×


Նարեկ Ներսիսյանը սիրային դրամա է նկարահանում՝ Մալենկոյի, Ջանիբեկյանի, Ներսիսյանի եւ Հախվերդյանի մասնակցությամբ

Որտե՞ղ են հատվում սիրո, կրքի եւ հավատարմության սահմանները. այս հարցի շուրջ է նոր սիրային մելոդրաման՝ «Հպումը»։ Գլխավոր դերերում են Դիանա Մալենկոն, Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը եւ Լեւոն Հախվերդյանը։ Ֆիլմի բեմադրող ռեժիսորն ու պրոդյուսերը Նարեկ Ներսիսյանն է։ Պատրիկ Մարբերիի պիեսի տեղայնացված սցենարի հեղինակն Անահիտ Աղասարյանն է։

Ֆիլմի նկարահանումներն արդեն ընթացքի մեջ են։ Դրանցից մեկի ժամանակ նկարահանման հրապարակում է եղել Bravo.am-ը։


Սիրային քառանկյունին հայաֆիկացնելու միտքը ռեժիսորի մտքում վաղուց է ծագել։ Նրա խոսքով՝ թեման արդիական է Հայաստանում։

«Մեր հասարակությունում կան ֆիլմի բոլոր կերպարներն ու նրանց միջեւ եղած հարաբերությունները։ Անկախ տարիքից ու սոցիալական դիրքից՝ շատերն են հայտնվում սիրային ու զգացմունքային ինտրիգների մեջ։ Բովանդակային առումով քիչ բան ենք փոխել, նույնիսկ ավելի ենք հարստացրել, որովհետեւ սցենարի տեղայնացման եւ դերասանների հետ աշխատանքի ընթացքում նոր տեսարաններ են ավելացել։ Դերասանները կատակում են, որ ամենաշատ փորձեր ունեցող նախագիծն է, բայց հուսամ՝ այդ ամենը դրական եւ լավ արդյունքի համար ենք արել»,- ասել է Նարեկ Ներսիսյանը։


«Հպում» սիրային դրաման պատմում է Դանի, Ալիսի, Աննայի եւ Լեւոնի սիրային քառանկյունու մասին։ Դանի ու Ալիսի պատահական հանդիպումը վերածվում է սիրո, բայց Դանը հրապուրվում է Աննայով։ Նրա միջոցով Աննան ծանոթանում եւ ամուսնանում է Լեւոնի հետ, սակայն Դանն ու Աննան գաղտնի սիրավեպ են սկսում։


Ալիսի դերում Դիանա Մալենկոն է, որը ներկայանալու է նորովի՝ մարմնավորելով մի աղջկա, որը հանգամանքների բերումով դարձել է մերկապարուհի։

«Մոտ երկու տարի մերժելով գրեթե բոլոր տեսակի կոմեդիաները, որոնք, կարծում եմ, հոգնեցրել են թե ՛դերասաններին, թե՛ մեր հանդիսատեսին, սպասում էի, որ վերջապես այլ ժանրի առաջարկ կստանամ, եւ այս նախագիծն առաջինն էր։ Պիեսին վաղուց ծանոթ եմ եւ շատ եմ հավանում: Ստանալով նման առաջարկ՝ կարելի է ասել՝ ինքս ինձ մարտահրավեր նետեցի՝ հասկանալու, թե ինչ կարող եմ անել այս կերպարը մարմնավորելիս»,- ասաց Մալենկոն։


Անցյալի խնդիրները հաղթահարած եւ հոգեպես ամրացած կնոջ կերպարում Լուիզա Ներսիսյանն է:

«Սա կարելի է համարել դերասանի ֆիլմ։ Պետք է կարողանաս լիովին դրսեւորել քեզ, եւ չորսս էլ շատ աշխատանք ունենք անելու։ Հուսով եմ՝ կստացվի։ Փոխհարաբերությունների մասին ֆիլմ է։ Չեմ ցանկանա առանձնացնել իմ կերպարը, քանի որ խոսքն այս քառանկյունում ձեւավորվող զգացմունքների, ձգողականության եւ գայթակղությունների մասին է։ Ամենակարեւորն է, որ կյանքում հասկանաս՝ ընտրությո՞ւն ես անում, թե՞ տրվում ես պահի, ակնթարթի հրապուրանքին։ Կյանքում հաճախ են մարդիկ բախվում նման իրավիճակների, եւ լավ կլինի, որ ֆիլմը դիտելով՝ կարողանան ճիշտ եզրահանգման գալ»,- նշեց Լուիզա Ներսիսյանը։


Իրավիճակներին տուրք տվող բժշկի դերում Սոս Ջանիբեկյանն է, որը ֆիլմում նկարահանվելու առաջարկն ընդունել է նախեւառաջ սցենարի համար:

«Երկրորդ պատճառը դերասանական կազմն է։ Նարեկի հետ առաջին անգամ ենք աշխատում, եւ վստահ եմ՝ ինքն էլ մեծ շարժառիթ ու մղումներ ունի լավ բան ստեղծելու։ Ինչպես արդեն նշեցին գործընկերներս, ֆիլմի հիմքում մարդն է՝ իր ապրումներով ու փոխհարաբերություններով։ Այս առումով դերասանը մեծ հնարավորություն ունի իրեն նոր կողմից ցույց տալու։ Բացի այդ, շատ լավ է, որ հայկական կինոարտադրության մեջ նոր ժանրեր ու ձեւաչափեր են գալիս»,- ասաց Ջանիբեկյանը։


Երիտասարդ ու նոր փորձառություններ փնտրող տղամարդու դերում Լեւոն Հախվերդյանն է։ Նրա խոսքով՝ նախագիծը կարեւոր է նրանով, որ դրաման եւ մարդկային հարաբերությունները գեղեցիկ գծով անցնում են ամբողջ ֆիլմի միջով։

«Նարեկին տասը տարի է՝ ճանաչում եմ եւ միշտ էլ գիտեի, որ նրա երազանքն է ֆիլմ նկարել։ Աշխատելով բոլորովին այլ ոլորտում՝ մտովի կինոյի աշխարհում էր։ Այսօր հասել ենք նրա այդ երազանքի իրականացմանը։ Առանց մի վայրկյան մտածելու՝ ինչ աշխատանք է, ինչ ենք անելու, եղել եմ նրա ու թիմի կողքին։ Կերպարս ինձ համար շատ կարեւոր է եւ խաղալու մի քանի շերտ ունի: Մարմնավորում եմ միայնակ, ոչ այնքան հաջողակ գրողի, որը միաժամանակ մի քանի կնոջ է սիրում։ Ֆիլմում կան սեր, զգացմունք, կապվածություն եւ մտերմություն»,- ասաց Լեւոն Հախվերդյանը։


Ֆիլմում դավաճանությունները քանդում են երկու զույգի հարաբերությունները՝ սերը վերածելով խանդի, վրեժի եւ ճշմարտությունը բացահայտելու մոլուցքի:

«Նման ձեւաչափի ֆիլմ Հայաստանում դեռ չի եղել։ Դերասանների խաղի եւ ֆիլմի սցենարի շնորհիվ պետք է հասկանանք՝ որտեղ է հատվում կամ խզվում սիրո, կրքի եւ հավատարմության թելը։ Գիտեմ, որ հանդիսատեսը շատ դեպքերում նախընտրում է կոմեդիաներ, որոնք չեն ծանրաբեռնում իր առօրյան, բայց սա այդ դեպքը չէ։ Այստեղ ներկայացվելու են մարդուն բնորոշ կարեւոր գծեր եւ իրականությունը»,- ասաց ֆիլմի ստեղծագործական պրոդյուսեր Արմինե Բրսոյանը։


«Հպում» սիրային մելոդրամայի պրեմիերան նախատեսվում է 2027 թվականի գարնանը։ Ֆիլմի երկրորդ ռեժիսորը Սասուն Մելիքյանն է, օպերատորը՝ Ֆելիքս Շախտոյանը։ Պաստառի հեղինակն Արվին Քոչարյանն է։

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW