Երեկ 81 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը:
Վերջին անգամ BRAVO.am-ը Ծատուրյան ի հետ ծավալուն զրույց է ունեցել 2022 թվականին, որի ընթացքում անդրադարձել ենք թատրոնին, ստեղծագործելուն, խոսել հրաշքների ու, իհարկե, կյանքին եւ մահվան մասին:
Եվ այսօր նրան նվիրված հրաժեշտի խոսքում վերհիշելու ենք այդ հարցազրույցի ժամանակ նրա հնչեցրած դիպուկ, հումորով ու կարեւոր մտքերը, ինչպես նաեւ անդրադառնալու ենք նրա սաների, գործընկերների ու արվեստի սիրահարների հուզիչ խոսքերին:
Ծատուրյանն՝ իր, թատրոնի ու աշխարհի մասին
Հրաշքներ լինում են: Երբ 1945 թ. հունվարի 8-ին ծնվեցի, հրաշք տեղի ունեցավ, աշխարհն իմացավ այդ մասին, ու նույն թվականի մայիսի 9-ին խաղաղություն կնքեցին:
Բնականաբար, հետո մեկ այլ հրաշք տեղի ունեցավ՝ հիանալի ծնողներ ունեցա. հայրս կինոռեժիսոր էր, մայրս՝ կենսաբան: Կարգին ընտանիք ունեցա:
Հումորն իմ կյանքում անպակաս է: Մի անգամ քո պես սիրուն աղջկա հետ էի զրուցում, որն ինձ հարցրեց, թե փորս ինչո՞ւ է այսքան մեծ: Պատասխանեցի. «Սա փոր չէ, այլ՝ չիրականացված բեմադրություններս» (ծիծաղում ենք,-հեղ.):
Չեմ հասկանում այն ռեժիսորներին, որոնք ուզում են՝ իրենց կենսագրության մեջ անպայման Շեքսպիր ու Շիլլեր լինի: Պաշտում եմ Շեքսպիրի գործերը, բայց իմը չեն. եթե անեմ, ինձ Հայաստանից կարտաքսեն: Մեր բնակչության կեսը Համլետներ են, իսկ իմ Համլետը բացասական կերպար է, որը հանուն ճշմարտության քանդեց ամբողջ պետությունը:
Հնարավոր չէ սովորեցնել դերասան դառնալ. այն միայն ներսից է: Կարելի է նպաստել, որ բացվեն: Ուսանողներիս էլ հոգնում եմ կրկնել, որ ներքին մենախոսություն պետք է ունենան: Եթե դա չկա, ու պարզապես տեքստ են ասում, անիմաստ է դառնում: Երբ արթնանում եք ու ատամները մաքրում, հո չե՞ք մտածում. «Հիմա ատամներս եմ մաքրում», ինքնաբերաբար է ստացվում: Նույնն էլ խաղալը պիտի դառնա:
Մի լավ անեկդոտ եմ հնարել, որ ով ասես բեմադրիչ չէ, չնայած՝ մեջները լավերն էլ կան, բայց 80 տոկոսը եղած-չեղածի հաշիվ է:
Չեմ սիրում, երբ քննադատում են: Պիտի օգնես, որ դրանից բան սովորեն: Մի անգամ Հալեպում համերգի էին հրավիրել: Ոչ այնքան պարում էին, որքան գոռում «հայ-հայ»: Գովում էին, թե «խենթանալիք է», ես էլ եմ նման խոսքեր շատ լսել. դե, խենթացել ես, թող գնա (ծիծաղում ենք,-հեղ): Տիկինս շնորհավորեց, ես էլ՝ թե «Անցած ըլլա»: Այդ մարդն ինձնից նեղացավ: Եթե ուզում ես աճ լինի, ճիշտն ասելը կարեւոր է:
Պիտի երեխային հետաքրքիր մարդ ու քաղաքացի դարձնել: Դերասաններին հարցնում եմ, թե ինչու են բեմ բարձրանում, որ շնո՞րհքը ցույց տան: Ինձ դա չի հետաքրքրում: Պետք է կարողանան հանդիսատեսին մտածելու առիթ տալ: Թատրոնում սիրտն ու ուղեղը պիտի աշխատեն: Եթե միայն ուղեղն է, դառնում է վերեւից անձրեւ, տակից՝ քամի:
Սոսն (Սարգսյան) անընդհատ հիշեցնում էր. «Էս անտեր դերասանությունը գիտություն ա» (ասում է Սարգսյանի ձայնով,-հեղ.): Ճիշտ էր: Դրա համար էլ հաճախ բեմի վրա քայլող գերաններ ես տեսնում, որոնք տեքստ են ասում:
Առաջ չկար լույս, կար հույս: Հիմա կա լույս, բայց հույս չկա:
Երբ մտնում ես Թատերական ինստիտուտ, մի շատ լավ միտք ես տեսնում, որը Սոս Սարգսյանի սիրելիներից է. «Լավ ներկայացումը մարդուն տալիս է թեւեր, վատը՝ սմբակներ»: Ու իսկապես այդպես է. «Թատրոնում ամբոխը դառնում է ազգ»:
«Հրաշագործ»-ի առաջին ներկայացումից հետո մի բան ասացի, որը ներկաների ծիծաղն առաջացրեց: Խոստովանեցի, որ այդ գործն արել եմ, որովհետեւ նայում եմ «Կիսաբաց լուսամուտները». ոչ թե սյուժեին եմ հետեւում, այլ թե մարդ արարածն այս ո՞ւր է իջել, ինչի՞ հասել: Նրանց դաստիարակած երեխան ի՞նչ պիտի լինի:
Մեր հասարակությունը, ցավոք, բաղկացած է 70 % ամբոխից: Բոլոր ազգերում էլ այն կա, բայց մեզ մոտ շատ մեծ թիվ է կազմում: 25 %-ը ժողովուրդն է՝ ես, դու, բժիշկը, ու ընդամենը 5 %-ը՝ ազգը՝ Արամ Խաչատրյան, Մինաս, Մարտիրոս Սարյան:
70-80 տարեկանում շատերը կպչում են իրենց աթոռից եւ ուզում գեղարվեստական ղեկավար մնալ, ես հասկացա, որ պիտի գնամ: Ջահելին պետք է տեղ տալ, ոչ թե կպչել աթոռից: Դա էլ, երեւի, իմաստնություն է, որ տարիների հետ է գալիս, բայց ամեն տարիքով մարդ չէ, որ իմաստուն է:
77-ում զգում եմ Թումանյանին, որ 54 տարեկանում խոսում է Աստծո հետ ու հանկարծ հանճարեղ քառյակներ գրում: Նա զգում է իր մոտալուտ վախճանը, դրա համար էլ հայացք է գցում Աստծուն: Ես էությամբ աթեիստ եմ, բայց արդեն խոսում եմ հետը:
Զգում եմ, որ գլուխս պտտվում է, բռնվում եմ, նստել-վեր կենալը խնդիր է դառնում, անընդհատ ինձ ասում եմ. «Պինդ, պինդ»: Երբ դերասանը հանկարծ բեմի վրա սիրտը բռնում է, չեմ հավատում: Երբ սիրտդ վատանում է, նախ զարմանում ես, թե այս ի՞նչ եղավ, ապա վախենում ու քեզ հավաքում: Հիմա իմ կարգախոսն է. «Վայ, տարիք ստեղծող, քո հերն եմ անիծել» (ծիծաղում ենք,-հեղ.):
Շատ եմ սիրում այն ծիլը, որը ասֆալտը քանդել է ու դուրս եկել իր փոքրիկ հալով: Այ դա ինձ համար հրաշք է:
Միակ բանը, որ սկզբից մինչեւ վերջ ընդունում եմ, բնությունն է. սարքած ոչինչ չկա: Բնությունն է ամեն ինչը՝ սատանան ու Աստվածը:
Բոլորն ասում են գեղեցկությունը կփրկի աշխարհը, բայց ոչ՝ հումորը: Եթե հումոր ունես, չես գնա դիմացինիդ սպանելու: Ամենաբարդ վիճակում էլ այն օգնում է:
Միակ բանը, որ կնոջս ու ընկերներիս խնդրել եմ՝ իմ մահվան դեպքում չլացեն. մոտենան, ժպտան ու գնան: Ու թող տխուր «Դլե յաման» չհնչի, Մոցարտի հնչյունները տարածվեն:
Նիկոլայ Ծատուրյանը քանի կա՝ կլինի:
Հարուստ կենսագրությունը
Նիկոլայ Ծատուրյանն իր երկար ստեղծագործական կյանքի ընթացքում բազմաթիվ սերունդներ է կրթել, 20 տարի աշխատել Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, նույնքան էլ՝ Հալեպում Ադամյան թատերախմբի հետ, 12 տարի ղեկավարել է «Մետրո» թատրոնը:
Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Պատահար» կարճամետրաժ կինոֆիլմում եւ Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի» (ռեժիսոր՝ Արման Մանարյան) ֆիլմում: Մարմնավորել է Փանջունուն:
Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում սովորել է Վարդան Աճեմյանի գլխավորությամբ, ապա վարպետության դասեր ստացել Մոսկվայում՝ ուսանելով Անդրեյ Տարկովսկու, Սիմյոն Թումանովի եւ Գեորգի Դանելիաի մոտ։ «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի ու Վարդան Աճեմյանի հետ, եղել «Մենք են, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» եւ «Ժայռ» ֆիլմերի երկրորդ ռեժիսորը։
2004 թ.-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնում նշանակվել է ղեկավար, ապա գեղարվեստական խորհրդատու եղել։
