×


Փելեշյանի ֆիլմերի տարի. «Մարդկանց երկիրը» եւ այլ աշխատանքներ կցուցադրվեն Նյու Յորքի կինոփառատոնում

2026 թվականը միանշանակ կարելի է անվանել միջազգային կինոփառատոններում Արտավազդ Փելեշյանի աշխատանքների ցուցադրության տարի:

Անվանի կինոռեժիսորին այս անգամ հարգանքի տուրք կմատուցեն սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 12-ը կայանալիք Նյու Յորքի կինոփառատոնում: 


Փելեշյանի 8 ֆիլմերը ցուցադրվելու են «Վերածնունդ» ծրագրի շրջանակում, որը ներառում է վերականգնված, պահպանված կամ թվային եղանակով վերամշակված աշխատանքներ: 

Ընտրված ֆիլմերի թվում են «Լեռնային պարեկը» (1964 թ.), «Մարդկանց երկիրը» (1966 թ.) «Սկիզբը» (1967 թ.) «Մենք»-ը (1969 թ.) «Տարվա եղանակները» (1975 թ.), «Մեր դարը» (1982 թ.), «Վերջը» (1992 թ.) եւ «Կյանք»-ը (1993 թ.):


«Երկար ժամանակ պաշտամունքային դեմք հանդիսացող, բայց ԱՄՆ-ում ոչ այդքան հայտնի հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը մի անգամ Ժան-Լյուկ Գոդարի հետ զրույցում ասել է. «Կինոն հիմնված է 3 գործոնի վրա՝ տարածության, ժամանակի եւ իրական շարժման»։ Համադրելով արխիվային եւ իր նկարահանած կադրերը, ինչպես նաեւ միախառնելով վավերագրական էսսեի ու պոետիկ ավանգարդի տարրերը՝ Փելեշյանի աշխատանքները պտտվում են մարդկության եւ բնության հավերժ կրկնվող բուռն հարաբերությունների շուրջ: 


Ձիգա Վերտովի եւ Սերգեյ Էյզենշտեյնի նման խորհրդային մեծ կինոգործիչների հոգեւոր ժառանգորդ Փելեշյանը զարգացրել է մոնտաժի տեխնիկան ու այն անվանել «տարածական մոնտաժ»: Այն գծային ասոցիացիաներ ստեղծելու փոխարեն ձգտում էր «ֆիլմի շուրջ մագնիսական դաշտ» ձեւավորել։ 88-ամյա Փելեշյանի գլխավորությամբ վերականգնված ֆիլմերն ընդգրկում են ավելի քան երեք տասնամյակ ու գրեթե ամբողջությամբ ներկայացնում են նրա արտասովոր ստեղծագործական ժառանգությունը»,- նշված է կինոփառատոնի պաշտոնական կայքում։

Կարդալ ավելին

Quality Sign BW