«Ես այստեղ եմ, դու մի վախեցիր»․ ապրելով մարդկանց հիշողություններում եւ հայկական ժամանակակից ֆիլմարտադրության հիմքերում՝ «Մի վախեցիր» ֆիլմը 20 տարի անց էլ «այստեղ է»՝ նոր ասելիքով ու նոր նախագծով։ Լույս է տեսել Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի «Մի վախեցիր» վիպակը՝ գրված համանուն ֆիլմի սցենարի մոտիվներով։ Հենց նա էլ ժամանակին եղել է ֆիլմի չորս սցենարիստներից մեկը։
Գիրքը հրատարակվել էր դեռ երկու տասնամյակ առաջ՝ ֆիլմի թողարկմանը զուգահեռ, իսկ հիմա այն վերահրատարակվել է սթափ հայացքով եւ անմիջական մասնակցի զգացողությամբ։ «Մի վախեցիր» վիպակի շնորհանդեսին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը: Զրուցել ենք հեղինակի հետ եւ լսել քննարկման մասնակիցներին, այդ թվում՝ ռեժիսորներ Հրաչ Քեշիշյանին եւ Արամ Շահբազյանին, ֆիլմի գլխավոր դերակատար Խորեն Լեւոնյանին։
«2006 թվականին ֆիլմի մոնտաժային փուլն արդեն ավարտին էր մոտենում, երբ Հրաչ Քեշիշյանն առաջարկեց գրել վիպակը։ Բոլորս հավանեցինք այդ գաղափարը, ես էլ ստիպված գրեցի (ժպտում է,- հեղ․)։ Բոլորովին վերջերս էլ Հրաչն առաջարկեց վերահրատարակել գիրքը. գաղափարը կրկին նրանն էր, ինչպես 20 տարի առաջ։ Իհարկե, անպասելի էր, բայց Newmag-ի աշխատակազմը մեծ սիրով անցավ գործի։ Որոշ խմբագրումներ եմ արել տեքստում. օրինակ՝ գրքում ներկայացված դրվագներ կան, որոնք ֆիլմում չեն եղել, կամ էլ հակառակը՝ ֆիլմի որոշ դրվագներ ես վիպակում չեմ ներառել»,- մեր զրույցում պատմել է Գնել Նալբանդյանը։
Գրքի հեղինակը խոստովանել է, որ շատ բան կուզեր փոխել ֆիլմի սցենարական կառուցվածքում, կերպարներին կուզեր փոխել, բայց նաեւ նկատել է՝ դա արդեն կլիներ ուրիշ գործ՝ իր անձնական ստեղծագործությունը, ոչ թե ֆիլմի սցենարի հիման վրա գրված վիպակ։ Նա փորձել է պահպանել ընդհանրական պատկերացումները ֆիլմի մասին, եւ վերախմբագրելիս նորամուծությունն այն է եղել, որ առաջին պլան է եկել հեղինակի խոսքը հետկադրի տեքստում:
«Այն մեր չորս համասցենարիստների եւ մյուսների ստեղծագործությունն է, եւ ստիպված էի հոգեհարազատ մնալ ֆիլմին, բայց նաեւ չմնալ սցենարի գերին։ Այնպես որ, կարծում եմ՝ որոշ փոխզիջումներով մենք կարողացանք գլուխ բերել այս գործը։ «Մի վախեցիր» վիպակի դեպքում մեզ համար շատ կարեւոր էր, որ հերոսների ոճական առանձնահատկությունները եւ գրական միջավայրում հայտնված նրանց խոսքը հակասության մեջ չմտնեին ֆիլմի կերպարների հետ, որովհետեւ նրանք արդեն թելադրում էին իրենց բնավորությունը»,- ասել է Նալբանդյանը։
Ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը քննարկման ժամանակ հիշել է, որ այն տարիներին բոլորն էլ իրենց առաջին մեծ քայլերն էին անում ֆիլմարտադրության ոլորտում, եւ որքան վախեցնող է եղել նման մեծ նախագիծ սկսելը, նույնքան էլ ոգեշնչող ու ոգեւորող։ Հրաչ Քեշիշյանն էլ համոզված է, որ «Մի վախեցիր»-ն իր էներգետիկ ողջ պաշարով դեռ երկար է ապրելու:
«Ես չեմ կարծում, թե սա միայն փաստագրություն է։ Միգուցե 20 տարի առաջ դրանք փաստեր էին, որոնք պետք է արձանագրվեին, իսկ հիմա մենք տեսնում ենք (եւ հետոն էլ ցույց կտա), որ սա ավելի շատ էմոցիաների մասին է։ Սա մի հետաքրքիր գործ է, որտեղ հայրենասիրության մասին ոչ ոք չի գոռում, եւ հայրենասիրության գաղափարը պլակատային չէ։ Կարծում եմ՝ սա մեր ողջ թիմի եւ առաջին հերթին սցենարիստների մեծագույն ձեռքբերումն է, որ իրենք մարդկային, հողին կպած գործ են ստեղծել։ Հենց դրանում է արժեքը»,- ընդգծել է Հրաչ Քեշիշյանը։
Խորեն Լեւոնյանն էլ պատմել է, որ ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստանալիս երկար չի մտածել եւ միանգամից համաձայնել է․ «Այդ տարիներին շատ առաջարկներ ունեի, բայց մեծ մասից հրաժարվում էի։ Գիտեի, որ կարեւոր բան եմ ուզում անել, բայց թե ինչ՝ պատկերացում չունեի։ Զգում էի, որ ավելի լուրջ բաներով պիտի զբաղվեմ եւ ինչ-որ անհասկանալի սերիալներում չպիտի նկարահանվեմ, այսուայն կողմ չգնամ։ Ինձ պահում էի ինչ-որ կարեւոր բանի համար, եւ փառք Աստծո, երկար սպասեցնել չտվեց»։
Նա խոստովանել է, որ նկարահանման հրապարակում այդ ժամանակ բոլորն օգնում էին իրար եւ հաճախ անում բաներ, որոնք իրենց պարտականությունների մեջ չէին մտնում, միայն թե նախագիծը հաջողեր ու հասներ նպատակին․ «Օրինակ՝ ես օգնում էի կրակ վառողներին, եւ մի անգամ բենզինը լցվեց երեսիս, վառվեցի։ Ֆիլմի վերջին տեսարաններում հստակ երեւում է, որ երեսս վառված է, իսկ մարդիկ ասում էին՝ «գրիմը լավը չէ», բայց իրականում վառված էր դեմքս (ժպտում է,- հեղ․)։ Մի խոսքով՝ մենք շատ բաների միջով ենք անցել իսկապես»։
Խորեն Լեւոնյանը նաեւ պատմել է, որ շատ առաջարկներ են եղել՝ ֆիլմի 2-րդ մասը նկարահանելու, բայց ինքն անձամբ միշտ դեմ է եղել այդ գաղափարին․ «Այն մարդը, որը սահմանին իրեն զոհեց հայրենիքի համար, եթե ողջ մնար, ավելի վատ պատմություն էր լինելու։ Վերադառնալու էր պատերազմից, եւ այստեղ էին նրա գլուխն ուտելու, իսկ դա արդեն սարսափելի ողբերգություն կլիներ։ Ավելի լավ էր նա թշնամու գնդակից զոհվեր, քան գար այստեղ, եւ հայրենակիցները սպանեին։ Դե, հիշում եք նախարարի կերպարը ֆիլմում, որն անընդհատ հետապնդում էր տղային։ Նրա ձեռքով ինչ-որ շատ վատ մահ էր ունենալու, միեւնույն է։ Ես միշտ հրաժարվել եմ ֆիլմի 2-րդ մասը նկարահանելու մտքից, ասել եմ՝ չանեք»։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


×
3,121