Գյումրու թատրոնում նրա բեմադրած վերջին ներկայացումը եղել է
Անահիտ Աղասարյանի «Երեք անունով մի աղջիկ»-ը: Նույն ներկայացումը տարիներ առաջ «Ուիլլի, Թիթի, Ջիգ ու երեքն էլ մի աղջիկ» անունով բեմադրել էր «Մետրո» թատրոնում: Դերակատարներն են եղել Աննա Էլբակյանը, Լեւոն Հարությունյանը, Նարինե Ալեքսանյանը, Վիգեն Ստեփանյանը, Ազատ Գասպարյանը, Ֆորշն ու ուրիշներ:
Ծատուրյանը հանդիսանում է Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, որտեղ աշխատել է 1973 թվականից։ Նրա արվեստանոցը ավարտել է շուրջ 200 ուսանող:
Գյումրու թատրոնի հենասյունը
Գյումրու դրամատիկականը «սրտի ցավով ու խոր կսկիծով ընդունեց իրենց թատրոնի հենասյան, մեծ վարպետի՝ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, հայ թատերական ռեժիսուրայի անվանի գործիչ, թատերական մանկավարժ, Գյումրու դրամատիկականի գեղարվեստական խորհրդատուի» մահվան լուրը։
Լուսանկարը՝ Գյումրու դրամատիկական թատրոնի
«Սիրելիի Երվանդիչ, քո անունը հավերժ կմնա Գյումրու դրամատիկականի պատմության էջերում․․․ Հանգչիր խաղաղությամբ մեր անփոխարինելի Երվանդիչ»,- նշել են նրանք:
Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյան
«Երեկ ասացիր. «Խոսելու բան կա, Լյութո»: Չհասցրինք... »:
Դերասան Արսեն Սաղաթելյան
«Մեր ընկեր, իմ ավագ ընկեր... Շնորհակալություն Ձեզ՝ ամեն ինչի համար»:
Դերասանուհի Նառա Սանթոյան
«Պակասեց «մասնագիտական թթվածինը»»:
Դերասան Բաբկեն Չոբանյան
«Գնաց վարպետը...»:
Նիկոլայ Ծատուրյանը եւ Սրբուհի Բալայանը
Դերասանուհի Սրբուհի Բալայան
«Այնքան բան կա ասելու, ուղղակի ձեւը չգիտեմ: Աշխարհի բոլոր էմոցիաներն եմ հիմա ապրում՝ կիսատության, փոքրության... Այնքան պատմություններ կան, որ հիմա ուղեղիս մեջ են պատկերավոր. ինձ Ձեր տնից ճանապարհելը, պատուհանից նայելը... Ես սիրում եմ Ձեզ, թատրոնը, մեր թատրոնի եղանակը, ծատուրյանական թատրոնը: Ես վարպետ կորցրի ու մարդու, ով միշտ ինձ հավատացել է»:
Նիկոլայ Ծատուրյանը եւ Վարդան Հովսեփյանը
Դերասան Վարդան Հովսեփյան
«Վախ, վարպետս, հազար ափսոս, Նիկոլայ Երվանդիչ ջան... Իմ ուսուցիչ, իմ հպարտություն, ինչքան էիր սիրում արվեստը, ինչքան էիր սիրում հումորը, կյանքը, ուսանողներիդ: Ինչքան սերունդ դաստիարակեցիր ու ինչքան արվեստի նվիրյալ տվեցիր»:
Աշոտ Համբարձումյանը եւ Նիկոլայ Ծատուրյանը
Հայաստանի վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյան
«Մարդ կա, ելել է շալակը թատրոնի․․․ Մարդ կար, թատրոնն էր շալակած տանում... Հոգիդ լույսերի մեջ, սիրելի Կոլյա»:
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյան
««Մենք արդեն պատմություն ենք»,- վերջում ասաց նրանցից մեկը... Հանգչես խաղաղությամբ, վարպետս»:
Ռեժիսոր եւ դերասան Գուրգեն Ծատուրյան
«Սիրելի, Նիկոլայ Երվանդովիչ, ինչ ուրախություն էր, որ մեկ ամիս առաջ հանդիպեցինք, ու Դուք կարողացաք գալ մեր ներկայացմանը։ Ինչ երջանկություն էր, որ կարողացաք ասել այն խոսքերը, որոնք ընդմիշտ կմնան ինձ հետ։ Մեծ հաջողություն էր, որը մենք երբեւէ հանդիպել ենք։ Իմ կյանքում հայտնվեցիք այն պահին, երբ ամեն ինչ շատ վատ էր, ու պարզապես ձեռք մեկնեցիք։ Չէիք սիրում տրտնջալ, նույնիսկ այդքան արագ ու հեշտ հեռանալով՝ ակնարկեցիք, որ ամեն ինչ ավելի պարզ ու դյուրին է...»։
Հասմիկ Բաբայան


×
2,407






