Հարսանեկան նորաձեւությունն այս տարի խոստանում է լինել ոչ միայն գեղեցիկ, այլեւ ավելի գիտակցված, անհատական եւ հարմարավետ։ Ժամանակակից հարսն այլեւս չի սահմանափակվում «պետք է»-ներով. նա ընտրում է այն, ինչն իրապես իրենն է։
Թե ինչ միտումներ են ձեւավորվում այս ոլորտում, ինչն է փոխվում եւ ինչպես ընտրել «քո» զգեստը, մեզ հետ զրույցում պատմել է Իսպանիայում գործունեություն ծավալող ոճաբան Էմի Մակարյանը.
Էմի Մակարյանը
- Մինիմալիզմը շարունակում է մնալ շատ պահանջված հարսանյաց ոճերում, սակայն այն նախկին «պարզությունը» չէ։ Խոսքն արդեն մաքուր գծերի, ճիշտ ձեւի եւ բարձրորակ կտորի մասին է։ Միեւնույն ժամանակ, կարելի է ասել, որ շքեղությունը որոշ չափով վերադարձել է, սակայն ավելի նուրբ ձեւով՝ դետալներում եւ փոքր շեշտերում, այլ ոչ ամբողջ կերպարում։ Այսօր չկա կտրուկ ընտրություն մինիմալիզմի եւ շքեղության միջեւ. նորաձեւությունը շարժվում է դեպի համաչափություն՝ պարզ, զուսպ տեսք, որը լրացվում է նուրբ եւ արտահայտիչ շեշտերով։
Շարունակելով խոսել փոփոխվող միտումների մասին՝ ոճաբանը նշում է, որ ժամանակակից հարսանեկան նորաձեւությունում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում հարմարավետության կարեւորությունը․
- Հարսնացուներն այլեւս չեն ցանկանում ամբողջ երեկոն անցկացնել ծանր ու անհարմար զգեստներով: Այդ պատճառով հաճախ ընտրում են նաեւ երկրորդ զգեստ՝ ավելի թեթեւ եւ ազատ տարբերակ։ Կարճ կամ թեթեւ զգեստները դարձել են պահանջված, քանի որ դրանք ապահովում են շարժվելու ազատություն եւ թույլ են տալիս լիարժեք վայելել օրը։ Այսպիսով, երկրորդ զգեստն այսօր ոչ միայն ոճային, այլեւ շատ պրակտիկ ընտրություն է։
Ոճաբանի դիտարկմամբ՝ հանգիստ, զուսպ եւ նուրբ էսթետիկան դառնում է նորաձեւության հիմնական ուղղությունը: Ծանր ու դետալներով ծանրաբեռնված զգեստները աստիճանաբար հետին պլան են մղվում՝ իրենց տեղը զիջելով մաքուր, պարզ տարբերակներին:
Միեւնույն ժամանակ, առավել արդիական են դառնում այնպիսի սիլուետները, որոնք գեղեցիկ են մարմնի վրա եւ ընդգծում են իրանը: Արդյունքում ձեւավորվում է կերպար, որը միաժամանակ թեթեւ է, բնական եւ էլեգանտ՝ առանց ավելորդ ծանրության։
Անդրադառնալով գունային միտումներին՝ Էմի Մակարյանը նշում է, որ սպիտակը շարունակում է պահպանել իր դիրքը որպես հարսանյաց հիմնական գույն, սակայն դրա ընկալումը որոշակիորեն փոխվել է.
- Եթե նախկինում գերակշռում էր մաքուր, պայծառ սպիտակը, ապա այսօր առավել նախընտրելի են դրա ավելի մեղմ եւ բնական երանգները: Դրանք ավելի ներդաշնակ են մաշկի հետ եւ ամբողջ կերպարին հաղորդում են փափկություն, նրբություն եւ զուսպ էլեգանտություն։
Խոսելով զգեստի ընտրության մասին՝ ոճաբանը շեշտում է, որ ամենակարեւորը հասկանալն է, թե ինչն է իրականում համապատասխանում քեզ, այլ ոչ թե պարզապես հետեւել ընդհանուր պատկերացումներին․
- Հաճախ աղջիկները ընտրում են տեսականորեն գեղեցիկ զգեստ, որը, սակայն, չի համապատասխանում իրենց մաշկի գույնին կամ մարմնի կառուցվածքին։ Խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել հատկապես գույնին՝ հաշվի առնելով մաշկի ենթատոնը, քանի որ նույն երանգը տարբեր մարդկանց դեպքում կարող է լրիվ այլ կերպ արտահայտվել։ Կարեւոր է նաեւ սիլուետը. զգեստը պետք է ընդգծի մարմնի առավելությունները, այլ ոչ թե խամրեցնի արտաքինը։
Նրա խոսքով՝ ամենակարեւորը զգացողությունն է. եթե հարսնացուն իրեն չի զգում ազատ, վստահ եւ բնական, ապա դա իր զգեստը չէ։
VOGUE ամսագիրը եւս ընդգծում է, որ այս տարի հարսանեկան նորաձեւությունը միտված է հարսնացուի յուրահատուկ կերպարի արտահայտմանը:
Տեքստը՝ Մարիամ Պողոսյանի
Լուսանկարները՝ համացանցից


×
1,903






