×


Մահացել է «Իքս մարդիկ» եւ «Աստղային ճանապարհ» ֆիլմաշարերի աստղ Պատրիկ Ստյուարտը

Լոս Անջելեսի իր տանը՝ ընտանիքի անդամների ու ընկերների շրջապատում, 86 տարեկանում կյանքից հեռացել է բրիտանացի դերասան Պատրիկ Ստյուարտը։ Նա կյանքի վերջին շրջանում Ալցհայմերի հիվանդություն եւ Լյուիի մարմնիկներով դեմենցիա է ունեցել, հայտնում է The Guardian-ը: 

«Սըր Պատրիկ Ստյուարտը մահացել է իր տանը՝ սիրելի կնոջ՝ Սաննիի սիրառատ խնամքի ներքո։ Նա ընտանիքի անդամների եւ ընկերների ջերմ գրկում էր՝ կենդանի երաժշտության, աղոթքների, արցունքների, ծիծաղի եւ այն խոր զգացմունքների ուղեկցությամբ, որոնք միայն նա կարող էր արթնացնել մեզ բոլորիս նվիրված կյանքից հետո»,- նշված է նրա ընտանիքի հայտարարության մեջ։


Դերասանն առավել հայտնի է «Աստղային ճանապարհ. նոր սերունդ» սերիալում կապիտան Ժան-Լյուկ Պիկարի եւ «Իքս մարդիկ» ֆիլմաշարում պրոֆեսոր Չարլզ Քսավիերի դերակատարումներով։

Պատրիկ Ստյուարտը ծնվել է 1940 թվականին Անգլիայի Արեւմտյան Յորքշիր կոմսությունում։ Դերասանական կարիերան սկսել է 19 տարեկանում, իսկ 1966 թվականին միացել է հեղինակավոր «Royal Shakespeare Company»-ին։ Կարիերայի մեծ մասն անցկացրել է թատրոնում, թեեւ նկարահանվել է նաեւ բազմաթիվ ֆիլմերում։


2009 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Ստյուարտին ասպետի կոչում է շնորհել։

Ստյուարտն ակտիվորեն զբաղվում էր տարբեր սոցիալական խնդիրներով եւ բարձրացնում հանրային իրազեկվածությունը։ Մասնավորապես, անդրադառնում էր պատերազմի վետերանների շրջանում ընտանեկան բռնության եւ հոգեկան առողջության խնդիրներին։ Նա նաեւ պաշտպանում էր փախստականների շահերը եւ պայքարում կենդանիների իրավունքների համար։

Առաջին ամուսնությունից երկու երեխա ունի՝ Դանիել եւ Սոֆի Ստյուարտները։

Կարդալ ավելին

Quality Sign BW