«Խաչատրյան» տրիոյի անդամ, ջութակահար Կարեն Շահգալդյանն այս օրերին համերգներով Շանհայից ոչ հեռու գտնվող Վուսի քաղաքում է, որը Չինաստանի պատմական եւ մշակութային կենտրոններից մեկն է:
Մինչ այնտեղ հասնելը երաժիշտը կիսվել էր հետաքրքիր լուսանկարով՝ օդանավակայանում անցկացրած փորձից։ «Երբ պետք է երկար սպասել, բայց ցանկանում ես պարապել, միշտ էլ ելքը կգտնես»,- գրել էր նա:
BRAVO.am-ը խոսել է ջութակահարի հետ եւ պարզել, թե ինչ հանգամանքներում է արվել լուսանկարը:
«Բավական պատահական ստացվեց: Մոսկվայում շատ երկար՝ մոտ 8 ժամ, պետք է սպասեի մյուս թռիչքին, երբ բիզնես սրահում սենյակներ նկատեցի եւ ադմինիստրացիային խնդրեցի մեկն ինձ տրամադրել, ինչն էլ սիրով արեցին: Որպեսզի կողքիս գտնվող մարդկանց չխանգարեմ, խլացուցիչով էի պարապում, այնպես որ՝ բոլորը գոհ մնացին»,- խոստովանել է նա:
Լուսանկարում երեւում է, թե որքան տարողունակ է Շահգալդյանի ջութակի պատյանն ու որքան հետաքրքիր իրեր է այնտեղ տեղավորել:
«Պատյանում շատ բաներ է հնարավոր գտնել: Առաջին հերթին այնտեղ են ամենահարազատ մարդկանց նկարները: Նրանք միշտ ինձ հետ են: Շատ են նաեւ ջութակի համար նախատեսված աքսեսուարները՝ մեծ քանակությամբ պահեստային լարեր, տարբեր մեղմոցներ, հատուկ սրբիչներ եւ այլն: Առանձին բաժին է հատկացված փոքրիկ թալիսմաններին, որոնք ինձ տարբեր քաղաքներում ունեցած համերգներից հետո նվիրել են: Դրանց թվում շատ հետաքրքիր իրեր կան: Ինչպես նաեւ հետս նոտաներ, փաստաթղթեր ու լարեր ունեմ»:
Երաժիշտն անկեղծացել է, որ ճանապարհորդել, ավելի ճիշտ՝ հյուրախաղերով ելույթ ունենալ շատ է սիրում: Ու այնպես է ստացվել, որ գրեթե միշտ համերգներով շրջագայում է:
«Իմ մասնագիտության շնորհիվ համարյա ամբողջ աշխարհում եղել եմ՝ ավելի քան 50 երկրում: Աննկարագրելի զգացողություն է: Վուսիում է գտնվում Բուդդայի ամենամեծ արձաններից մեկը, հետաքրքիր բազմաթիվ այլ բաներ էլ կան: Այստեղ ելույթ ենք ունենում «Խաչատրյան» տրիոյի իմ գործընկերների հետ, որոնց հետ նախորդ տարի նշել ենք անսամբլի 25-ամյակը»,- նշել է նա:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարներն՝ Կարեն Շահգալդյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: