×


Տհաճություն առաջացնելու աստիճան հիանալի Ելենա Վարդանյանի կերպարը եւ հրեշավոր «Յամա»-ն

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում բեմադրել են Ալեքսանդր Կուպրինի ամենաբարդ ստեղծագործություններից մեկը: «Յամա»-ի ռեժիսորը Գոռ Մարգարյանն է: 

Դիպուկ ու արտահայտիչ ներկայացումը նվազագույն դեկորներով ու լուսավորությամբ է: 4 գեղեցիկ ջահերը հասարակաց տան աղջիկների ծանր ճակատագրերի ականատեսն են, իսկ երկար սեղանը միաժամանակ ե՛ւ հյուրեր ընդունելու ու դրանց շուրջ զրույցների համար է, ե՛ւ բեմահարթակ ու անկողին: Իրենց ասելիքը դերասանները փոխանցում են ոչ միայն ձայնի, երգերի ու պարերի միջոցով, այլ նաեւ հագուստների:


Հասարակաց տան տիրուհի Աննա Մարկովնայի հրեշավոր կերպարն ամբողջացնում է նրա անսովոր բարձր սանրվածքն ու չափազանց երկար պատմուճանը, որը նրա ուժի, դաժանության խորհրդանիշն է ու միաժամանակ այդ նույն երկար սեղանի սփռոցը: Որքան հրեշավոր է Աննա Մարկովնան, նույնքան նրան ազդեցիկ ու տհաճություն առաջացնելու աստիճան հիանալի է մարմնավորում Ելենա Վարդանյանը: 

Վառ ու ազդեցիկ կերպարները շատ են: Աղջիկներից ամեն մեկն իրեն վիճակված ճակատագիրը հաղթահարում է իրեն հատուկ էներգիայով ու գեղեցկությամբ: Միասին փոսի մեջ հայտնված Թամարան (Մարինա Թոփչյան), Լյուբկան (Հայարփի Զուռնաչյան), մեծ ու փոքր Մանկաները (Ելենա Եսայան եւ Յանա Թուրգունյան), Նյուրան (Մելսիդա Հակոբյան) եւ Վերան (Աննա Մանուչարյան) համակերպվել են իրենց իրականության հետ: Պայքարի այլ տարբերակ է ընտրում Ժենկան (Հռիփսիմե Նահապետյան): Նա իրեն էլ փրկել չի կարող, բայց հենց այնպես հանձնվել էլ չի պատրաստվում: 


Ելենա Վարդանյանը գլխավոր դերերից մեկը մարմնավորելուց բացի, ռեժիսորի տեխնիկական հարցերով օգնականն է եղել ու վերահսկել, որ ամեն ինչ ժամանակին հասցնեն: 

«Աննա Մարկովնան բարդ ճակատագիր է ունեցել, ինչպես եւ հասարակաց տանն աշխատող բոլոր աղջիկները։ Շատ դաժան ու կոշտ է դարձել: Նա դուստր ունի՝ Բերտան, որին պահում է քաղաքից դուրս ապրող պարկեշտ ընտանիքում, որպեսզի հիմարություններ չանի։ Ինձ թվում է՝ ամեն ինչ իր կյանքում արել է հենց հանուն աղջկա, որպեսզի նա ամենալավ ձիերն ու փեսացուներն ունենա եւ հանկարծ չկրկնի իր ուղին։ Այդ կերպ եմ արդարացնում նրա սատանայական կողմը, քանի որ հրեշ է, տհաճ, խորամանկ, չար, այն ժամանակաշրջանի իսկական բիզնես կին։ Տարբեր հնարքներ եմ կիրառել նրան ստանալու համար, ձայնային փոփոխությունների դիմել»,- պատմել է դերասանուհին:


Նախկինում Ելենա Վարդանյանը սատանա արդեն եղել է՝ Պուշկինի «Փոքրիկ ողբերգություններ»-ում Մեֆիստոֆելին է մարմնավորել, բայց Աննա Մարկովնան բոլորովին նոր հրեշ է նրա խաղացանկում, որը զբաղվում է կանանց վաճառքով ու բնավ էլ չի զղջում իր վարքի համար: Նրա խոսքով՝ գիտի, որ այրվելու է դժոխքում, բայց հանուն աղջկա մինչեւ վերջ է գնալու, քանի որ այլ մասնագիտություն չունի եւ էլ ոչինչ անել չի կարող:


«Շատ բարդ ներկայացում է, դրամա՝ ամենաուղիղ իմաստով: Աղջիկների ճակատագրերը տարբեր են ու ողբերգական. մեկին վաճառել են մանկության տարիներին, մյուսին՝ գտել աղբանոցում: Չափազանց սարսափելի պատմություններ են, հիմա էլ պատմում եմ ու փշաքաղվում։ Սեփական երեխաների հանդեպ պետք է ավելի ուշադիր լինել: Պարզ է, որ այլ ժամանակներ էին. կանայք չէին կարող փախչել կամ այլ աշխատանքով զբաղվել: Ստիպված տանում էին բոլոր ստորացումներն ու տառապանքները։ Հիմա էլ, ցավոք սրտի, կանանց վաճառքն ու թրաֆիքինգը տարածված են աշխարհում, ու անուշադրության պատճառով աղջիկները կարող են հայտնվել նման իրավիճակներում: Պետք է ուշադիր լինել միմյանց նկատմամբ ու հատկապես՝ կանանց»,- ավելացրել է նա։ 


Վարդանյանը երկրորդ անգամ է աշխատում Գոռ Մարգարյանի հետ: Առաջինը համավարակի տարում «Գարդենիա»-ի շրջանակում էր: Այդ դերի համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Արտավազդ»-ի է արժանացել: Հույս ունի, որ այս դերն էլ նույնքան հաջողակ կլինի:

Հռիփսիմե Նահապետյանը դեռ մեկ անգամ է Ժենկայի կերպարում բեմ բարձրացրել, բայց արդեն նրան իր կարիերայի կարեւոր դերերից է համարում: Նրան մարմնավորելիս դերասանուհին նորովի է բացահայտվել, ցույց տվել իր լավագույն կողմերն ու որակները: Բեմում Նահապետյանից աչք կտրելը չափազանց դժվար է. նա կլանում է իր էներգիայով, շարժումներով, հուզում ազդեցիկ երգով ու ճակատագրով:


«Ժենկային ստանալու ընթացքը շատ հաճելի էր: Հոգեպես այնքան բարդ չէր, որովհետեւ մեծ սիրով ու հաճույքով էի գալիս փորձերին: Դժվարությունն այն էր, որ ժամանակն էր սուղ՝ «Յաման» ընդամենը 2 ամսում ենք ստեղծել, իսկ նման բարդ ներկայացում ստանալու համար կուզեի, որ մի քանի փորձ ավելի անեինք: Այդ պատճառով պրեմիերայից առաջ հուզմունքը շատ էր, որ ամեն ինչ ճիշտ անենք»,- նշել է դերասանուհին:


Կերպարը մարմնավորելու համար վերընթերցել է Կուպրինի վեպը: Համարում է, որ այնտեղ կան բոլոր անհրաժեշտ հուշումները, թե դերասաններն ինչպես զգան իրենց կերպարներին, ու մարմնավորելիս ինչպես ընկղմվեն նրանց ճակատագրերի մեջ:


«Ներկայացումը ստանալու ընթացքում այնքան ենք զրուցել հասարակաց տների մասին, որ լրացուցիչ ուսումնասիրություններ անելու կարիք չի եղել: Իհարկե, մեր հերոսներն ուրիշ ժամանակաշրջանում են ապրել ու փախչելու մեծ հնարավորություն չեն ունեցել, եւ մենք հենց դա ենք ցույց տալիս: Երբեմն մոռանում ենք, որ մեր դիմաց մարդ է, որը շատ բան է զգում, ծանր ապրումներ ունի, եւ նրան վիրավորում ենք»,- եզրափակել է Նահապետյանը։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի 
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW