Մկրտիչ Արզումանյանը եւ Լիանա Վանոյանը նոր բազմասերիանոց ֆիլմի գլխավոր դերերում են։ Նոյեմբերի 18-ից Uplay հարթակի բաժանորդների համար հասանելի է Ucom-ի եւ Armflix-ի համատեղ արտադրությամբ ստեղծված «13 վայրկյան» ֆիլմը, որի պրեմիերային ԿինոՊարկում ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը եւ հետաքրքիր մանրամասներ պարզել նոր նախագծի մասին։
«13 վայրկյան»-ը միախառնում է դետեկտիվ եւ կատակերգական ժանրերը։ Դինամիկ ու հետաքրքրաշարժ պատմության կենտրոնում քննիչ Մոնիկան եւ նախկին սպա Մայիսն են։ Նրանք փորձում են բացահայտել քաղաքի խոշոր հանցախմբերից մեկի կազմակերպած նոր հանցագործությունը՝ անցնելով արկածներով լի եւ հաճախ ծիծաղաշարժ իրավիճակների միջով։ Բազմասերիանոց ֆիլմը բաղկացած է 16 մասից։
«Մենք կարեւորում ենք մեր բաժանորդներին ժամանակակից եւ բարձրորակ բովանդակություն ներկայացնելը եւ շարունակելու ենք ընդլայնել Uplay հարթակի հնարավորությունները։ Ուրախ ենք, որ այս ֆիլմը հասանելի է Uplay-ում, եւ մեր բաժանորդները հնարավորություն ունեն վայելելու հետաքրքիր պատմություններ եւ ժամանցի նման փորձառություն ունենալ»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Քննիչ Մոնիկայի դերում հանդես եկող Լիանա Վանոյանն անկեղծացել է, որ իր համար ամենահետաքրքիր նախագծերից է, եւ առաջին անգամ էր, որ նման կերպարում պիտի ներկայանար․ «Փորձել եմ գունավորել այնպես, որ իմ ինստագրամյան գործունեությանը եւ իմ ունեցած կերպարներից ոչ մեկին ընդհանրապես նման չլինի։ Բացի այդ, ինձ համար մեծ փորձառություն էր Մկրտիչ Արզումանյանի հետ հանդես գալը, քանի որ միշտ շատ սիրել եմ նրա աշխատանքները։ Մեծ պատիվ էր նրան անձամբ ճանաչել, շփվել ու աշխատել միասին»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Վանոյանը։
Նա շեշտել է, որ նախագիծը նաեւ ուսուցողական է, չէ որ դիտողների շարքերում շատ են երեխաները․ «Սյուժեի հիմքում թմրանյութերի դեմ պայքարն է։ Հետո էլ փորձել ենք բացարձակ զերծ մնալ տարօրինակ ու վատ բառապաշարից։ Շատ եմ սիրել այս նախագիծը եւ վստահ եմ, որ դեռ երկար ճանապարհ ունենք Uplay-ի եւ Armflix-ի հետ»։
Մկրտիչ Արզումանյանն էլ մեր զրույցում ընդգծել է, որ ֆիլմը կարող է հետաքրքրել տարբեր տարիքային խմբերի մարդկանց՝ թե՛ մեծերին, թե՛ փոքրերին․ «Շատ մաքուր է այս նախագիծը, սպիտակ է ու, կարծում եմ, բոլորի համար է։ Շատ եմ կարեւորում այն, թե ինչի դեմ են հերոսները պայքարում։ Ցավոք, նմանատիպ բացասական երեւույթները ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում շատ տարածված են, այնպես որ, դեռ երկար պետք է խոսել, պայքարել եւ ուշադիր լինել, որ ներկա եւ գալիք սերունդները հեռու մնան այդպիսի երեւույթներից։ Իսկ դրանք այնքան շատ են, որ այս նախագիծը կարելի է անվերջ շարունակել»։
Ucom-ի TV ծառայությունների եւ կոնտենտի բաժնի ղեկավար Տիգրան Դանիելյանն էլ BRAVO.am-ին պատմել է, որ մոտ մեկ տարի է, ինչ Ucom-ն իր Uplay հարթակով համագործակցում է Armflix-ի հետ, եւ որպես հեռարձակող ամենամեծ հարթակներից մեկը՝ Armflix-ը հնարավորություն է տալիս Ucom-ի բաժանորդներին հետեւել նաեւ իր ստեղծած բովանդակությանը. «Սա իսկապես մեծ համագործակցություն է, եւ մենք կարծում ենք՝ լավ առիթ էր ստեղծել նաեւ սեփական կինոարտադրանքը։ Հրաշալի դերասանական կազմ է ընտրված, ստեղծագործական ընթացքն էլ շատ հետաքրքիր էր։ Հաշված օրեր են մնացել, որ հեռուստադիտողն էլ տեսնի այն, ինչը մեծ սիրով ու ոգեւորությամբ ենք ստեղծել»։
Ֆիլմի պրեմիերային ներկա հյուրերը դիտել են «13 վայրկյան»-ի երկու սերիա։ Ֆիլմի բոլոր մասերը հասանելի են https://uplay.am/ հարթակում, որտեղ ներկայացված են նաեւ 200-ից ավելի հեռուստաալիքներ, ֆիլմեր, սերիալներ եւ այլ նախագծեր՝ տարբեր ժանրերի սիրահարների համար։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի /Bravo.am/


×
129







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: