93 տարեկանում կյանքից հեռացել է Valentino նորաձեւության տան հիմնադիր Վալենտինո Գարավանին: Նա պատկանում էր այն դարաշրջանին, երբ դիզայներներին անվանում էին կուտյուրիե, իսկ նորաձեւությունն ուսուցանում էին Փարիզի Գեղարվեստի դպրոցում եւ Բարձր նորաձեւության պալատում:
Հենց այդտեղ էլ Վալենտինոն իր առաջին քայլերն է արել ու կարիերան սկսել Ժան Դեսենի մոտ, որից սովորել է այնպես հագցնել կնոջը, որ նրան ցանկանան մերկացնել: Այդ ժամանակվանից դիզայների կարգախոսն էր. «Ոչ մի տղամարդ չի ուզում իր կողքին տեսնել տղայի պես հագնված կնոջ»։
Պատմում ենք Պատվո լեգեոնի ասպետի կոչմանն արժանացած Գարավանիի ստեղծած ամենայուրահատուկ զգեստների մասին:
1960 թվականին էկրաններ բարձրացավ Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանքը»։ Քննադատների կողմից ոչ միանշանակ ընդունված ֆիլմի հերոսներն իտալական բոհեմական կյանքի ներկայացուցիչներն են՝ ոտքից գլուխ Valentino հագած։ Հիշարժան զգեստներից մեկը գիշերը Տրեւի շատրվանում նկարահանված հիասքանչ տեսարանում Անիտա Էկբերգի հագին է: Պրեմիերայից մեկ տարի էլ չանցած՝ կանայք իսկական որս սկսեցին Valentino-ի զգեստների համար:
1962 թվականին Ֆլորենցիայի Palazzo Pitti-ում Վալենտինոն ներկայացրեց կարմիր զգեստների Gotha հավաքածուն։ Այդ օրվանից սկսած՝ դիզայները չէր հոգնում կրկնել, որ իր համար կարմիրը մարմնավորում է կանացիությունը: Նա իր սիրելի գույնի 30 երանգ էր տարբերակում:
1968 թվականին Վալենտինոն ժամանակակից նորաձեւության մեջ դարձավ առաջին դիզայները, որն իր տարբերանշանն օգտագործեց որպես դեկորատիվ տարր եւ իր ամենահայտնի «Սպիտակ հավաքածու»-ի զգեստների վրա V-աձեւ ասեղնագործություն ավելացրեց։ Collezione Bianca-ի զգեստներից մեկը Ժակլին Քենեդին ընտրեց Արիստոտել Օնասիսի հետ իր հարսանիքի համար։
Դերասանուհի, ռեժիսոր Անջելիկա Հյուսթոնը 1970-ականներին աշխատել է որպես մոդել ու դարձել Valentino Haute Couture-ի գովազդային արշավների դեմքը: Դեղին ծաղկավոր զգեստով նրա լուսանկարը, որն արել է Ջան Պաոլո Բարբիերին, Վալենտինոյի սիրելիներից էր:
Վալենտինոն իր հաջողության համար նաեւ Էլիզաբեթ Թեյլորին է պարտական։ Դերասանուհին առաջիններից էր, ով նկատեց երիտասարդ իտալացու տաղանդը։ Գարավանին իրենց առաջին հանդիպումն այսպես էր հիշում. «Թեյլորը «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանումների ժամանակ Հռոմում էր ու լսեց նոր դիզայների՝ իմ մասին։ Նա ֆիլմի պրեմիերայի համար զգեստ էր փնտրում եւ ուզում էր տեսնել իմ աշխատանքները: Հավաքեցի դրանք ու գնացի նրա առանձնատուն: Թեյլորը շատ պահանջկոտ էր, համաձայնեց հետս նկարվել միայն մի պայմանով, որ նրան զգեստ նվիրեմ: Ասացի. «Ընտրեք այն մեկը, որը Ձեզ ամենաշատն է դուր գալիս»։ Եվ նա, իհարկե, ընտրեց ամենաթանկը»։
Վալենտինոն կարծում էր, որ դեղինը շատ է սազում դերասանուհուն, ուստի նրա հարսանիքներից մեկի համար կիտրոնի գույնի զգեստ ստեղծեց։ Արարողությունը հիշարժան էր ոչ միայն հարսնացուի հագուստով, այլեւ նրանով, որ այն տեղի ունեցավ Թեյլորի մտերիմ ընկեր Մայքլ Ջեքսոնի հայտնի ռանչոյում:
Սոֆի Լորենը, ավելի ճիշտ՝ Սոֆիա Վիլանի Շիկոլոնեն, դարձել էր Վալենտինոյի մշտական հաճախորդը մինչեւ իր հայտնի բեմական անունն ընտրելը: Հենց նրա հեղինակած զգեստով էր դերասանուհին 1991 թվականին բեմ բարձրացել՝ իր երկրորդ «Օսկարը» ստանալու։
1995 թվականին Կլաուդիա Շիֆերը Valentino-ի նորաձեւության ցուցադրությունը փակեց հարսանեկան զգեստով։ Հետագայում նա դարձավ նորաձեւության տան գովազդային արշավների դեմքը եւ Գարավանիի ընկերներից մեկը։ Ու զարմանալի չէ, որ 2002 թվականին իր հարսանիքի համար զգեստը պատվիրեց Valentino-ից։ «Միայն մեկ տղամարդ կարող էր կարել նրա զգեստը»,- այն ժամանակ գրել էր Evening Standard-ը։
Արքայազն Չարլզից բաժանվելուց հետո արքայադուստր Դիանան որոշեց ազատվել դրես կոդի կանոններից։ Դրանում նրան օգնեց Valentino-ն. 1992 թվականին արքայադուստր Դիանան ներկայացավ համարձակ ու գրավիչ զգեստով։
2001 թվականին Ջուլիա Ռոբերթսը «Էրին Բրոկովիչ» ֆիլմում իր դերի համար «Օսկար» ստացավ: Այդ կարեւոր իրադարձության համար նա ընտրել էր Valentino-ի զգեստ՝ 1992 թվականին ստեղծված հավաքածուից: Քննադատները գովաբանեցին Ռոբերթսի կերպարը՝ այն անվանելով արարողության պատմության մեջ ամենահաջողվածներից մեկը։
Վալենտինո Գարավանին շատ դիզայներներից տարբերվում էր նրանով, որ հազվադեպ էր հագուստ ստեղծում կոնկրետ մարդկանց համար: «Թող ընտրեն եղած հավաքածուից, իսկ եթե ոչ՝ այլ դիզայներ փնտրեն»,- ասում էր նա: Սակայն Քեյթ Բլանշետի համար, որի տաղանդով ու գեղեցկությամբ միշտ հիանում էր, բացառություն արեց: 2005 թվականին «Ավիատորը» ֆիլմի համար «Օսկարը» նա ստացավ հենց դիզայների զգեստով:
Նորաձեւության տնից հեռանալուց հետո Վալենտինոն շարունակում էր զգեստներ ստեղծել հատուկ հաճախորդների ու առիթների համար։ 2011 թվականին Նատալյա Վոդյանովան «Love Ball» բարեգործական պարահանդեսի հյուրերին ընդունեց հենց Գարավանիի զգեստով։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը


×
212







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: