Հայաստանն առաջին անգամ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի սպորտային զույգերի պայքարում մասնակիցներ ուներ։ Պեկինում կայացած վարկանիշային մրցաշարում ուղեգիր էին նվաճել ու Միլան մեկնել Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը։ Նրանք զույգ են ոչ միայն սառույցի վրա, այլ նաեւ պատրաստվում են ընտանիք կազմել։
Գեղասահորդներն Օլիմպիական խաղերի կարճ ծրագրի բացումն արեցին եւ ելույթ ունեցան Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։ Օրեր առաջ ադրբեջանցիները բողոքել էին ընտրված երաժշտության անվանման պատճառով, եւ խաղերի կազմակերպիչները փոխել էին այն՝ պարզապես նշելով Արա Գեւորգյանի անունը։
Բայց ամենազավեշտալին այն է, որ խաղերը հեռարձակող Առաջին ալիքի մեկնաբանները եւս չնշեցին «Արցախը» եւ պարզապես շեշտեցին, որ Ակոպովան ու Ռախմանինը հանդես են գալիս «Արա Գեւորգյանի հրաշալի երաժշտության ներքո»։
Посмотреть эту публикацию в Instagram
Ամեն դեպքում, Ակոպովան ու Ռախմանինը հաջող ելույթ ունեցան ու վաստակեցին 66.27 միավոր։ Նրանք 19 զույգի պայքարում գրավեցին 12-րդ տեղն ու այսօր երեկոյան կմասնակցեն ազատ ծրագրին, որն օսկարակիր «Միլիոնատերը հետնախորշից» ֆիլմի երաժշտության ներքո են կազմել։
Կարճ ծրագրից ավարտից անմիջապես հետո Ակոպովան ողջունեց Արա Գեւորգյանին, բարեւներ ուղարկեց Հայաստանին, տատիկին ու բարեկամներին։
Եվս մեկ հայ էլ մասնակցեց կարճ ծրագրին, սակայն ոչ անմիջականորեն, այլ իր երաժշտության միջոցով։ Ֆրանսիան ներկայացնող ամուսիններ Կամիլ ու Պավել Կովալյովները ելույթ ունեցան Շառլ Ազնավուրի եւ Միրեյ Մատյոյի «Une vie d'amour» երգի ներքո։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Reuters-ի


×
202






