×


«Գետինն էի մտնում մայրիկի անմիջականությունից». Ջուլիետա Ստեփանյանի դուստր

ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանի կրտսեր դուստրը՝ Արուսիա Բաղինյանը, BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է ոչ միայն հայտնի դերասանուհու, այլեւ կնոջ, մոր ու տատիկի մասին՝ բացելով այն ջերմ, երբեմն անտեսանելի շերտերը, որոնք ձեւավորել են իրենց մայր-դուստր հարաբերությունը։ Այսօր Արուսիան ամուսնու եւ որդիների հետ ապրում է Լեհաստանում, սակայն հեռավորությունը չի խաթարել նրանց մտերմությունը։ 

Աշխատանքային շաբաթվա ընթացքում առնվազն երկու անգամ առավոտյան ժամերին տեսազանգով միասին սուրճ են խմում։ Այդ «առցանց սուրճերը» երբեմն ձգվում են երկու-երեք ժամ. քննարկելու թեմաները երբեք չեն սպառվում։ Նոր դերեր, ներկայացումներ, փորձեր, ստեղծագործական որոնումներ։ Արուսիան, ով նույնպես թատերական կրթություն ունի, մեծ հետաքրքրությամբ է հետեւում մայրիկի յուրաքանչյուր նախագծին։


«Ես գիտակցում եմ, որ օրհնված եմ։ Ոչ բոլորն են հասկանում, թե ինչ մեծ պատիվ է հենց նրա նման մայր ունենալը։ Ես դա ոչ միայն գիտակցում եմ, այլեւ վայելում»։

Կիրակի օրերին նրանց զրույցին միանում է ամբողջ ընտանիքը․ այդ օրը վերածվում է փոքրիկ ընտանեկան արարողակարգի, որտեղ տատիկն արդեն թոռների հետ է խոսում, լսում նրանց պատմությունները, ծիծաղում:

Մայր ու դուստր կապող թելերից մեկն էլ խոհանոցն է։ Արուսիան ժպիտով ասում է՝ իր բաղադրատոմսերի մեծ մասը մայրիկինն է։ Շատ ուտեստներ կան, որոնք միայն նա է այդպես պատրաստում՝ իր իմպրովիզներով, իր ճաշակով։ Խմորի հետ աշխատելու սերն էլ նրանից է փոխանցվել։ Սակայն ժառանգությունը միայն խոհարարական չէ։


«Նա ասում է՝ երբ տղամարդը տուն է գալիս, մի՛ սկսիր խնդիրներից խոսել։ Թող տունը բույր ունենա. խոհանոցից՝ ուտելիքի, քո վրայից՝ օծանելիքի։ Տունը պետք է հանգստության մասին լինի»։

Արուսիայի խոսքով՝ այդ խորհուրդներն իր համար այսօր առավել քան երբեւէ արժեքավոր են։

Միեւնույն ժամանակ, նա անկեղծորեն խոստովանում է՝ մայրը միշտ պահանջկոտ է եղել։ Թե՛ մաքրության, թե՛ կրթության, թե՛ արտաքինի հարցում նշաձողը բարձր է պահել։ Երիտասարդ տարիքում դա երբեմն լարվածություն էր առաջացնում. մայրիկի այցելությունն Արուսիայի տուն փոքրիկ «ստուգման» էր նմանվում։ Սակայն ժամանակի ընթացքում դուստրը համարձակվել է խոսել իր զգացողությունների մասին, եւ այդ անկեղծ խոսակցությունը շատ բան է փոխել: 

«Հասկացա, որ կարող եմ ասել՝ հիմա իմ առաջնահերթությունը երեխաներն են։ Ինձ համար կարեւոր է նրանց կողքին լինելը, նրանց հետ խաղալը, խոսելը, այդ փոքրիկ պահերը չկորցնելը։ Եվ նա ընդունեց դա»։

Արուսիայի հիշողություններում առանձնահատուկ տեղ ունի այն ամիսը, երբ դերասանուհին Լեհաստանում անցկացրել է դստեր ընտանիքի հետ։

«Միշտ ստիպված եմ եղել մամային կիսել թատրոնի հետ։ Այդ ամիսը բացառություն էր՝ նա ամբողջությամբ մերն էր»։
 
Տատիկի ներկայությունը վերածվել էր ստեղծագործական տոնի․ դերասանական խաղեր, հորինված հեքիաթներ, երեւակայությունը զարգացնող վարժություններ։ 

Ջուլիետա Ստեփանյանը եւ Սամվել Բաղինյանն՝ Արուսիայի եւ թոռների հետ


«Երեխաներս ոչ մեկի հետ այդքան հետաքրքիր ժամանակ չեն անցկացնում, որքան նրա հետ»։

Ստեփանյանի կերպարը, որը շատերի համար ուժեղ, ինքնավստահ ու եռանդուն է, դստեր աչքերով ունի նաեւ այլ երանգներ։ Արուսիան հիշում է՝ տարիներ առաջ բարդույթավորվում էր նրա անմիջականությունից, ուշադրության կենտրոնում լինելու հանգամանքից:

«Ես ավելի փակ էի, ավելի բարդույթներով: Մայրիկի՝ միշտ ուշադրության կենտրոնում լինելուց գետինն էի մտնում»։ 

Սակայն տարիների ընթացքում, արդեն մայր դառնալուց հետո, նա կարողացել է տեսնել նաեւ մայրիկի փխրունությունն ու նրբությունը, որոնք երբեմն թաքնված են արտաքին վստահության հետեւում։ Այդ բացահայտումը նրանց ավելի է մոտեցրել։

Ամենաջերմ հիշողություններից մեկը կապված է 2004 թվականի հետ, երբ 16-ամյա Արուսիան տեղափոխվել է Երեւան։ Պետք էր մեկ տարում սովորել հայերեն գրել-կարդալ եւ ընդունվել ինստիտուտ։ Այդ մեկ տարին նրանք անցկացրել են երկուսով։ Ցուրտ երեկոներին հյուրասենյակում «պլիտա» էին միացնում, ծածկվում ու միասին գիրք կարդում։ Վերլուծում էին, մայրիկը բացատրում էր անծանոթ բառերը, քննարկում կարդացած կերպարներին։ 

«Եթե այդ ժամանակ սմարթֆոններ լինեին, գուցե ես այդպես արագ չսովորեի հայերեն գրել եւ կարդալ»,- ասում է նա։ Այդ շրջանը դարձել է իրենց հարաբերության ամենաջերմ փուլերից մեկը։

Արուսիան ընդգծում է՝ ինչ գաղափար էլ ունեցել է, մայրը երբեք չի ծաղրել կամ թերահավատորեն չի վերաբերվել։ Դերասանություն, ժուռնալիստիկա, թարգմանչական գործ, նոր հետաքրքրություններ․ յուրաքանչյուր որոշման դեպքում լսել է նույնը. «Եթե ոչ դու, ապա ո՞վ»։ Այդ հավատն է, որ ձեւավորել է նրա ինքնավստահությունը՝ ոչ թե գոռոզության, այլ սեփական ուժերին հավատալու իմաստով։

Այսօր նա հպարտությամբ է հետեւում մայրիկի ստեղծագործական ակտիվությանը՝ նոր նախագծերին, նոր լեզու սովորելու պատրաստակամությանը։ 

«Ես երբեք չեմ խանդել թատրոնին։ Ընդհակառակը՝ ուրախանում եմ, որ նա երջանիկ է իր գործում»։


Զրույցի վերջում Արուսիան հատուկ նշում է՝ իրենց ճանապարհին մեծ է նաեւ հայրիկի՝  ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանի ներդրումը։ Սակայն այս պատմության կենտրոնում մայրն է՝ այն կինը, ով պահանջկոտ է եղել, բայց չի կոտրել, ով բարձրացրել է, չի պարտադրել, եւ ով իր դստեր կյանքում դարձել է ոչ միայն ծնող, այլեւ ուղեկից, աջակից ու ուժի աղբյուր։

«Այս զրույցը մեր ընտանեկան արխիվի համար մի շատ տաքուկ էջ է լինելու»,- ասում է Արուսիան՝ ժպիտով:

Տեքստը՝ Մարիամ Պողոսյանի
Լուսանկարները տրամադրել է Արուսիա Բաղինյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW