Մուտք ենք գործել կանանց ամենասիրելի մեկամսյակ՝ լի շնորհավորանքներով, ծաղիկներով ու մաղթանքներով: Դերասանուհի եւ հաղորդավար Իննա Խոջամիրյանի համար մարտի 8-ն առաջին հերթին ասոցացվում է իր մայրիկի ու կարմիր կակաչների հետ:
«Երբ փոքր էի, ինձ համար մարտի 8-ը մամայիս տոնն էր, ու դե նաեւ մյուս մամաների: Պապան միշտ կարմիր կակաչներ էր բերում այդ օրը: Շատ էր բերում՝ շատ-շատ կարմիր կակաչներ ու կարմիր ժապավեն: Մի տարի ուժեղ վիճել էին, ու պապան մարտի 8-ին կարմիր կակաչներ չբերեց... Մամաս ավելի փրփրեց, ավելի նեղացավ, ու վեճը վերածվեց մի մեծ կռվի: Դասական կռիվ էր` սիրո, ուշադրության, հոգատարության պակասի, սպասելիքների ու իրականության, սենտիմենտալի ու ռացիոնալի մասին: Փոքր էի, աղոտ եմ հիշում արդեն, բայց այդ օրվանից սկսեցի կարմիր ծաղիկներ չսիրել»,- խոստովանել է դերասանուհին:
Տարիներ հետո արդեն ինքն է սկսել կարմիր ծաղիկներ ստանալ, բայց ամաչում էր ասել, որ դրանք չի սիրում, մինչեւ համարձակվել է այդ մասին բարձրաձայնել:
«Եվս մի մարտի 8-ին ամենեւին ծաղիկներ չստացա: Մամայի պես փրփրեցի, հուզվեցի, նեղացա: Դրամաներ, չարդարացված սպասելիքներ, ավելորդ հույզեր: Տարիներ անց՝ մի մարտի 8-ին, վերջապես սեպարացվեցի մամայի պրիզմայից ու իմ տրավմայից: Իմ միջավայրում միշտ ծաղիկներ պիտի ունենամ՝ անկախ օրից, գույնից ու նվիրողից: Ու այն, ինչ մաղթում եմ կանանց ու ուզում եմ տեսնել հայ կնոջ կյանքում, վերածել եմ գործի ու անում եմ ամեն օր: Իսկ մարտի 8-ը մամայիս ու դե մնացած մամաների տոնն է: Ու ես իրեն կարմիր կակաչներ եմ տանում: Սենտիմենտալ եմ, բայց անկեղծ»,- գրել է Իննա Խոջամիրյանը:
Լուսանկարները՝ theeiconn-ի


×
299





