×


«Սե Լա Վի». սեքսը, կանայք ու նրանց խնդիրները մեր քաղաքում

«Սե Լա Վի» 10 մասանոց նոր սերիալը խոստանում է շատերին անտարբեր չթողնել: BRAVO.am-ը հանդիպել է գլխավոր դերակատարներ Մանե Մխոյանի (Սերինե), Տաթեւ Հովակիմյանի (Լանա), Ռոզի Ավետիսովայի (Վիկա), Մարիամ Ադամյանի (Կիմա) ու գաղափարի հեղինակն եւ պրոդյուսեր Իննա Խոջամիրյանի հետ:  

- Ամեն ինչ գաղափարից է սկսվում: Ինչպե՞ս «Սե Լա Վի»-ի (կազմվել է երեք գլխավոր հերոսուհիների անունների սկզբնատառերով) միտքն առաջացավ ու ո՞նց այն իրագործեցիք։

Իննա. Կինն ինքն իրենով մեծ գաղափար է, բայց նրա կյանքում պիտի համապատասխան իրադարձություններ տեղի ունենան, որ համարձակություն եւ իմաստություն ունենա կնոջ մասին խոսելու։ Սերիալի հիմքում իրական պատմություններ են՝ ե՛ւ անձնական, ե՛ւ անանձնական։

- Եվ ի՞նչ հանգամանքներ ստեղծվեցին, որ որոշեցիր դրանք իրականացնել:

Իննա. Գաղափարը վաղուց կար, բայց չգիտեինք՝ ինչպես իրագործել: Մի քանի նախագիծ արել էինք, բայց սրան չէինք էլ մոտեցել: Մի օր Թայլանդից զանգեցի Անի Մաղաքյանին ու ասացի. «Վերադառնամ, սկսենք սցենարը գրել»: Եվ 2024-ի դեկտեմբերի 31-ին սցենարական աշխատանքներն ավարտեցինք ու Մաղաքյանի հետ Նոր տարին նշեցինք: 2025-ի հունվարից աստիճանաբար անձնակազմն ու դերասանական խումբը հավաքվեց: Երկար ճանապարհ ենք անցել: Առհասարակ ցանկացած կնոջ ճանապարհն է շատ երկար: Պարզվեց՝ ոչինչ հեշտ ու կարճ չի լինում։ 


- Սերիալի բովանդակությանը ծանոթանալուց հետո ինձ մի քիչ թվաց, որ հայկական «Սեքսը մեծ քաղաքում» եք ստացել։ Այնտեղ սցենարիստների օգտագործած բազմաթիվ դրվագներ ու դեպքեր վերցված են իրենց կամ իրենց ծանոթ կանանց կյանքից։ Դուք ի՞նչ նախատիպերից եք օգտվել:

Իննա. Պատմություններն իրական դեպքերի եւ հիմքերի վրա են ու արտացոլում են տիպիկ երեւանյան իրականությունը, բայց սխալ կլինի ասել, թե կոնկրետ ում կյանքից կամ ինչ իրադարձություններից ենք քաղել: Վստահ եմ, որ այս նախագծում տասը կնոջից առնվազն երեքն իրենց կգտնեն, որովհետեւ սյուժեում մենք թաքցրել ենք կամ չենք թաքցրել պատմություններ, որոնք առնչվում են մեր կանանց: Դրանց մասին մեծապես չի բարձրաձայնվում, բայց դրանք շատ կարեւոր են կնոջ համար։ 



- Սերիալին նվիրված գրքույկում գրված է. «Գրավիչ պատմություն, որը ստեղծված է կանանց կողմից՝ տղամարդկանց համար»։ Ի՞նչ են նրանք նորովի իմանալու կանանց մասին:

