված համարներից: Չեք պատկերացնի, թե մեր  հանդիպումներին ինչ նոստալգիա ենք ապրում։ Մեզ արդեն միացել է նաեւ Վաչե Թովմասյանը:

– Օսկարակիր Վաչեն կլինի՞ ձեզ հետ նույն բեմում։

– Այո՛, Վաչեն նույն Վաչեն է ու ոչ մի կերպ չի փոխվել, ուղղակի մի ստորագրություն է թողել «Օսկար»-ի պատմության մեջ։ Անկեղծ՝ շատ անհամբեր եմ սպասում այդ օրվան, քանի որ մենք կարոտել ենք հանդիսատեսին, կարծում եմ՝ իրենք էլ՝ մեզ։

- Արմուշ, ինը տարվա դադարից հետո կարծես վերականգնում ես բոհեմական կյանքդ. վերադարձար հայրենիք ու միանգամից սկսեցիր մասնակցել նկարահանումների՝ «Երկու աստղ» նախագիծ, սիթքոմներ, հեռուստատեսային այլ նախագծեր։

- Ռաֆայել Երանոսյանն առաջարկեց խաղալ սիթքոմում։ Եկա, նկարահանվեցի... Մի օր էլ ընկերներս սոցցանցում հրապարակեցին աշխատանքային լուսանկար՝ «Արմուշ, հետ արի, կարոտել ենք» մեկնաբանությամբ: Ու ես կրկին համոզվեցի՝ պետք է վերադառնամ։ Եկա հայրենիք, ու սկսվեց ստեղծագործական բուռն գործընթացը։ Հանրայինից առաջարկեցին մասնակցել «Երկու աստղ»-ին, եւ այդ պահից էլ մի նոր կյանք սկսվեց ինձ համար։ Ինքս ինձ էլ նորովի բացահայտեցի։

Արմինե Գեւորգյանը եւ Արման Խաչատրյանը


- Բոլորի համար էր բացահայտում, անգամ՝ կնոջդ, որն անկեղծորեն ասաց. «Ես չգիտեի, որ Արմուշը երգում է»։ Տպավորություն է, որ վերածնունդ ես ապրում։

- Այո՛: Շատ էի կարոտել եւ իսկապես նոր շունչ եմ ստացել հայրենիքում։ Միշտ մտածել եմ, որ մի օր երգելու եմ, բայց ոչ որպես երգիչ, այլ՝ որպես երգող դերասան, ինչը եւ տեղի ունեցավ։ Այս նախագծում Մաշա Մնջոյանի ներդրումը շատ մեծ է։ Նա ինձ ոգեշնչում էր, վստահություն տալիս, որ կարող եմ դուրս գալ բեմ ու երգել։

- Ամեն անգամ, երբ նոր համար էիք ներկայացնում, հիշում եմ Գարիկի ու Արամի զարմացած հայացքները։

– Այո՛։ Վաչեն մի օր զանգեց ու զարմացած ասաց. «Լսի՛, մենք 2006-ից իրար ճանաչում ենք, բայց դու էս ինչ ես անում»։

– Իսկ կա՞ ելույթ, որը կառանձնացնես։

– Բոլորն էլ հետաքրքիր էին, բայց ժողովրդական ժանրի մրցույթի ժամանակ, երբ երգեցինք «Մշո գորանի»-ն, լրիվ ուրիշ էր։ Ծանոթ չէի այդ երգին, ու Մաշայի շնորհիվ ծանոթացա։ Աննկարագրելի զգացողություններ ունեի երգելիս։ Շատ խորը ու տխուր ստեղծագործություն է։ Ես երգում էի մեր կորուստների մասին, ու աչքիս առաջ գալիս էր իմ պապական տունը։ Արմատներով արցախցի եմ։ Մորական կողմս Բանանց գյուղից է։ Մենք ամեն տարի ամառային արձակուրդներին գնում էինք այնտեղ։ Վերջին անգամ գյուղում եղա 1988-ին, քանի որ եկան ու վերցրին... Իհարկե, փորձերին ավելի լավ էի երգում: Նկարահանման ժամանակ մեջս ամեն ինչ խառնվել էր։ Անկեղծ՝ մինչեւ հիմա արձագանքներ կան։



- Արմուշ, խախտեցիր չգրված օրենքը. մարդիկ գնում են Ամերիկա ու մնում են, դու գնացիր ու հետ եկար։

- Կա նման բան։ Այստեղ՝ հայրենիքում, այլ է։

- Դժվա՞ր չէ ընտանիքից հեռու ապրել։ Եվ ուզում եմ վերջ դնել տարատեսակ խոսակցություններին, թե իբր «Արմուշը բաժանվել է»։

-  Չգիտես՝ ինչու, մարդիկ միշտ վատն են մտածում։ Փառք Աստծո, չենք բաժանվել։ Գժի պես իրար սիրում ենք։ Բնականաբար, դժվար է, բայց դժվարություններն էլ հաղթահարելու համար են։ Ընտանիքս ինձ հետ անցնում է այս փորձությունների միջով։ Դանիելը՝ մեծ տղաս, այսօր պատասխանատու է ընտանիքի համար ու պատվով անցնում է: Այս կյանքում ոչ մի բան պատահական չի լինում։ Իրենք շատ ըմբռնումով են մոտենում իմ ստեղծագործական կյանքին։ Բայց ամենաշատը կարոտում եմ Անահիտին. աղջիկս մի ուրիշ ձեւով կախարդել է ինձ։

- Լուսինեն մի օր ասաց. «Հիմա Արմուշը ժպտում է, ինչի համար միայն ուրախ եմ: Ուզում եմ, որ միշտ ստեղծագործի»։

- Լուսինեն ինձնից շատ է ուրախացել։ Ամպագոռգոռ բառեր չեմ ուզում ասել, բայց կարելի է մատների վրա հաշվել կանանց, ովքեր իրենց ամուսնու աշխատանքն այդպես գնահատում են ու պատրաստ են ժամանակավորապես միայնակ անցնել ճանապարհը երեխաների հետ: Ոչ բոլոր կանայք կդիմանային նման իրավիճակին:

- Կարծրատիպ կա, որ հումորիստը միշտ ուրախ է, ժպիտը՝ դեմքին: Բայց ես տեսել եմ, թե տղաներդ ինչպես են զգաստանում, երբ տուն ես մտնում: Բավական խիստ հայր ես։

- Ընտանիքի հանդեպ լրջությունն այլ թեմա է։ Շատ պահանջկոտ հայր եմ ու գժվում եմ, երբ մտնում եմ տուն ու տեսնում, որ տղաներս պարապ նստած են։ Կարծում եմ՝ չպետք է անիմաստ ժամանակ վատնեն, պիտի մի օգտակար բանով զբաղվեն։ Դանիին ասել եմ՝ ես հեռու եմ, բայց իմ աչքերն ու ձեռքերը շատ մոտիկ են։ Նույն զգոնությունը պահանջում եմ Էդուարդից։ Իհարկե, Դանիի հետ արդեն մի քիչ ավելի մեծավարի է շփումս։ Տղաս իր ծրագրերի մասին պատմում է ինձ, ես էլ իր հետ եմ կիսվում:

Արման Խաչատրյանը


- Դանին հիմա նկարահանվում է սերիալում։ 

- Փոքր ժամանակ շատ էր սիրում բեմն ու հետնաբեմում մեծանում։ Նմանակում էր թե՛ Չարենցին, թե՛ Գարիկին, Արամին։ Հետաքրքիր ձգտում ուներ դեպի արվեստը, բայց տարիքի հետ անցավ: Մի քանի ամիս առաջ Սարգիս ու Մանո Գրիգորյանները որոշեցին նոր նախագիծ իրականացնել եւ քասթինգ հայտարարեցին։ Դանին որոշեց մասնակցել, եւ ես շատ ուրախացա։ Անցավ քասթինգը, բայց ոչ որպես Արմուշի տղա, քանի որ միշտ դեմ եմ եղել դրան։ Ինքնուրույն պետք է հարթի իր ճանապարհը։ Իսկ Էդուարդը «հիվանդացավ» ֆուտբոլով։ Սկզբում դարպասապահ էր, հետո ասաց, որ ուզում է դաշտում լինի։ Հաջողություններ արդեն գրանցել է։ Բացի այդ, Հայաստանի մասնագետների օգնությամբ առցանց ֆիզիկա եւ մաթեմատիկա է պարապում։

- Արմուշ, փաստորեն, հիմա Միացյալ Նահանգներ հյուրախաղերի ես գնալու։

- Դե, այդպես ստացվեց։ Սեպտեմբերի 19-ին հանդիսատեսին կփոխանցենք անթիվ-անհամար վիտամիններ։ Իսկ համերգներից հետո կվերադառնամ հայրենիք՝ պատրաստվելու հաջորդ հյուրախաղերին։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW