Լոս Անջելեսում բնակվող հաղորդավար Արման Մարգարյանն ու կինը՝ դիջեյ Յուլիա Կուտեպովան, այս օրերին Հայաստանում են, որտեղ էլ կազմակերպել են իրենց որդու՝ Ալանի մեկամյակի ու մկրտության արարողությունները: Հաղորդավարը Bravo.am-ին պատմել է այցի հաճելի եւ անմոռանալի պահերի մասին:
- Արման, տեւական ժամանակ Հայաստանում չէիք եղել: Ի՞նչն է Ձեզ նորից բերել հայրենիք։
- Հայաստան ենք եկել շատ գեղեցիկ ու կարեւոր ընտանեկան առիթով։ Այս տարի մեր փոքրիկ Ալանը դարձավ մեկ տարեկան, եւ որոշեցինք այդ կարեւոր իրադարձությունը նշել Հայաստանում՝ մեր հարազատների, ընտանիքի անդամների ու մտերիմների շրջապատում։ Ինձ համար շատ կարեւոր էր, որ որդուս առաջին տարեդարձը նշվեր այստեղ՝ իր ընտանիքի կողքին ու արմատներին մոտ։ Բացի այդ, Ալանի մկրտությունը կազմակերպեցինք: Այնպես որ, այս այցը մեզ համար շատ հուզիչ ու հիշարժան է։
- Եթե չեմ սխալվում, Ձեր կրտսեր որդու առաջին այցելությունն է Հայաստան։
- Այո, Ալանի առաջին այցն է, եւ դա մեզ համար առանձնահատուկ զգացողություն է։ Երբ ինքդ ես վերադառնում հայրենիք, այլ զգացողություն է, իսկ երբ երեխայիդ ես առաջին անգամ բերում, ամեն ինչ մի փոքր այլ կերպ ես ընկալում։
Ուզում ես, որ նա փոքր տարիքից ճանաչի իր ընտանիքին, տեսնի հարազատներին ու զգա այն ջերմությունը, որով մենք ենք մեծացել։ Գուցե հիմա նա դեռ չի գիտակցում այս ամենի նշանակությունը, բայց վստահ եմ՝ տարիներ անց այս օրերի լուսանկարներն ու պատմությունները նրա համար նույնպես շատ թանկ կլինեն։
Լուսանկարը՝ Արտաշես Մարտիրոսյանի Արման Մարգարյանի ընտանիքը
- Ինչպե՞ս է անցել ծանոթությունը եղբայրների ու ընտանիքի մյուս անդամների հետ։ Հատկապես կուզեի, որ պատմեք սիրելի Էվելինա Շահիրյանի հետ հանդիպման մասին։
- Ամենահուզիչ պահերից մեկն այն էր, երբ Ալանը հանդիպեց իր հարազատներին։ Ինձ համար շատ կարեւոր է, որ երեխաները կապ ունենան միմյանց հետ, ճանաչեն իրենց ընտանիքը եւ մեծանան՝ իմանալով, որ իրենց կողքին շատ հարազատ մարդիկ կան։
Իսկ տատիկիս՝ Էվելինա Շահիրյանի հետ հանդիպումն առանձնահատուկ էր։ Ընտանիքում տատիկների ու պապիկների դերը միշտ շատ մեծ է, եւ նրանց սերը ոչնչով հնարավոր չէ փոխարինել։ Ինձ համար շատ թանկ էր տեսնել այդ հանդիպումը, որովհետեւ նման պահերն են իրականում դառնում ընտանեկան ամենաթանկ հիշողությունները։ Ուզում եմ, որ Ալանն էլ մեծանա՝ ընտանիքի հանդեպ նույն սիրով ու կապվածությամբ։
- Ինչպե՞ս է անցել Ալանի կնունքի արարողությունը, եւ ի՞նչ լավ պահեր եք արձանագրել։
- Մեզ համար պարզապես գեղեցիկ արարողություն չէր, այլեւ շատ կարեւոր ընտանեկան ու հոգեւոր իրադարձություն։ Հաճելի էր այդ օրն անցկացնել մեր հարազատների հետ եւ ստանալ նրանց օրհնությունը։ Երբ երեխայիդ մկրտությունն անցկացնում ես հայրենիքում՝ ընտանիքիդ ու հարազատներիդ կողքին, այդ ամենը լրացուցիչ խորհուրդ է ստանում։
Իհարկե, շատ գեղեցիկ պահեր ունեցանք, լուսանկարներ ու տեսանյութեր արեցինք, բայց ինձ համար ամենակարեւորն այն զգացողությունն էր, որ Ալանի կյանքի այս կարեւոր օրը մենք՝ որպես ընտանիք, միասին էինք։ Հենց նման պահերն են, որ տարիներ անց հիշելիս ժպիտ են առաջացնում։
Լուսանկարը՝ անձնական արխիվից Արման Մարգարյանը
- Արդյո՞ք պլանավորում եք մնալ Հայաստանում եւ աշխատանքային ի՞նչ ծրագրեր ունեք:
- Այս պահին մեր այցը հիմնականում ընտանեկան է, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի հետ իմ աշխատանքային կապը դադարել է։ Միշտ սիրով եմ վերադառնում հայրենիք՝ նաեւ հետաքրքիր մշակութային ու ժամանցային նախագծերում ներգրավվելու համար։
Հոկտեմբերի 31-ին Կասկադում կայանալիք ջազ համերգի հաղորդավարն եմ լինելու, ինչի համար շատ ուրախ եմ։ Ինձ համար հաճելի է, որ հնարավորություն ունեմ վերադառնալ եւ մասնակցել Հայաստանի մշակութային կյանքին։ Իսկ թե ինչպիսին կլինեն հետագա ծրագրերը, կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա։ Ինձ համար կարեւոր է, որ աշխատանքային ու ընտանեկան կյանքում կարողանամ երկու երկրներում ունեցած հնարավորությունները ճիշտ համադրել։
Լուսանկարը՝ անձնական արխիվից Արման Մարգարյանի ընտանիքը
- Գուցե այլ ասելիք էլ ունե՞ք, որով ուզում եք կիսվել։
- Այս այցը եւս մեկ անգամ հիշեցրեց, թե որքան կարեւոր են ընտանիքի հետ անցկացրած օրերը, երեխաների համար ստեղծվող հիշողություններն ու հարազատների հետ կապը։ Ուրախ եմ, որ կարողացանք Ալանի առաջին տարեդարձն ու մկրտությունը նշել այստեղ, հուսով եմ՝ անձնական ու մասնագիտական ծրագրերով Հայաստան վերադառնալու առիթները շատ կլինեն:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի /Bravo.am/


×
261






