Հաղորդավար եւ մոդել Լուսինե Թովմասյանը որոշում է կայացրել դադարեցնել համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ եւ լուծել գործող պայմանագիրը։
Նրա խոսքով՝ հեռուստաընկերության ղեկավարը հանձնարարել է իրեն փոխարինել մեկ այլ հաղորդավարով այն հաղորդման մեջ, որի առաջին թողարկումն արդեն նկարահանված էր. «Պատճառն աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտներից մեկի՝ Լանգ Լանգի, ով Հայաստան էր հրավիրված պետական միջոցներով, ինչպես նաեւ Սերգեյ Սմբատյանի հետ իմ իրականացրած հարցազրույցն է, որը նախատեսվում էր հրապարակվել սոցիալական հարթակներում։ Նշեմ, որ իմ աշխատանքային պայմանագրում դա արգելող որեւէ կետ չկա»:
Թովմասյանը կարծում է, որ «որոշումը դուրս է մասնագիտական հարաբերությունների շրջանակից եւ պայմանավորված է անձնական փոխհարաբերություններով»։
«Այսպիսով՝ չեմ պատրաստվում գործիք դառնալ որեւէ մեկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար։ Հավելեմ, որ մեր վերջին հանդիպման ժամանակ Հովհաննես Մովսիսյանն անձամբ է ինձ հայտնել հենց այս պատճառաբանությունը։ Հատկանշական է, կամ գուցե պարադոքսալ, որ համերգը նկարահանվել է հենց Հայաստանի հանրային հեռուստաընկերության պատվերով եւ ստեղծագործական անձնակազմով»,- Ինստագրամի իր էջում գրել է նա:
Հաղորդավարը նաեւ հավելել է. «Ես միշտ զերծ եմ մնացել խաղատներ ու վնասակար սովորություններ գովազդելուց, մրցակցային դաշտում գտնվող այլ հեռուստաընկերությունների հետ համագործակցելուց, քաղաքական որեւէ գործընթացի մասնակցելուց, եւ դա եղել է իմ անձնական որոշումը։ Փոխարենը միշտ սիրով ընդունել եմ այն մասնագիտական առաջարկները, որոնք մշակութային են եւ ինձ համար հետաքրքիր։ Իմ այս իրավունքը սահմանափակելն անընդունելի եմ համարում»։
Լուսինե Թովմասյանը շնորհակալություն է հայտնել Առաջին ալիքում աշխատող իր գործընկերներին՝ գեղեցիկ ու հետաքրքիր համագործակցության համար. «Հույս ունեմ՝ մի օր կհանդիպենք արդար աշխատանքային մթնոլորտում։ Առաջին ալիքը շարունակելու է մնալ իմ տունը, եւ թեեւ այս պահին հեռանում եմ, բայց տունդարձի ճամփան չեմ մոռանալու։ Սիրում եմ իմ բոլոր արդարամիտ գործընկերներին, իսկ մյուսներին՝ ներում՝ հուսալով, որ լավ չեն հասկանում, թե ինչ են անում»։


×
1,068






