×


Դիանա Մալենկոն՝ «Փոքրիկ իշխանի» դերում․ Դրամատիկականը նոր ներկայացում ունի

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հանրությանը կներկայացնի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»՝ նոր, ժամանակակից մոտեցմամբ: Ընտանեկան ներկայացման պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 26-ին:

Ներկայացման ռեժիսորական հայացքը հիմնված է պարզ, բայց առանցքային գաղափարի վրա՝ Փոքրիկ իշխանը ոչ թե տարիքի մասին է, այլ էներգիայի: Դա ներքին լույսն է, որը կրում է մարդը՝ անկախ նրանից՝ փոքր է, թե մեծ: Այդ պատճառով ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը գլխավոր դերի համար ընտրել է Դիանա Մալենկոյին: Նրա խոսքով՝ դերասանուհու ներքին զգայունությունն ու արտիստիկ մտահղացումները մարմնավորում են այս հասարակ, բայց խորքային ճշմարտությունը:


«Փոքրիկ իշխանն ինձ համար առաջին հերթին այն փոքրիկ լույսն է, որն ապրում է յուրաքանչյուրի ներսում: Ինձ համար սա մի բացառիկ հնարավորություն է փոխանցել հանդիսատեսին այն զգացմունքները, որոնք ես ապրում եմ այս կերպարը խաղալիս: Կարծում եմ՝ Փոքրիկ իշխանը միաժամանակ մանկական անմեղություն եւ հասուն, փիլիսոփայական ներքին ռիթմ է, եւ ինձ համար մեծ պատիվ է մարմնավորել այդ երկխոսությունը երեխայի եւ մեծահասակի միջեւ»,- նշում է Դիանա Մալենկոն։


Նրա խոսքով՝ ներկայացման նոր մոտեցումն ընդգծում է, որ Փոքրիկ իշխանը ոչ սեռային, ոչ տարիքի սահմաններով է, այլ ներկայացնում է ներքին երեխային, որը ապրում է յուրաքանչյուրի ներսում՝ ազնիվ, անսահման երեւակայող եւ սիրող:


Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ ներկայացումը համադրում է իմերսիվ սարքավորումներ, անիմացիոն պատկերներ եւ թատերական տեխնիկաներ՝ ստեղծելով յուրահատուկ զգայական փորձառություն: Ստեղծագործական թիմում ընդգրկված են արվեստագետներ, անիմատորներ, դիզայներներ Հայաստանից եւ արտերկրից, ինչն ապահովում է բարձրորակ ինովացիոն լուծումներ:

Դերերում են Վլադիմիր Մսրյանը, Լուսիա Հովհաննիսյանը, Մերի Մկրտչյանը, Արմեն Բարսեղյանը, Կարեն Միրիջանյանը, Նարեկ Քթոյանը, Արմեն Մեսրոբյանը, Հայկուհի Խուդավերդյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Էմմա Մանուկյանը, Լիդիա Գրիգորյանը։ Ներկայացման նկարչական ձեւավորման եւ զգեստների հեղինակն Իզաբելլա Թչիխոնսկան է:

Լուսանկարները՝ Դրամատիկական թատրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW