Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում բեմադրել են «Տգեղը»։ Պիեսի հեղինակը գերմանացի ժամանակակից դրամատուրգ Մարիուս ֆոն Մայենբուրգն է։
«Բեմադրությունը հագեցած է նորարարական լուծումներով, որոնք ամբողջությամբ տեղավորվում են ժամանակակից թատրոնի գեղարվեստական մտածողության համատեքստում։ «Տգեղ»-ն անդրադառնում է անհատի ինքնության, հասարակական ընկալումների եւ ժամանակակից աշխարհի արժեքային հակասությունների խնդիրներին»,- նշված է մամուլի հաղորդագրությունում:
Ժամանակակից մի քաղաքում, որտեղ արտաքին տեսքն ամեն ինչ է, մակերեսի տակ թաքնված է կերպարի ու ինքնության մոլուցքով ապրող մի աշխարհ։ Լեթեն իրեն միշտ համարել է սովորական մարդ, մինչեւ բացահայտվում է ցնցող ճշմարտությունը․ շրջապատի աչքում նա անտանելի տգեղ է։ Գեղեցկության առեւտրայնացումն առաջ է բերում խորքային հարցեր, որոնք վերաբերում են անհատականությանը եւ հասարակության՝ արտաքինի նկատմամբ մոլուցքին։
«Սուր հումորով եւ սոցիալական հնչեղությամբ այս սատիրան բացում է ժամանակակից մարդու ամենացավոտ վախերը հաջողության, ճանաչման եւ կատարյալ լինելու հարցում՝ ստիպելով միաժամանակ թե՛ ծիծաղել, թե՛ մտածել»։
Բեմադրող ռեժիսորը Մհեր Զաքարյանն է, բեմանկարիչը՝ Դիանա Լեւոնյանը: Դերերում են Կարեն Առաքելյանը, Արսեն Ազիզյանը, Մարիա Գեւորգյանը եւ Արսեն Ներսիսյանը։
Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի տնօրեն, դերասան Արսեն Ազիզյանը, անդրադառնալով նոր ներկայացմանը, ընդգծել է դրա սոցիալական եւ հոգեբանական խորությունը. «Այս ներկայացումն ինքնաճանաչման բարդ ուղու եւ արժեքների թերի ընկալման մասին է։ Ռեժիսորական ինքնատիպ մեկնաբանությունը մեզ թույլ է տալիս հմտորեն օգտագործել բեմական պայմանականությունը՝ է՛լ ավելի սուր եւ տեսանելի դարձնելով այն խնդիրները, որոնք այսօր արդիական են ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում»։
Ազիզյանի խոսքով՝ թատրոնի հիմնական շարժիչ ուժը երիտասարդական ավյունն է. «Մենք աշխատում ենք երիտասարդ ստեղծագործողների հետ, ովքեր բերում են թարմ ու առողջ գաղափարներ»
Բեմադրող ռեժիսոր Մհեր Զաքարյանի բնորոշմամբ՝ գործն աչքի է ընկնում բազմաշերտությամբ. «Հեղինակին հաջողվել է ստեղծել հզոր ու ազդեցիկ տեսարաններ, որոնք արտացոլում են մերօրյա իրականությունը: Երիտասարդ դերասանների հետ ներդրել ենք մեր ողջ ներուժը, որպեսզի ստանանք մի արդյունք, որը կհուզի եւ տպավորի հանդիսատեսին»։
Բեմադրությունն իրականացվել է Հայաստանի Գյոթե ինստիտուտի «Թարգմանելով թատրոնը․ գերմանական նոր թատերգություն» նախագծի շրջանակում: Ներկայացման մեջ ներգրավված են նաեւ Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները։
Լուսանկարները՝ ԵԹԿՊԻ-ի


×
113





