×


Met Gala-ն բոյկոտած աստղերն ու Նյու Յորքի քաղաքապետը, ծերացած Բեդ Բաննին եւ անճաշակ հյուրերը

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում այս գիշեր տեղի է ունեցել նորաձեւության ոլորտի տարվա կարեւոր իրադարձություններից մեկը՝ Met Gala-ն: Միջոցառման թեման այս անգամ «Հագուստի արվեստ»-ն էր (Costume Art)։

Երեկոյի հաղորդավարներն են եղել Քարա Դելեւինը, Էշլի Գրեմն ու Էմմա Չեմբերլեյնը, իսկ միջոցառման համանախագահները՝ Բիյոնսեն, Նիկոլ Քիդմանը, Վենուս Ուիլյամսը եւ ամերիկյան Vogue-ի նախկին գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը։ Այս տարվա Met Gala-ի պատվավոր նախագահներն ու գլխավոր հովանավորները Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսն ու կինը՝ Լորեն Սանչեսն էին։ 


Դերասաններ Զենդեյան ու Մերիլ Սթրիփը բոյկոտել էին Met Gala-ն։ Ամերիկյան լրատվամիջոցները գրել են, որ Սթրիփը համանախագահի դերից հրաժարվել է Բեզոսի ու Սանչեսի պատճառով։ 2015-ին Met Gala-ում նորամուտը նշած եւ միջոցառմանը 7 անգամ մասնակցած Զենդեյայի ներկայացուցիչներն էլ նշել են, որ նա ցանկանում է փոքր-ինչ հանգստանալ «Դրամա» ֆիլմի արշավից հետո։ 

Մյուս սկանդալը կապված է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի հետ, որը քաղաքական սկզբունքների պատճառով է բաց թողել միջոցառումը, իսկ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին մասնակցության հրավեր չեն ստացել։


Առանց այս հյուրերի էլ երեկոն մարդաշատ ու աղմկոտ է ստացվել։ 10 տարվա դադարից հետո Met Gala-ին ներկա է եղել Բիյոնսեն: 44-ամյա երգչուհուն ուղեկցել են ամուսինը՝ Ջեյ Զին, ու դուստրը՝ 14-ամյա Բլու Այվին։ Վերջինիս համար սա առաջին Met Gala-ն էր։ 


Նորաձեւության աշխարհի մասին պատվող «Սատանան կրում է Prada-2» ֆիլմում Սթրիփի խաղընկերներ Էմիլի Բլանտն ու Էնն Հեթեուեյը երեկոյին շքեղ տեսք ունեին։ Հատկապես տարբերվող էր Հեթեուեյի զգեստը. նա ընտրել էր Michael Kors-ի հավաքածուից սեւ, ձեռքով նկարազարդված զգեստ, որը ստեղծվել է դիզայների մտերիմ ընկերոջ՝ հայտնի ամերիկացի նկարիչ Փիթեր Մաքգոֆի հետ համագործակցությամբ։ Մաքգոֆը ոգեշնչվել է 1819 թվականին ամերիկացի բանաստեղծ Ջոն Քիթսի գրած ստեղծագործությամբ։ Աղավին ու ծաղկային մոտիվները, ինչպես նաեւ պատկերված հունական աստվածուհին, խաղաղություն են խորհրդանշում։


Ամուսնու՝ A$AP Rocky-ի հետ էր ժամանել Ռիհաննան։ Երգչուհին Maison Margiela նորաձեւության տան զգեստն էր ընտրել, իսկ ռեփերը՝ խալաթի ոճով բաց վարդագույն վերարկու։ 


Ամենավառ զգեստներից մեկն ընտրել էր Էմմա Չեմբերլեյնը՝ նախապատվությունը տալով Mugler-ին, Իրինա Շեյքն ընտրել էր «մերկ» հագուստ։ Նիկոլ Քիդմանն ու դուստրը՝ Սանդեյ Ռոուզը, Chanel-ի նոր ստեղծագործական տնօրեն Մաթյե Բլազիի հեղինակած զգեստներով էին։ Քեթի Փերին նորաձեւ սուսերամարտիկի կերպարով էր, Նաոմի Ուոթսը՝ Dior-ի ծաղիկներով, Քայլի Ջենները՝  Schiaparelli-ով: Քիմ Քարդաշյանն՝ իր զգեստով, նույնպես առանձնանում էր:


Իր կերպարին բավական հումորով էր մոտեցել Bad Bunny-ին: Նա ծեր Բաննիի էր վերածվել՝ ճերմակ մազերով, ձեռնափայտով ու կնճիռներով։ Դիզայներ Սիմոն Պորտե Ժակմյուսը ներկայացել էր իր մուսայի՝ տատիկի հետ: Երկուսն էլ ընտրել էին սպիտակը: Դերասան Ռամի Մալեկը՝ մուշտակով, Դուեյն Ջոնսոնն՝ էլեգանտ կոստյումով էր:


Տարբերվող էր երգչուհի Լիսան՝ ռոբոտի ձեռքերով հարսանեկան զգեստով։ Իսկ ահա Սաբրինա Քարփենթերը նախապատվությունը տվել էր հին Հոլիվուդի ոճին ու կինոժապավենից հագուստով էր։ Մադոննան էլ մի քիչ սգի մեջ էր՝ Saint Laurent-ի հագուստով։ Ինչպես միշտ, նրբագեղ ու տարբերվող էր դերասանուհի Ջուլիանա Մուրը, որին ուղեկցում էր դիզայներ Թոմ Ֆորդը։


Հելլոուինյան կոստյումների սիրահար Հայդի Քլումն այս անգամ էլ որոշել էր արձան դառնալ։


Շատ տարօրինակ ու նաեւ անճաշակ տեսք ուներ Քարդի Բին։


Այս անգամ ոչ այդքան տպավորիչ էր Ջիջի Հադիդը՝ Miu Miu-ի թափանցիկ ու չհիշվող զգեստով։


Գվենդոլին Քրիսթին էլ իր իսկ պատկերով դիմակով էր։ Բավական անհաջող կերպարներով էին նաեւ դերասանուհի Օդեսսա Էզայոնը, բլոգեր Լենա Մահֆուֆը, թեեւ նրա կերպարը քննարկվեց, դիզայներ Սաբինա Գեթթին, դերասանուհիներ Անժելա Բասեթը, Vogue-ից Նիկոլ Ֆելփսն ու ուրիշներ։ 

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարդալ ավելին

Quality Sign BW