Ռոզի. Առաջին հերթին էսթետիկ հաճույք կստանան (ծիծաղում ենք,-հեղ.)։ Ընթացքն էլ է այդպիսին եղել. գեղագիտության մթնոլորտում հաճույք ենք ստացել ու ստեղծել մեր հերոսուհիներին։ Սերիալի շնորհիվ խելացի տղամարդիկ նախ կմտածեն, որ իրենց ցանկացած քայլ, խոսք եւ ներկայություն մեր կյանքում ճակատագրական առումով շատ բան է փոխում: Բոլորիս կերպարներում էլ այդ գիծը կա: Մեր կյանքում նույնիսկ ամենաանհետաքրքիր ու անկարեւոր տղամարդու հայտնվելը հետք է թողնում, ինչից հետո ինչ-որ կերպ ծռվում ու փոխվում ենք։ Խելացի տղամարդիկ նաեւ կհասկանան, որ մենք իրենց պատկերացրած պարզունակ ու նյութական արարածները չենք: Բայց այս նախագիծն առաջին հերթին կանանց համար է։ 

Մանե. Որովհետեւ խոսում ենք այն բոլոր հարցերի մասին, որոնց կանայք կյանքի տարբեր փուլերում բախվում են, բայց հաճախ իրենց իսկ չեն խոստովանում։ Կանանց ներքին ձայնն ենք։


Տաթեւ. Նախագիծը տղամարդկանց կստիպի միշտ մի փոքր դադար տալ ու մտածել կնոջ զգացմունքների մասին։ Երեւի, տղամարդիկ կսկսեն կնոջ զգացմունքներին ավելի մեծ խնամքով վերաբերվել:

Իննա. Եթե հասկանան (ծիծաղում ենք,-հեղ.)։

Տաթեւ. Սերիալի առանցքում չորս կնոջ պատմություն է, եւ ամեն մեկն իր ճակատագիրն ունի: Կանանց տեսակը, երեւի, մի քիչ ավելիի է բաժանվում, բայց սցենարով խտացվել է այդ չորսի զգացմունքների եւ ապրումների մեջ:  

Մարիամ. Միեւնույն է՝ տղամարդիկ մեզ չեն հասկանա (ծիծաղում ենք,-հեղ.)։ Այս ֆիլմը տղամարդ-կին հակամարտության մասին չէ. իրենք երբեք մեզ պես չեն մտածելու, մենք էլ՝ իրենց։ Հիմա շատացել են մարդկանց հուզական աշխարհի հետ կապված խնդիրները, խուճապի նոպաները: Մեր սերիալն այսօրվա կնոջ մտորումների ու դժվարությունների մասին է։ Իսկապես, կնոջը շատ բարդ է հասկանալ, ինչպես հիմա՝ ինձ (ծիծաղում ենք,-հեղ.)։

Ռոզի. Կանանց պետք չէ հասկանալ, պետք է սիրել։ 

- Խոսենք Ձեր կերպարներից՝ Սերինեից, Լանայից, Վիկայից: Ինչպիսի՞ն են նրանք ու ո՞նց հայտնվեցին ձեր կյանքում։

Իննա. Ունենք նաեւ Կիմային ու Լիային (Անի Խաչիկյան): Նա այն բարի տերն է, որտեղ աղջիկները սովորաբար սիրում են հավաքվել, ժամանակ անցկացնել ու մի քիչ բամբասել։ Պատմեմ, թե ինչ մոդելով ենք հավաքել հերոսուհիների ողնաշարը։ Սերինեն մարզից եկած աղջիկ է եւ բնակվում է Երեւանում: Նրա ծնողների համար կարեւորն այն է, որ իրենց աղջկա կողքին լինի տղամարդ, որը կամուսնանա նրա հետ: Ընտանիքի համար առաջնայինը կուսությունն է, ինչը մեծ կոնֆլիկտ է ստեղծել այս աղջկա կյանքում: 30 տարեկան է, դեռ ծնողներից սեպարացված չէ եւ չգիտի, թե ինչ է ուզում: Լանայի խորքային կոնֆլիկտները նույնպես գալիս են ընտանիքից: Ապրում է իր չուզած տղամարդու հետ, ինչի հետեւանքով ավելի շատ խնդիրներ են ծնվում: Հաճախ հասարակությունը, այդ ամենը հաշվի չառնելով, առաջինը մեղադրում է կնոջը: 


Վիկան մեծ, դառը փորձով եւ հոգեկան շատ տրավմաներով կին է, որոնք իբր կարողացել է հաղթահարել, բայց իրականում դրանք փախուստի լավ տարբերակներ են եղել: Թվացյալ ամենաազատ կինն է, բայց երեւի թե ամենաանազատն է։ Կիման մեր հայկական իրականությունում կնոջ ամենադասական օրինակներից է՝ թե ինչ են նրանից ուզում եւ ինչպիսին պիտի լինի: Նա 3 բալիկ ունի եւ չորրորդով հղի է: Սա սեռով պայմանավորված հղիությունների մեծագույն խնդիրն է։ Կին է, ով վերջին 8 տարվա ընթացքում 4 անգամ հղիացել է եւ չի տնօրինում սեփական մարմինը: Բոլոր հերոսուհիներն էլ աշխարհի հետ կռիվ ունեն եւ փնտրտուքների մեջ են: Ի վերջո, նախագիծը նրա մասին է, թե ինչի մեջ է ամփոփվում կնոջ երջանկությունը, որտե՞ղ է այն, ի՞նչ է կինը փնտրում ու ի՞նչ է ազատությունը նրա համար։  

- Իսկ ի՞նչ են ուզում ձեր հերոսուհիները եւ ո՞րն է նրանց երջանկությունը։

Մարիամ. Իմ հերոսուհին ուզում է ինքը որոշել իր մարմնի հետ ինչպես վարվել. այսինքն՝ երեխա ունենալ այն ժամանակ, երբ պատրաստ է։ Հայաստանը սելեկտիվ աբորտների քանակով առաջատար երկրներից մեկն է: Հիմնականում մայրերը դժվարությամբ են հրաժարվում իրենց փոքրիկից, բայց ամուսինները պարտադրում են, քանի որ տղա են ուզում։ Երեւի թե իմ կերպարը հայ հասարակությունում ամենից հաճախ հանդիպողն է։ Իմ հերոսուհին դեմ չէ երեխա ունենալ, նա երջանիկ մայր է, բայց չի ուզում, որ դա իրեն պարտադրեն: Ամենավատն այն է, որ ընկերուհիներին ասում է՝ ճիշտը դա է, ինչն ինքնապաշտպանության ձեւ է։   

Տաթեւ. Լանան ու իր ամուսինը մեծ խնդրի առաջ են կանգնած. նրանց կյանքում, ինչպես շատերիս դեպքում, երկխոսության պակաս կա: Երբ դիմացինիդ հետ դժվար ես երկխոսության մեջ մտնում, առաջանում են Մարիամի, Ռոզիի, Մանեի հերոսուհիների խնդիրները։ Լանայի խնդիրն ամուսնու հետ երկխոսության բացակայությունն է, որը ոչ մի կերպ չի կայանում ու բերում է մեր ժամանակների ամենավատ երեւույթին՝ բաժանություններին։ 

Մանե. Իմ Սերինեն գտել է այս կյանքի փոքրիկ ուրախությունը՝ իր աչքի առաջ 3 ընկերուհի ունի, որոնց կյանքում ճիշտ ու սխալ չկա, կան հստակ տարբերություններ, երջանկությունների ու տրավմաների օրինակներ։ Նա չգիտի՝ ինչ է նշանակում լինել սիրված կին: Երջանիկ է իր աշխատանքում, բայց, միեւնույն է, իրեն լիարժեք չի զգում, որովհետեւ իր կյանքում բացակայում են սերն ու ռոմանտիզմը, որոնք ունեցել է ինստիտուտում՝ ռեժիսուրայի ֆակուլտետում սովորելու տրաիներին։ Նա փնտրում է իր հարցերի պատասխանները,  որ լիարժեք սիրված լինի։ 


Մարիամ. Բայց էլի գալով իմ ասածին՝ երբեք չի գտնելու (ծիծաղում ենք,-հեղ.)։

Իննա. Ի՞նչ է առավոտյան Միկան (Ադամյանի ամուսին Միկա Ղափլանյանը,-հեղ.) արել, ասա, իմանանք (ծիծաղում ենք,-հեղ.):

Ռոզի. Իմ կերպարը թվացյալ ամենաազատն է: Տպավորություն կստեղծվի, որ անում է իր ուզածը՝ չպարտադրվող հարաբերություններ ունենում, հանդիպում է, բաժանվում, նրա կյանքում ամեն ինչ թեթեւ ու մակերեսային է, բայց նա ազատ չէ, քանի որ իր համար սահմանած շրջանակներ ունի։ Դրանք թույլ չեն տալիս նրան սիրել, թուլանալ ու հասնել իր ուզածին, որովհետեւ ամենաշատ վախերն ունի: Նախկինում նրան շատ են ցավեցրել, ու որպեսզի նորից չկրկնվի, փակվել է: Ամեն ինչ անում է, որ ոչ մեկը չփորձի իրեն փորփրել: Թույլ չի տալիս որեւէ հարաբերություն խորանա։ Ուրախ եմ, որ առաջին տպավորությամբ ազատ ու թեթեւ է թվում, բայց երբեք այդպիսի կինը երջանիկ չի լինում: Երջանիկ է այն կինը, որն իրեն թույլ է տալիս սիրել ու գտնել այն տղամարդուն, որի կողքին կարող է այդպիսին լինել։ Իսկ մեր գրեթե բոլոր հերոսուհիներն այդ խնդիրն ունեն: Առհասարակ, մեր իրականության մեջ ու շատ կանանց կյանքում այդ բացը կա:


- Իսկ ի՞նչն է Ձեզ երջանիկ դարձնում: Արդյոք գիտե՞ք՝ ինչը:

Իննա. Ուտելիքը (ծիծաղում ենք,-հեղ.): Իսկ Դուք գիտե՞ք՝ ինչ եք ուզում:

Հասմիկ. Գուցե այսօր գիտեմ, բայց վաղը չիմանամ։ 

Մարիամ. Մի բան պատմեմ, խնդրում եմ: Վերջերս փողոցում մի տատիկի տեսա, որը չէր կարողանում ծանր տոպրակներով քայլել: Տղա երեխաների էր կանգնեցրել, որ իր համար տաքսի կանչեն, նրանք էլ խառնվել էին: Մոտեցա ու ասացի. «Ես կտանեմ տատիկին»։ Տոպրակները դրեցի մեքենայիս մեջ, բայց քանի որ սարսափ ֆիլմերի խենթ սիրահար եմ, սկսեցի մտածել՝ հիմա կտանի իր տուն, որտեղ տղան ինձ կսպանի: Եվ մտածում եմ, բարի գործ եմ անում, բայց խուճապի մեջ եմ: Մեկ էլ հարցնում եմ. «Տատիկ ջան, այսքան առեւտուր ես արել, ո՞նց էիր հասնելու տուն»։ «Բալես, շատ առա ու չզգացի, որ չեմ կարող տանել»,- պատասխանեց: «Գոնե թոռնիկներից մեկին կանչեիր»,- խորհուրդ տվեցի: «Ես ամուսնացած չեմ, չեմ էլ եղել»,- արձագանքեց: Ուզեցի սխալս ուղղել. «Տատ ջան, բայց դա էլ է, չէ՞, լավ»: Այնքան անկեղծ ասաց. «Էհ, բալես, չգիտեմ էլ՝ որն է լավը: Ամուսնանալն էլ մի բան չէ, բայց սա էլ մի բան չէ» (ծիծաղում ենք,-հեղ.): Մեր սերիալն էլ այդ մասին է: Տատիկին իջեցրի, տեսա՝ մի 8 կատու նրան է սպասում:  


Ռոզի. Ես եմ (ծիծաղում ենք,-հեղ.): Նույնիսկ տատիկը չի հասկացել: Մենք էլ չունենք այդ հարցի պատասխանը, բայց կատու պահելը միանշանակ ճիշտ է։

Տաթեւ. Միշտ ուզում եմ լինել այն մարդկանցից, որոնք հեշտ են խորհուրդ տալիս՝ ամուսնացե՛ք, մի՛ ամուսնացեք: Միշտ անում եմ այն, ինչն այդ պահին ինձ երջանկացնում է, բայց հետո այն դադարում է երջանկացնել, եւ ուրիշ բան եմ գտնում: Ինձ թվում է՝ այդպես էլ պետք է լինի։ Հիմա ինձ, իհարկե, մասնագիտությունս է շատ երջանկացնում, հետո կարող է ամենաշատ տխրեցնողը դառնալ։

- Իսկ մենք մեզ չե՞նք խաբում՝ ասելով, որ մասնագիտությունը մեզ երջանկացնում: Ես էլ եմ հաճախ այդպես անում: 

Ռոզի. Մեր կյանքի մեծ մասն անցկացնում ենք աշխատավայրում, ու եթե այնտեղ մեզ հարմարավետ ու լավ ենք զգում, կարողանում ենք ինքնադրսեւորվել, դրանից ավելի մեծ երջանկություն չկա։ 

Մարիամ. Լավագույն բանաձեւն ասել է Սոս Սարգսյանը. «Երջանիկ է այն մարդը, ով տնից շատ սիրով գնում է աշխատանքի, այնտեղից էլ շատ արագ ուզում է գնալ տուն»։

Տաթեւ. Ուրեմն՝ ես երջանիկ մարդ եմ։ Ես էլ տունը շատ եմ սիրում, բայց նույն կերպ էլ՝ թատրոնը:

Մարիամ. Իմ դեպքում ուղղակի խառն է աշխատում. տնից չեմ ուզում գնալ գործի, թատրոնից էլ՝ տուն վերադառնալ (ծիծաղում ենք,-հեղ.)։


Ռոզի. Կինը ցանկացած տեղ երջանիկ է, երբ առավելագույնս իր բնության մեջ է: Որքան էլ ժամանակները փոխվել են, մենք արհեստական բաներ ենք որդեգրել, բայց ամեն դեպքում ծաղկում ենք, իրական ենք, սիրուն ու լիրարժեք այնտեղ, որտեղ մեր բնությունը չի խախտվում։ 

Տաթեւ. Ինձ համար մարդը երջանիկ է, երբ կարողանում է ուղղակի սիրել: Հիմա ձեզ հետ գտնվելն եմ սիրում, հաջորդ րոպեին՝ թատրոն գնալը: Դրանից ինքնաբավ ու ավելի լավ բան չկա։ 

Մարիամ. Երջանկությունը շատ լուրջ աշխատանք է, որը մարդը տանում է։ Հենց այնպես չի լինում, որ երջանիկ ես: Կարեւոր է, թե քո ներսում ինչն ես թողնում սնվի։ 

Մանե. Երբ հայելու մեջ նայելիս ինքդ քեզ հետ կռիվ չես ունենում, ամեն ինչ ինքն իրեն ստացվում է։ Այդ աշխատանքը սկզբում պետք է քեզ հետ տանել ու հասկանալ, թե ինչ ես ուզում։

Իննա. Բայց դա հաստատուն արժեք չէ. միշտ ինքդ քեզ հետ ներդաշնակ լինել հնարավոր չէ։ Կինը, մեծ հաշվով, էներգիաների փոխանակման կենտրոնն է. վերցնում է, իր մեջ ֆիլտրում, ինչ-որ բաներ բաց է թողնում, մյուսները՝ պահում: Տղամարդկային էությունն, իմ կարծիքով, այդպիսին չէ։ Իրենք ամեն ինչ չեն անցկացնում իրենց միջով:


Մարիամ. Ոչինչ չեն իրենց միջով անցկացնում (ծիծաղում ենք,-հեղ.)։ Իրավիճակով պատմեմ. Վրաստանից վերադառնում ենք, մի թմբի վրա շան դի ենք տեսնում: Մեքենայի առջեւում ամուսինս ու իր ընկերն են նստած, հետեւում՝ մենք, կանանցով: Երկուսով նայում ենք անկենդան մարմնին, որի մեջ կյանք կար ու էլ չկա, ու խոսում. «Վա՜յ, ինչ մեղք է...»: Ու տղաների զրույցը. «Սատկե՞լ է շունը» (հեգնական տոնով նմանակում է նրանց,-հեղ.): Իրենք մի թեմայից երկար չեն կարողանում խոսել։ 

Ռոզի. Իրենք ռացիոնալ են, մենք՝ էմոցիոնալ։

Մարիամ. Օրինակ՝ ավտոմեքենա լավ են վարում, որովհետեւ երբ մի բան են անում, կենտրոնանում են դրա վրա։ Առավոտյան արի մանկապարտեզի մոտ, տես՝ մայրիկներն ինչ են անում. Միսթր Բինի արկածներն են (ծիծաղում ենք,-հեղ.)։ 

Ռոզի. Մենք պիտի ընդունենք, որ եկել ենք իրար լրացնելու։ Վերջերս ուժի կռիվ ենք տալիս իրար հետ։ 

Տաթեւ. Տղամարդիկ շատ են թուլացել, ու մենք ստիպված ուժ ենք ցույց տալիս։ 


Մանե. «Սե Լա Վի»-ն այն մասին է, որ գրկախառնությունը, մի բառը, ջերմ շփումն ու ձեռք բռնելը կարող են իրավիճակ փոխել։ 

Մարիամ. Հաճախ մտածում ենք, որ դիմացինը պետք է մեզ հետ խոսի մեր սիրո լեզվով, բայց գուցե իր լեզուն շատ ուրիշ է։ Որոշ տղամարդիկ սիրում են ջերմ գրկել, ոմանք բարդույթներ ունեն ու սերն այլ կերպ են արտահայտում: Տեսեք՝ չորսս էլ նույն թեմայի մասին որքան տարբեր ենք խոսում։

- Ձեր սերիալում ամեն կերպար իր կողքին տղամարդ ունի, ոմանք՝ նույնիսկ մի քանիսը: Ի՞նչ դեր ունեն նրանք «Սե Լա Վի»-ում, ու ո՞նց եք միասին աշխատել:  

Իննա. Մի անգամ սեղանի շուրջ ընթերցումների ժամանակ Լանայի եւ Ստեփանի տեսարանի պատճառով փոքրիկ կոնֆլիկտ եղավ: Տղաներից մեկն ասաց. «Այսպես չի լինի. տղամարդկանց սարքել եք փալաս։ Տպավորություն է՝ սա տիպիկ ֆեմինիստական նախագիծ է»։ Հաջորդ օրը շատ տեսանելի տղաները նստեցին մի թեւում, աղջիկները՝ մյուս: Այդ պահից սերիալի կյանքն այդպես էլ ընթացավ։ «Սե Լա Վի»-ի նկարահանումներն ինձ վրա մեծ ազդեցություն են ունեցել: Առհասարակ, այս նախագիծը ստեղծելու ընթացքում բոլորի մեջ էլ մետամորֆոզներ են տեղի ունեցել։ Ներքին փոփոխություններ սկսվեցին. մեկի դեպքում՝ լավ, մյուսի դեպքում՝ անհասկանալի ու կատաստրոֆիկ: Շուտով մեր օպերատոր Հովոյի ընտանիքում աղջիկ կծնվի։ Նոր ճակատագրով կին է ծնվում, բայց հին կարծրատիպերով փաթաթված։ 

Ռոզի. Իմ հերոսուհու կյանքում հայտնվում է տղամարդ, որը գալիս է նրան կոտրելու, փոխելու, սիրելու, պաշտպանելու: Գալիս է այն ուժեղը, որը Վիկայի կյանքում պետք է, որպեսզի այդ կազապարները կոտրվեն, ու թույլ տա իրեն սիրել։ Սա իմ ու Գեւորգի (Գրիգորյան) առաջին նախագիծը չէ. մեր դուետը բավական ներդաշնակ է նկարահանման ընթացքում: Այդ զույգի վիզուալ պատկերը, ինչու չէ, նաեւ ներքին քիմիան, տեսնելու ենք։ 


- Ըստ թիզերի՝ նաեւ բաց տեսարաններ եք ունեցել (ծիծաղում ենք,-հեղ.)։

Իննա. Սա համարձակ նախագիծ է։ 

Ռոզի. Այո, ունեցել ենք: Ի սկզբանե էլ իմացել ենք, որ բաց տեսարանները շատ են լինելու։ Եթե չխաբեմ, ամենադժվարը եղել է զուգարանի տեսարանը:


Իննա
. Որը ֆիլմում չունենք, բայց թիեզերում կա (ծիծաղում ենք,-հեղ.)։

Ռոզի. Ինձ զուգարանում տանջել են, հետո կտրել, հանել այդ հատվածը։ 

Իննա. 7 ամիս տանջվել եմ. ուզում էի թրեյլեր հավաքել, մի միտք ունեի, որ տղամարդիկ ընդհանրապես չլինեն, բայց չստացվեց: Աղջիկների հետ կապված մի կոնֆլիկտ էլ ունենք. Կիմայի ու իր ընկերուհիների միջեւ է: Կիման իրեն տվել է ընտանեկան կյանքին ու երեխաներին, ընկերուհիներից կտրվել է, ու երկար չեն շփվել, ինչի արդյունքում փոխադարձ մեղադրանքներ ու չասված բաներ կան նրան միջեւ: Իրական կյանքում էլ է այդպես լինում՝ ընկերուհիները սկսում են իրար չհասկանալ։ Նրանց մասնակցությամբ հուզիչ ու էմոցիոնալ տեսարաններ շատ ունենք՝ թե ոնց է հնարավոր ամուսնությունից հետո այդքան փոխվել: Մենք որեւէ բան չենք քարոզում, պարզապես մտորելու առիթ ենք տալիս ու մարդկանց ենք հարցնում՝ արդյոք ճիշտը դա է։ Վա՜յ, շատ կոնֆլիկտներ ունենք։  

- Ինչի՞ց եք հաճույք ստացել այս նախագծի ընթացքում։

Մարիամ. Ինձ համար այս նախագիծը մի քիչ դժվար էր, որովհետեւ ասելիքը շատ էր, բայց նկարահանումներիս օրերն ու տեսարանները՝ քիչ։ Մյուս աղջիկներն իրար հետ ավելի շատ էին լինում եւ միմյանց զգում: Ես մեր տնից գալիս էի, ընկնում շատ բարդ տեսարանների մեջ, ինչից մոտս խուճապ էր առաջանում: Այդպես խուճապահար էլ խաղացել եմ։ Բայց աղջիկների հետ աշխատելն իրոք հաճելի էր: Նրանք շատ շնորհքով են: 

Ռոզի. Իմ սիրելի տեսարաններից մեկը հենց ընկերուհիների բախմանն է վերաբերում, որում Մարիամի հետ ենք խաղում: Չեմ կարող ասել, եթե նրա փոխարեն այլ դերասանուհի լիներ, այդ տեսարանը նույնքան լավը կլիներ: Մեր միջեւ քիմիա կար, ինչը շատ կարեւոր է։ Եթե այդ տեսարանը հուզի ու իր ասելիքը տեղ հասցնի, արժանիքը Մարիամինն է։  

Մանե. Սկզբում շատ բարդ էր, որովհետեւ ես ու Վարուժը (Մարգարյան) երբեք իրար հետ չէինք աշխատել: Թիմի թեթեւ ձեռքով էմոցիոնալ առումով մեր ամենաբարդ տեսարանները հենց առաջին օրը նկարահանեցինք: Բավական երկար տեսարան ունեինք, որը մի դուբլով ենք ստացել: Շնորհակալ եմ այդ հետաքրքիր փորձառության համար: Հենց այդ պահին հասկացա, որ մեր տանդեմը ստացված է։ Նաեւ Արսենին (Ներսիսյան) եմ բացահայտել որպես մարդ ու խաղընկեր։ 

Տաթեւ. Իմը տղամարդիկ են, բայց մեկի անունը գաղտնի կպահեմ: Ամուսնուս դերակատարը Վիլեն Սարգսյանն է. շատ եմ սիրում նրա հետ խաղալ: Ամեն ինչ հրաշալի է անցել, ու բոլոր դերակատարների հետ եմ մեծ հաճույքով աշխատել: Ռոզիի հետ ներկայացման մեջ խաղալու փորձ ունեինք, Մանեի հետ առաջին անգամ էր, բայց տպավորություն էր՝ բոլորս իրար վաղուց գիտենք: 

Մանե. Երբ առաջին օրը հանդիպեցինք, ու Իննան հայտնեց, որ չորսով ընկերներ ենք լինելու, մեզ թվաց՝ հարյուր տարվա ծանոթներ ենք ու միմյանց մասին ամեն ինչ գիտենք։ Ձեզ շատ եմ սիրում:  


Իննա. Ինձ համար շատ բարդ նախագիծ էր, ոչ թե տեխնիկապես կազմակերպելու առումով, այլ՝ իր տեսակով: Այս ամեն ինչի մեջ մտնելուց առաջ չէի պատկերացնում, որ կնոջ մասին ու կնոջ ձայնով ինչ-որ բան նկարահանելն այսքան բարդ կտրվի: Բայց դե ես մի քիչ դրամատիկ կերպար եմ, ու տառապանքներն ինձ դուր են գալիս: Այնքան եմ ուրախանում, որ անձնակազմի համար էլ է հիշվող նախագիծ։ Թեեւ նախորդ տարի ենք արտադրել, բայց բոլորը դեռ տաք են նախագծի հանդեպ ու ոգեւորությամբ են սպասում: Այնքան սիրուն կրքեր են եղել, որ դա էլ մի առանձին մինի սերիալ է:

- Իսկ սերիալը կարո՞ղ է շարունակություն ունենալ։

Իննա. Ոչինչ չեմ բացառում: Իհարկե, շատ եմ ուզում, որ այն նախ գտնի իր տեղը։ 80 տոկոսի դեպքում հերքման ռեակցիա է լինելու, թե իրականությունն այսպիսին չէ։ Տիպիկ իրականությունն ենք նկարել՝ իր համարձակության մեջ այնքան նուրբ, բաց տեսարաններ ունեցող, բայց ոչ մի բաց տեսարան չկա, ոչ էլ համարձակ է. ասելիքն է այդպիսին:

- Կա՞ ինչ-որ բան, որ ցանկանում եք հիմա իրար ասել:

Ռոզի. Շնորհակալություն Վիկային ինձ վստահելու համար, շատ եմ սիրում իրեն: Իմ կյանքի երեք սիրելի նախագծերից մեկն է, որին մի ուրիշ թրթիռով եմ սպասում: Այն իր տրամադրությամբ, թեմայով, գույնով ու մատուցման ձեւով շատ իմն է: Նման նախագծեր, ցավոք, քիչ ենք ունենում:


Մանե. Այն օրերը, երբ կադրում պետք է երեքով լինեինք, կատարյալ տանջանք էր ամբողջ թիմի համար, հատկապես՝ մեր ռեժիսոր Հայկի (Գաբրիելյան): Նա անդադար գոռում էր. «Սուս մնացեք, ի՞նչ եք այդքան խոսում»։ Անդադար խոսում էինք ու ամեն ինչ քննարկում։ Շնորհակալություն այս նախագծին, որ ճիշտ պահին հայտնվեց իմ կյանքում, որովհետեւ շատ բան փոխեց, տարավ, թողեց: Ու շնորհակալություն Սերինեին, որ գույն բերեց իմ կյանք: Նրանից շատ բան եմ սովորել։ 

Ռոզի։ Փոռիկնե՞ր ես հագնում:

Մանե. Չէ (ծիծաղում ենք,-հեղ.)։ Բայց նրա տեսակն ու անցած ճանապարհը, ընկերները նաեւ Մանեին շատ բան սովորեցրին: Այն նախագծերից է, որի մասին կուզեմ պատմել ու ասել, որ իմ կյանքում եղել է։ Այս պատմությունների մեջ տեղ գտած բոլոր երեխաների, ծնողների, բոլոր-բոլորի խոսքը բարձրացնում ենք: Ճիշտ ու սխալ չկա, կան կարծիքներ, ուղղակի պետք է լսել, խոսել ու սիրել իրար։

Ռոզի։ Դիտեք մեզ ապրիլի 7-ից՝ Յութուբում, ամեն երեքշաբթի (ծիծաղում ենք,-հեղ.):

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW