×


Տիգրան Համասյանի «Մի մարմին, մի արյուն»-ը, որը ստեղծվել է 3 հազար կադրից

Ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը փետրվարի 6-ին պատրաստվում է ներկայացնել իր նոր՝ «Manifeste» ալբոմը, որի երգերից մեկը նվիրված է դստերը՝ 4-ամյա Մանեին: Մինչ այդ նա թողարկել է «One Body One Blood» («Մի մարմին, մի արյուն») սինգլը՝ յուրահատուկ տեսահոլովակով: 



Ֆիլմի ձեւաչափով ստեղծված աշխատանքի հիմքում 3 հազար լուսանկար է, որոնց հեղինակը ռեժիսոր Կարեն Միրզոյանն է: Համասյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է այդ կադրերից մի քանիսով:

Կադրը՝ «One Body One Blood» տեսահոլովակից


Նախորդը «Հազարան բլբուլ»-ն էր

Ջազ երաժշտի «Հազարան բլբուլ» ալբոմը լույս է տեսել 2 տարի առաջ՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին: Թողարկումից մի քանի օր առաջ Տիգրանը զրուցել էր հունական Rocking.gr կայքի թղթակիցների հետ՝ խոստովանելով, որ անհամբեր սպասում է, թե երբ է ավարտելու համերգները Եվրոպայում, որպեսզի վերադառնա տուն եւ շարունակի ուսումնասիրել երաժշտությունը: 

Կադրը՝ «One Body One Blood» տեսահոլովակից


«Ես հիմա աշխատում եմ մի քանի նոր բանի վրա, փորձում եմ վերադառնալ դրանց: Մի քանի բան, որոնք վաղուց թողել էի»,- ասում է նա: Լրագրողի հարցին, թե նոր երաժշտությունը դեռ լույս չի տեսել, իսկ ինքն արդեն մտովի աշխատում է ավելի նոր երաժշտության վրա, պատասխանում է. «Այո՛, դա շարունակական գործընթաց է: Իսկ այս ալբոմի վրա չորս տարի աշխատել եմ: Փաստորեն չորս տարի սպասել եմ այս ալբոմի թողարկմանը, ինչն իմ չափանիշներով երկար ժամանակ է»:

Կադրը՝ «One Body One Blood» տեսահոլովակից


Անդրադառնալով ալբոմի հիմքում ընկած հեքիաթի պատմությանը՝ ջազ երաժիշտը նշել էր. «Նյութական աշխարհում, որտեղ մենք ապրում ենք, հոգեւոր ասպեկտն անհրաժեշտ է: Խոսքը հոգեւոր ճամփորդության, փոխվելու, հոգեւոր զարթոնքի եւ մեծ ճանապարհորդության մասին է: Հեքիաթը ասես հոգեւոր ճամփորդության հրավեր է: Իսկ դա, կարծում եմ, պատմության ցանկացած ժամանակաշրջանում միշտ էլ եղել է անհրաժեշտություն, հատկապես՝ հիմա: Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ գերակշռում է նյութապաշտության գաղափարը»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW