×


Կամերայինում The Beatles-ին նվիրված ներկայացում են բեմադրել․ պրեմիերան, կերպարներն ու հյուրերը

Երաժշտական-թատերական ճամփորդություն «The Beatles» լեգենդար խմբի ստեղծման, հաջողության, փառքի եւ փլուզման պատմության միջով։ Երեւանի պետական կամերային թատրոնում նոր ներկայացում են բեմադրել՝ պատմելու բիթլների հանդեպ իրենց սիրո մասին: Այդ սիրո ամենավառ կրողները Արա եւ Լուսինե Երնջակյաններն են, որոնք էլ թատրոնի ռեժիսոր Դավիթ Աբրահամյանին առաջարկել են պիես գրել եւ բեմադրել «The Beatles» ներկայացումը։ BRAVO.am-ը ներկա է եղել պրեմիերային, լուսանկարել է բեմում ու հետնաբեմում, ինչպես նաեւ հետաքրքիր մանրամասներ պարզել ամենասիրելի կերպարների եւ բեմադրության աշխատանքների մասին։

«Մենք ունեինք Ազնավուրին նվիրված երաժշտական ներկայացում, որը շատ սիրվեց: Եվ որոշեցինք նույն ձեւաչափով մի նոր բեմադրություն անել եւ նվիրել Երնջակյանների ամենասիրելի խմբին։ Ես գնացի արձակուրդ եւ այդ ընթացքում գրեցի պիեսը, որը հետո բոլորը շատ հավանեցին։ Սկսեցինք ընտրել դերասաններին՝ Ներսես Մարկոսյան (Ջոն Լենոն), Սենիկ Բարսեղյան (Փոլ Մաքքարթնի), Զիրոյան (Ջորջ Հարիսոն), Սուրեն Պողոսյան (Ռինգո Սթար)»,- պատմել է ռեժիսոր Դավիթ Աբրահամյանը։

Լուսինե Երնջակյանը եւ Դավիթ Աբրահամյանը


Նրա խոսքով՝ դերասաններին ընտրելիս հաշվի են առել վոկալային տվյալները, քանի որ բարդ երաժշտական ներկայացում է, եւ առնվազն 20 երգի տարբեր հատվածներ են կատարում ողջ ընթացքում․ «Այդքանը նախ պետք է կարողանալ երգել, հետո սովորել մաքուր անգլերեն հնչեցնել: Գումարած արտաքին նմանությունները, որովհետեւ փորձել ենք երաժիշտների եւ մեր դերասանների միջեւ նմանություններ գտնել»,- ասել է ռեժիսորը։


Թատրոնի նախասրահում նաեւ թեմատիկ ցուցահանդես էր կազմակերպված: Ներկայացված էին խմբին նվիրված արխիվային իրեր՝ աֆիշներ, գրքեր, նկարներ, վինիլներ, ձայնասկավառակներ եւ այլն։ Մթնոլորտն ավելի ամբողջական դարձնելու համար թատրոնի մյուս դերասանները եւ ներկայացման հյուրերը եկել էին կերպարանափոխված եւ թեմատիկ հանդերձանքով։ Սա փոքր-ինչ ինտերակտիվ էր դարձնում ներկայացումը, քանի որ հանդիսատեսը երբեմն դառնում էր հերոսներից մեկը՝ ձայնակցելով, պաստառներ պահելով եւ այլն։


Ներկայացման ավարտին զրուցել ենք նաեւ դերասանների հետ եւ հետաքրքրվել, թե խմբի որ կերպարին են ամենաշատը սիրում։ Պատասխաններն, իհարկե, կեսկատակ կողմնակալ են հնչել, քանի որ ամեն մեկն իր կերպարի անունն է տվել։ Նրանք նաեւ խոստովանել են՝ բեմադրության ընթացքում են այսքան մանրամասն տեղեկացել «The Beatles» խմբի պատմությանը:


«Երկու ամիս ենք աշխատել բեմականացման վրա: Շատ հետաքրքիր էր ընթացքը: Իրականում այնքան էլ հեշտ չէ խաղալ, քանի որ հա՛մ շարժվում ենք, հա՛մ երգում։ Ամեն մարդ չի կարող «The Beatles» երգել. բավական դժվար է»,- նկատել է Ջոն Լենոնին մարմնավորող Ներսես Մարկոսյանը։


Սուրեն Պողոսյանն էլ անկեղծացել է, որ թեեւ ամենահայտնի ու սիրված կերպարը Լենոնն է եղել, ինքը երբեք էլ նրան չի համակրել։ Փոխարենը, երբ սկսել է ուսումնասիրել խմբին եւ իր մարմնավորած կերպարը՝ Ռինգո Սթարին, հասկացել է, որ հենց նա էլ իրեն սրտամոտ է իսկապես՝ իր ազնվությամբ ու պարզությամբ։


Զիրոյանն էլ իր եւ Ջորջ Հարիսոնի միջեւ է ընդհանրություններ գտել, ինչն էլ օգնել է ավելի լավ հասկանալ կերպարը, ավելի շատ սիրել ու գնահատել նրան․ «Հարիսոնն ասում է. «Երբեմն ես խոսում եմ, ինձ չեն լսում, բայց ես չեմ նեղանում»։ Իմ բոլոր ընկերները կփաստեն՝ երբ ես մի բան եմ ասում, հաճախ ինձ չեն լսում, բայց 10 օր հետո ասում են. «Արա՜, ճիշտ էր ասում, պիտի լսեինք»։ Ես Ջորջ Հարիսոնին գտել եմ, Դավիթն էլ է գտել, որովհետեւ ինձ ճանաչում է, գիտի՝ ինչ տեսակի մարդ եմ։ Փակ մարդ եմ, բայց երբ պետք է բացվել, բացվում եմ»։

«The Beatles» ներկայացումն արդեն Կամերայինի խաղացանկում է եւ սպասում է իր երաժշտասեր հանդիսատեսին։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW