Հանկարծամահ է եղել կինոօպերատոր, Հայաստանի կինոգործիչների միության անդամ, Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի անդամ, սիրված ու ճանաչված բազմաթիվ ֆիլմերի օպերատոր Արտավազդ (Արտո) Խաչատուրյանը:
«Անհավատալի է, անիրական։ Արտոյի կորուստը մեծ ցավ պատճառող կորուստ է, մշակութային կորուստ, լավ մարդու, լավ ընկերոջ, լավ գործընկերոջ կորուստ։ Արտոն դեռ 62 տարեկան էր եւ շատ անելիքներ ուներ թե՛ արվեստում, թե ՛ իր ընտանիքի ու մտերիմների համար»,- նշված է Հայաստանի կինոգործիչների միության հաղորդագրությունում:
Արտո Խաչատուրյանը 1981 թվականից աշխատել է «Հայֆիլմ»-ում: «Արցախյան օրագիր» հայտնի ֆիլմաշարի, Ցվետանա Պասկալեւայի «Նվիրյալները» նախագծի օպերատորն է: «Այս հաղորդաշարն իրականացրել ենք մեր ընկերների առաջ պարտքի զգացումով»,- «Կինոաշխարհ» կայքին տված հարցազրույցում ասել էր կինոօպերատորը:
2016 թվականին արված հարցազրույցից առանձնացրել ենք նրա մտքերից մի քանիսը.
– Մենք հայ ենք, մի՛ մոռացեք: Իսկ հայն Արցախյան պատերազմը չի կարող գնահատել դիտորդի հայացքով: Այնտեղ դու ո՛չ օպերատոր ես, ո՛չ լրագրող, դու կա´մ հայ ես, կա´մ հայ չես: Ես որպես հայ եմ գնացել Արցախ: Սկզբում պատերազմն ավելի ռոմանտիկ մի բան է թվում: Ոչ ոք չի մտածում, որ կարող է զոհվել, առնվազն՝ կարող է վիրավորվել: Դու չես զգում՝ ինչ է պատերազմը, մինչեւ կողքիդ ընկերը չի զոհվում:
– Արցախն ինձ համար հիշողություն չէ, այլ ներկա, որովհետեւ ամսվա մեջ առնվազն մեկ անգամ այցելում եմ Արցախ, հանդիպում ընկերներիս հետ: Ինձ համար ընդունելի չեն հայաստանցի, արցախցի տարանջատումները: Ես ընդունում եմ միայն «հայ» ասվածը: Կարեւոր չէ՝ որտեղից է մարդը, կարեւորը նրա ազնվության աստիճանն է:
- Հայկական յուրաքանչյուր թիզ հող ինձ համար հայրենիք է: Ինձ համար հայրենիք է նաեւ Արևմտյան Հայաստանը, որին նայելով մեղքի զգացում եմ ունենում: Մայրական կողմս արմատներով Արցախից է, իսկ հայրական կողմս՝ Վանից: Վանի ջարդերի ու ինքնապաշտպանական կռիվների ժամանակ հայրական տատիս ընտանիքի տասներեք երեխաներից ընդամենը երկուսն են փրկվել: Ցանկացած հայի մեջ ապրում են այս հիշողությունները, եւ լավ է, որ ապրում են, չնայած մենք պատմության դասերը լավ չենք սերտում: Եվ մեծ ու փոքր սխալների պատճառով հազարամյակների պատմություն ունեցող ազգն այսօր մի կերպ գոյատեւում է: Շատ ենք սխալներ թույլ տալիս:
BRAVO.am-ը ցավակցում է Արտո Խաչատուրյանի ընտանիքին եւ մտերիմներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: