Դերասանուհի, պարուհի Ֆրիդա Յորքի հետ Bravo.am-ի «Բացահայտում» շարքի համար զրուցելը գերագույն հաճույք էր: Նա ամեն հարցի պատասխանել է իրեն հատուկ հմայքով ու գեղեցկությամբ:
- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:
- Ամենախորը երեք ցնցումները, որ ունեցել եմ արվեստում, իրականում այն պահերն են, երբ այն փոխել է իմ աշխարհընկալումը։ Առաջինը Միքելանջելոյի «Պիետա»-ն էր։ Երբ առաջին անգամ տեսա այդ քանդակը, բառացիորեն քարացա։ Մի քանի րոպե չէի կարողանում ո՛չ խոսել, ո՛չ մտածել։ Այնպիսի զգացողություն ունեի, կարծես կտրվել էի գետնից։ Ինձ ապշեցրեց ոչ միայն ստեղծագործության կատարելությունը, այլեւ այն սերը, որը տեսա Մարիամի կերպարում։ Նրա մեջ միաժամանակ մարդկայինն ու աստվածայինն էին։ Դա մոր անսահման սիրո պատկերն էր, որը հասկանում է, որ պետք է որդուն հանձնի աշխարհին։ Եվ կա մի մանրուք, որը մինչ օրս ինձ հետ է՝ այն, թե ինչպես է Մարիամը մատներով սեղմում Քրիստոսի մարմինը։ Այդ շարժման մեջ ես տեսա ամեն ինչ՝ ե՛ւ չթողնելու ցանկությունը, ե՛ւ գիտակցումը, որ պետք է բաց թողնել։ Հենց այդ հակասությունն էր ինձ համար իսկական հայտնություն։
Երկրորդ մեծ ցնցումը Ռենե Մագրիտի «Լույսի կայսրությունն» էր։ Այն ապշեցուցիչ գեղեցիկ է, բայց ինձ գրավեց ոչ միայն դրանով: Այն դարձավ մտորումների անվերջ աղբյուր։ Հանկարծ զգացի, թե որքան բազմաշերտ է աշխարհը։ Մեզ թվում է, թե ապրում ենք մեկ իրականության մեջ, բայց իրականում միաժամանակ գոյություն ունենք մի քանի աշխարհներում։ Մեր ներսում ապրում են տարբեր ժամանակներ, տարբեր զգացողություններ, տարբեր իրականություններ։ Եվ Մագրիտը դա արտահայտել է զարմանալի պարզությամբ՝ գիշերն ու օրը նույն տարածության մեջ են, եւ ինչ-որ պահի դա այլեւս անհնար չի թվում։ Այսօր ժամանակակից ֆիզիկան եւս մեզ հուշում է, որ իրականությունն ավելի բարդ է, քան մենք տեսնում ենք: Այդ կտավն ինձ համար դարձավ հրավեր՝ աշխարհը տեսնելու այլ աչքերով։
Իսկ երրորդ ամենախորը ցնցումը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմն էր։ Այդ ժամանակ առաջին անգամ հասկացա, որ կան արվեստագետներ, որոնք ինքնին ամբողջ տիեզերքներ են։ Նրանց հնարավոր չէ պարզապես հասկանալ. նրանց մեջ պետք է մտնել, նրանց հետ պետք է ապրել։ Եվ եթե այդ աշխարհը քեզ ընդունի, կհայտնվես բոլորովին այլ զգայական իրականության մեջ։ Հիշում եմ՝ ֆիլմը դիտելուց հետո երկար ժամանակ չէի կարողանում քնել։ Այնպիսի զգացողություն ունեի, կարծես իմ առջեւ մի հսկայական աչք էր բացվել, որի մեջ ուզում էի անվերջ նայել եւ գնալ ավելի ու ավելի խորքը։ Դա Փարաջանովի հայացքն էր։ Եվ ինչ-որ պահի զգացի, որ նա ինձ թույլ տվեց աշխարհը տեսնել իր աչքերով։ Դա պարզապես ֆիլմ չէր։ Դա ճանապարհորդություն էր դեպի մեկ ուրիշ գիտակցություն։ Եթե անկեղծ լինեմ, ցավում եմ, որ պետք է ընտրեմ միայն երեքը։ Այդպիսի ցնցումներ իմ կյանքում շատ են եղել։ Հավանաբար հենց դրանցով էլ ես ապրում եմ։
- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ վերջերս եք իմացել Ձեր մասին։
- Ամենատարօրինակ բանը, որ վերջերս բացահայտեցի իմ մասին, այն է, որ միշտ երգում եմ, երբ լոգանք եմ ընդունում։ Ամենազավեշտալին այն է, որ ինքս երկար ժամանակ դա չէի նկատում։ Տանն ինձ միշտ ասում էին. «Դու նորից երգում ես»։ Իսկ ես չէի հավատում, որովհետեւ գիտեմ, որ այնքան էլ լավ չեմ երգում եւ առօրյայում գրեթե երբեք չեմ երգում։ Բայց մի օր ինքս ինձ բռնեցի այդ պահին ու հասկացա, որ նրանք ամբողջ ընթացքում ճիշտ էին։ Երեւի հենց այդ պահերին եմ այնքան հանգստանում, որ դադարում եմ ինձ վերահսկել ու պարզապես ինձ թույլ եմ տալիս երգել։ Եվ ինձ թվում է՝ դա շատ լավ նշան է, նշանակում է՝ կա մի տեղ, որտեղ ես ինձ լիովին ազատ եմ զգում։
- Արդյոք Ֆրիդա Յորքը եղե՞լ է Նյու Յորքում կամ բրիտանական Յորքում:
- Իմ դերասանական կեղծանունն իսկապես հնչողությամբ նման է Նյու Յորք անվանը, բայց այն անմիջականորեն կապված չէ քաղաքի հետ։ Ավելի շատ այդ անունն ինձ համար որոշակի զգացողություն է կրում՝ շարժում, ազատություն եւ մեծ աշխարհի էներգիա։ Եթե անկեղծ լինեմ, հույս ունեմ, որ հենց այս տարի վերջապես կկարողանամ լինել Նյու Յորքում, որովհետեւ երկար ժամանակ է՝ ձգտում եմ դրան։
Կարծում եմ՝ երբ առաջին անգամ կանգնեմ Նյու Յորքի կենտրոնում՝ երկնաքերերի, անվերջ շարժման, շտապող մարդկանց մեջ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր երազանքները եւ աշխարհը տեսնելու իր ձեւը, ես ինչ-որ շատ կարեւոր բան կզգամ։ Երեւի նորից կհասկանամ, որ աշխարհը գոյություն է ունեցել ինձնից առաջ եւ շարունակելու է գոյություն ունենալ ինձնից հետո:
- Դերասանի մասնագիտությունն ընտրելու կարեւոր շարժառիթները:
- Շատ խորքային մի բան է, գուցե, կապված է ենթագիտակցության հետ։ Հետաքրքիր է նույնիսկ մտածել՝ ինչու է մարդն ընդհանրապես ուզում, որ իրեն նայեն ու լսեն։ Բայց երբեք այն աղջիկը չեմ եղել, որը հատուկ գեղեցիկ է հագնվում, սանրվում եւ դուրս է գալիս փողոց միայն նրա համար, որպեսզի ուշադրություն գրավի կամ ինչ-որ մեկին դուր գա։ Ավելի շուտ ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ հասկացա, որ իմ ներսում տեղի են ունենում շատ բարդ ու հետաքրքիր գործընթացներ։ Առաջացավ մեծ ցանկություն՝ կիսվելու դրանով, խոսելու զգացմունքների մասին, ուսումնասիրելու դրանք, երբեմն նույնիսկ թաքցնելու։
Լինում են պահեր, երբ ամենաիսկական զգացմունքները մենք պատրաստ չենք անմիջապես ընդունել։ Դրանք այնքան ուժեղ եւ խորն են լինում, որ մեզ ժամանակ է պետք՝ դրանք ապրելու եւ հասկանալու համար։ Եվ հենց այդ դադարների, ներքին ապրումների ընթացքում, երբ փորձում ես հասկանալ, թե ինչ է քեզ հետ տեղի ունեցել, ծնվում է երեւակայությունը։ Դու սկսում ես մտածել՝ ինչ ձեւ կարող է ստանալ այդ զգացումը։ Ինչպե՞ս կարելի է այն արտահայտել։ Եվ, երեւի, հենց այդ պահին է ծնվում ստեղծագործ մարդը։ Պարտադիր չէ, որ նա լինի դերասան։ Նա կարող է լինել երաժիշտ, նկարիչ, գրող։ Ցանկացած մարդ, ով կարողանում է իր ներքին փորձը վերածել ինչ-որ ավելի մեծ բանի։
- Ի՞նչ է փոխանցում այս մասնագիտությունը, որ ուրիշ ոչ մի տեղից հնարավոր չէ ստանալ:
- Ինձ համար դերասանական արվեստը սեփական անձը եւ շրջապատող աշխարհը ճանաչելու ճանապարհներից մեկն է։ Մարդն ունի կյանքը ուսումնասիրելու անսահման շատ հնարավորություններ։ Ամենակարեւորներից մեկը պարզապես ապրելն է՝ չթաքնվել կյանքից, այլ թույլ տալ ինքն իրեն ամբողջությամբ մտնել տարբեր վիճակների, զգացումների եւ փորձառությունների մեջ: Բայց դերասանի մասնագիտությունը տալիս է մի առանձնահատուկ հնարավորություն՝ ոչ միայն ապրել սեփական կյանքը, այլ նաեւ մտնել ուրիշ մարդկանց կյանքերի մեջ՝ ապրել քո ստեղծած կերպարների աշխարհում։ Եվ դրա շնորհիվ դու հնարավորություն ես ստանում ապրել շատ ավելին, քան միայն քո սեփական կյանքը։ Հավանաբար հենց դրա համար է դերասանական արվեստը թույլ տալիս ավելի արագ ու խորությամբ ուսումնասիրել մարդուն՝ ե՛ւ ինքդ քեզ, ե՛ւ ուրիշներին։ Դա անընդհատ ճանապարհորդություն է դեպի ներս՝ դեպի սեփական էությունը, եւ միաժամանակ՝ դեպի բազմաթիվ այլ իրականություններ։
- Իսկ պարը, ի՞նչ դեր ունի այն Ձեր կյանքում:
- Շատ փոքր տարիքից եմ զբաղվել պարով ու շատ շնորհակալ եմ իմ մայրիկին, որ կարողացավ տեսնել իմ մեջ այդ շնորհը եւ ուղղորդել ինձ դեպի այդ աշխարհը։ Պարն ինձ տվեց շատ ավելին, քան պարզապես ֆիզիկական պատրաստվածություն։ Մարդու համար, հատկապես՝ կնոջ, շատ կարեւոր է հասկանալ իր մարմինը, զգալ այն, լսել ու հասկանալ, թե ինչպես է իր մեջ փոխվում ռիթմը։ Պարն ինձ սովորեցրեց այդ զգացողությունը՝ լինել իմ մարմնի ներսում եւ միաժամանակ ազատ արտահայտել ինձ շարժման միջոցով։ Հենց պարը շատ մեծ ազդեցություն ունեցավ գեղեցկության ընկալման հարցում։ Հիշում եմ՝ դեռ պատանեկության տարիներին հաճախ քայլում էի քաղաքով ու մտածում․ «Իսկ ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ կարողանային պարել»։ Երեւի որովհետեւ մանկուց ինձ շատ էր հետաքրքրում մի հարց՝ ի՞նչն է շարժում մարդուն։ Ի՞նչն է ստիպում մեզ շարժվել, զգալ, ապրել։ Եվ հիմա հասկանում եմ, որ պարն ինձ տվել է այն, ինչ կարելի է անվանել մարմնի ինտելեկտ։ Ես կարողանում եմ զգալ իմ մարմինը, գիտակցված շարժվել, արտահայտել զգացմունքները շարժման միջոցով։ Գեղեցիկ շարժվելու կարողությունը նույնպես ազատության մի ձեւ է։
- 3 պատճառ, թե ինչո՞ւ են թատրոնը եւ կինոն այդքան հարազատ Ձեզ:
- Ինձ համար թատրոնն ու կինոն առանձնահատուկ տարածքներ են։ Դրանք աշխարհներ են աշխարհի ներսում։ Դրանք ստեղծելիս դու ոչ միայն պատմություններ ես պատմում, այլ նաեւ ավելի խորն ես հասկանում ինքդ քեզ, բացահայտում ես քո անձի նոր կողմերը եւ միաժամանակ ավելի ես մոտենում շրջապատող աշխարհին։
Ինձ թվում է՝ արվեստը մարդուն հնարավորություն է տալիս դուրս գալ սեփական կյանքի սահմաններից։ Դու ստեղծում ես մեկ այլ իրականություն, բայց հենց դրա միջոցով սկսում ես ավելի լավ տեսնել իրական աշխարհը։ Հենց դրա համար են թատրոնն ու կինոն այդքան մոտ ինձ։ Դա աշխարհի հետ խոսելու, մարդուն ուսումնասիրելու եւ անընդհատ ինչ-որ նոր բան բացահայտելու միջոց է՝ ե՛ւ քո ներսում, ե՛ւ քեզ շրջապատող աշխարհում։ Ինձ համար դերասանական արվեստը սեփական անձը եւ շրջապատող աշխարհը ճանաչելու ճանապարհներից մեկն է։
- Ձեր երեք ամենասիրելի դերերը:
- Երեւի ես չունեմ ամենասիրելի դերեր։ Ինձ համար բոլոր այն դերերը, որոնք դեռ չեմ խաղացել, ամենասիրելիներն են։ Որովհետեւ դրանց մեջ կա գաղտնիք, բացահայտման հնարավորություն, հանդիպում մի նոր մարդու հետ, որը դեռ իմ մեջ չկա, եւ որին դեռ պետք է գտնեմ։ Արտիստը միշտ պետք է իր մեջ պահի անծանոթի համար տարածք։ Հենց այդ անհայտության մեջ է ծնվում հետաքրքրությունը՝ սպասումը նոր կերպարի, նոր պատմության, նոր աշխարհի հանդեպ։
- 3 ռեժիսոր, որոնք ամենաշատն են ոգեշնչել:
- Շատ բարդ հարց է, որովհետեւ մեծ արվեստի հետ այդպիսի հանդիպումները շատ են եղել։ Բայց եթե պետք է ընտրել, կնշեմ Անդրեյ Տարկովսկուն, Միքելանջելո Անտոնիոնիին եւ Թերենս Մալիքին։ Նրանցից յուրաքանչյուրն ինձ համար բացել է աշխարհը տեսնելու մի առանձնահատուկ ձեւ։ Տարկովսկու դեպքում ինձ ապշեցնում է ամենախոր թեմաների՝ ժամանակի, հիշողության, մարդու հոգու մասին խոսելու նրա կարողությունն այնպիսի պատկերների միջոցով, որոնք մնում են քեզ հետ ընդմիշտ։
Անտոնիոնին ինձ հիացրել է իր նրբությամբ, մարդու ներքին վիճակը, միայնությունը, հարաբերությունների բարդությունը եւ այն լռության տարածքը ցույց տալու կարողությամբ, որտեղ երբեմն ավելի շատ իմաստ կա, քան բառերի մեջ։ Իսկ Թերենս Մալիքը ինձ համար առանձնահատուկ զգացողություն է՝ մարդու կապը բնության, գոյության եւ ինչ-որ ավելի մեծ բանի հետ, քան պարզապես մեր առօրյա կյանքն է։ Նրա ֆիլմերում կա աշխարհի գրեթե հոգեւոր ընկալում։ Ինձ միշտ հիացնում են այն ռեժիսորները, որոնք պարզապես պատմություն չեն պատմում, այլ ստեղծում են մի ամբողջ տիեզերք, որի մեջ հանդիսատեսը կարող է մտնել եւ այնտեղ մնալ նույնիսկ ֆիլմի ավարտից երկար ժամանակ անց։
- Երեք ներկայացում, որոնք գերել են Ձեզ:
- Շատ բարդ հարց է, որովհետեւ արվեստը միշտ տարբեր ժամանակներում մեզ վրա տարբեր կերպ է ազդում, որովհետեւ ինքներս ենք փոխվում։ Կյանքի տարբեր պահերին տարբեր ստեղծագործություններ դառնում են մեզ համար իսկական բացահայտում։ Բայց եթե պետք է ընտրել, ես կնշեմ երեք ներկայացում, որոնք մեծ տպավորություն են թողել ինձ վրա։ Առաջինը Ակրամ Խանի «Ժիզել» բեմադրությունն է։ Ես հասկանում եմ, որ սա դասական մեկնաբանություն չէ, բայց հենց այդ պատճառով այն այդքան տպավորեց։ Ինձ գրավեց բեմի էներգիան, ապրումների խորությունը, շարժման ուժը եւ այն յուրահատուկ աշխարհը, որը ստեղծվել էր բեմում։
Երկրորդը «Քեռի Վանյա»-ն է, որը դիտեցի Սանկտ Պետերբուրգում՝ մեծագույն դերասանների կատարմամբ։ Ինձ ապշեցրեց ոչ միայն Չեխովի պիեսը, այլեւ այն խորությունը, որով դերասանները կարողացան բացահայտել մարդկային հոգին՝ միայնությունը, սերը, ցավը, քնքշությունը եւ մարդու գոյության ամբողջ բարդությունը։ Եվ վերջինը Կիրիլ Սերեբրեննիկովի «Համլետ»-ն է։ Այդ ներկայացման մեջ ինձ հիացրեց այն, թե ինչպես դասական տեքստը կարողացավ ստանալ ամբողջովին նոր շունչ։ Ինձ հետաքրքրեց տեսնել, թե ինչպես ժամանակակից բեմական լեզվի միջոցով բացվում է հավերժական պատմությունը մարդու մասին՝ նրա կասկածների, ինքն իրեն գտնելու որոնման եւ ներքին պայքարի մասին։
- Դերասանուհիներ, որոնց կցանկանաք մարմնավորել նրանց մասին պատմող կենսագրական ֆիլմերում:
- Շատ հետաքրքիր հարց է։ Անկեղծ ասած, երբեք նախկինում այս մասին չեմ մտածել։ Ես շատ անգամ հիացել եմ մեծ դերասանուհիների կյանքով եւ ճակատագրերով, բայց երբեք ինքս ինձ չեմ հարցրել, թե ում կյանքը կցանկանայի մարմնավորել էկրանին։ Առաջիններից մեկը Մառլեն Դիտրիխն է։ Ինձ շատ մոտ է այդ դարաշրջանը եւ անհավանական հետաքրքիր կլիներ խորանալ նրա կյանքի մեջ, հասկանալ նրա բնավորությունը, ներքին հակասությունները, նրա ճանապարհը։ Ինձ շատ հետաքրքիր է նաեւ Մոնիկա Վիտտիի կյանքը։ Նրա մեջ շատ յուրահատուկ մի բան կար՝ նրա գեղեցկությունը, առեղծվածը, ներքին ուժը։ Ինձ հետաքրքիր կլիներ փորձել հասկանալ նրա աշխարհը եւ էկրանին մարմնավորել այդպիսի մարդու։ Եվ եւս մեկ կին, որի կյանքն ինձ շատ է հետաքրքրում, Կլաուդիա Կարդինալեն է։ Նա անհավանական վառ, կենդանի կին էր՝ շատ հարուստ եւ հագեցած ճակատագրով։ Հնարավոր է՝ նույնիսկ արտաքին կերպարով ինչ-որ նմանություն ունենայի այդ դերին: Կուզեի ուսումնասիրել նրա բնավորությունը, էներգիան, ժամանակաշրջանը։ Շնորհակալ եմ այս հարցի համար։ Այն ստիպեց ինձ մտածել։
- Ձեր սիրելի դերասանների որակները, որոնք կուզեիք Դուք էլ ունենալ:
- Ինձ թվում է՝ մենք շատ քիչ բան գիտենք մարդու մասին նրա ստեղծագործությունից դուրս։ Մենք տեսնում ենք նրանց այն կերպարների եւ այն բացահայտումների միջոցով, որոնցով նրանք իրենք են որոշել կիսվել մեզ հետ։ Հաճախ մեծ արտիստները շատ բարդ եւ հակասական անհատականություններ են, ու հենց այդ բազմաշերտությունն է նրանց դարձնում հետաքրքիր։ Ինձ պարզապես հետաքրքիր է հետեւել նրանց, սովորել նրանց արվեստից ու շարունակել փնտրել իմ սեփական արտահայտման ձեւը։
- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք նախընտրում տարվա այս եղանակը։
- Շատ եմ սիրում աշունը, երբ արդեն կարելի է հագնել գեղեցիկ տրենչներ, վերարկուներ, երկար զբոսնել, հետեւել բնության փոփոխություններին ու հիանալ այդ անհավանական գույներով։ Աշնան մեջ կա մի յուրահատուկ գեղեցկություն՝ մի փոքր մելանխոլիկ, բայց միեւնույն ժամանակ՝ շատ կենդանի։ Երեւի, հենց այդ տրամադրությունն է ինձ շատ մոտ։
- Ունե՞ք ամառային հատուկ սովորություն կամ արարողակարգ։
- Նախկինում ամառն ընկալվում էր որպես ավելի անհոգ ժամանակ, որովհետեւ շատ պարտականություններ մի փոքր հետին պլան էին անցնում։ Բայց այդ զգացողությունն ավելի շատ կապված է մանկության հետ։ Նույնը զգացի, երբ դարձա ծնող ու տեսա, որ երեխաների համար ամառն իսկապես ազատության, հանգստի եւ կյանքի մի ուրիշ ռիթմի ժամանակ է։ Բայց հիմա աշխարհը շատ է փոխվել, եւ իմ մասնագիտության մեջ, օրինակ, նման բաժանում գրեթե չկա։ Մենք կարող ենք ֆիլմ նկարահանել տարվա ցանկացած եղանակի, այնպես որ ամառն այդ իմաստով չի դառնում առանձնահատուկ շրջան։ Ժամանակի ընթացքում ես ինձ ազատեցի ինչ-որ հատուկ ծեսեր ունենալու անհրաժեշտությունից։ Պարզապես ընդունում եմ ամառն, ինչպիսին այն կա: Եթե նրան վիճակված է դառնալ առանձնահատուկ՝ բաց եմ դրա համար։
- Ո՞րն է կատարյալ ամառային ժամադրությունը։
- Ինձ համար ամառային ամենագեղեցիկ հանդիպումները ուշ երեկոյան են՝ ընկերների կամ սիրելի մարդու հետ։ Դրանք այն զբոսանքներն են, երբ արդեն չկա օրվա շտապողականությունը, կարելի է երկար խոսել, կիսվել մտքերով, պարզապես լինել կողք կողքի։ Հատկապես ինձ շատ մոտ են ծովի մոտ գիշերային հանդիպումները, երբ շուրջդ լռություն է, առջեւում՝ ջրի անսահման տարածությունը, վերեւում՝ աստղազարդ երկինքը, ու ծնվում են կյանքի, ժամանակի, մարդկանց մասին խոր մտորումներ։ Հավանաբար հենց այդպիսի պահերին է ամառն ամենաուժեղ զգացվում՝ մտերմության, ազատության եւ անսահմանության զգացողության միջոցով։
- Մայր լինելու ամենահաճելի կողմերը:
- Հավանաբար մայրության ամենամեծ փորձությունն ու ամենամեծ գեղեցկությունը սովորել լինել կողքին՝ առանց սահմանափակելու, սիրել՝ առանց պահելու ցանկության, եւ ընդունել քո երեխային այնպիսին, ինչպիսին նա կա։
- Իսկ մի քիչ հոգնեցնողնե՞րը:
-Եթե խոսենք ֆիզիկական հոգնածության մասին, ապա, երեւի, դա երեխայի վաղ տարիքն է, երբ մայրը քիչ է քնում ու ամբողջ ժամանակ խնամում է նրան: Բայց հիմա մեր կյանքում արդեն ուրիշ շրջան է։ Իմ երեխան 15 տարեկան է, ու, անկեղծ ասած, մայրությունից հոգնածություն չեմ զգում։ Ընդհակառակը, սկսում եմ հատկապես գնահատել այս փուլը, որովհետեւ հասկանում եմ՝ դեռ մի քանի տարի, եւ նա կդառնա ինքնուրույն, կունենա իր կյանքն, ու կսկսվի բոլորովին ուրիշ շրջան։ Հիմա ինձ շատ հետաքրքիր է պարզապես հետեւել նրան՝ ինչպես է հանդիպում աշխարհին, ինչպես է ընդունում նոր բաները, ինչպես է դիմադրում, ինչպես է փնտրում ինքն իրեն։ Դրա մեջ ինչ-որ զարմանալի բան կա։ Հիմա մայրությունն ինձ համար ոչ այնքան հոգնածություն է, որքան ուրախություն՝ հետեւելու, թե ինչպես է ձեւավորվում առանձին անհատականություն։
- Ձեր որդու հետ ամենասիրելի զբաղմունքը:
- Այս շրջանում որդուս հետ անցկացրած ամենահետաքրքիր ժամանակը մեր երկար զրույցներն են մինչեւ ուշ գիշեր։ Ինձ շատ հետաքրքիր է նրա հետ քննարկել տարբեր մտքեր, նրա հետաքրքրությունները, այն, թե ինչպես է նայում աշխարհին, ինչն է նրան անհանգստացնում, ինչն է հետաքրքրում, ինչպես է մտածում։ Այս տարիքում ամենաթանկը ոչ այնքան ինչ-որ միասնական զբաղմունքներն են, որքան պարզապես խոսելու եւ ճանաչելու հնարավորությունն այն մարդուն, որն աստիճանաբար դառնում է ինքնուրույն անհատականություն։
- Մոլորակի վրա ամենալավ տեղը:
-Մոլորակի ամենագեղեցիկ վայրը ինձ համար իմ ընտանիքի կողքին լինելն է:
- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել:
- Կցանկանայի կարողանալ սերֆինգով զբաղվել՝ զգալ ծովի ուժը եւ սահել ալիքների վրայով։
- Ձեզ համար ամենագողտրիկ եւ սիրելի երեք վայրերն աշխարհում:
- Առաջինը նկարահանման հրապարակն է։ Հատկապես կինոյի ստեղծման այդ աշխարհը, որտեղ ամեն ինչ ծնվում է զրոյից՝ գաղափարից մինչեւ կերպար ու պատմություն, ինձ շատ հարազատ է։ Երկրորդը մեր տան բակն է։ Այն ինձ համար կապված է տան ջերմության, խաղաղության ու պարզ, բայց շատ կարեւոր պահերի հետ։ Երրորդը մեր տան տանիքն է։ Դա այն վայրն է, որտեղ կարելի է մի փոքր առանձնանալ, նայել աշխարհին վերեւից, զգալ ազատություն ու մնալ սեփական մտքերի հետ։
- Ի՞նչ սովորությունից կուզեիք ազատվել ու նաեւ ձեռք բերել:
- Կցանկանայի երբեք չխախտել ամեն երեկո գիրք կարդալու սովորույթը։ Ինձ համար դա շատ կարեւոր ու գեղեցիկ սովորույթ է, բայց, անկեղծ ասած, միշտ չէ, որ հաջողվում է պահել այն։
- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած երեք մարդիկ:
- Հավանաբար, առաջինը Մարկ Ռոթկոն է՝ իր խորությամբ, աշխարհի իր առանձնահատուկ տեսլականով եւ այն ձեւով, թե ինչպես է գույնի ու տարածության միջոցով կարողանում խոսել մարդկային ամենաբարդ զգացմունքների մասին։ Ապա դաշնակահար Իվո Պոգորելիչն է, որն ինձ զարմացրել է ոչ միայն իր վարպետությամբ, այլեւ արվեստի մեջ իր բացառիկ ներքին ազատությամբ։ Եվ, իհարկե, Յուրի Նորշտեյնը, որով ես չեմ դադարում հիանալ։ Բարեբախտաբար, նա դեռ մեզ հետ է: Ինձ համար անհավանական կարեւոր է, որ նման մարդիկ շարունակում են ապրել եւ ստեղծագործել։ Ինձ ամենից շատ զարմացնում են այն մարդիկ, որոնք պարզապես իրենց ոլորտի մասնագետներ չեն, այլ դառնում են առանձին աշխարհներ՝ իրենց լեզվով, հայացքով եւ ճշմարտությամբ։
- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:
- Հետաքրքիր հարց է։ Անկեղծ ասած՝ ես երբեք այդ մասին չեմ հարցրել։ Հավանաբար, տարիքի հետ մի փոքր փոխվել եմ եւ հասկացել մի կարեւոր բան՝ մարդիկ հաճախ ուրիշների մասին խոսում են իրենց սեփական տեսանկյունից։ Մարդու ընկալումը հաճախ կապված է իրենց փորձի, զգացմունքների եւ ներաշխարհի հետ։ Այն մարդիկ, որոնք իսկապես ճանաչում են ինձ, երեւի սիրում ու ընդունում են ինձ այնպիսին, ինչպիսին կամ։ Ժամանակի ընթացքում մարդը ավելի քիչ է կախված դառնում այն բանից, թե ինչ տպավորություն է թողնում ուրիշների վրա։
- Ինչի՞ց եք հրաժարվել այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:
- Հավանաբար այս տարի հրաժարվել եմ այն դերերից, որոնք ինձ հոգեհարազատ չէին։ Այն առաջարկներից, որոնց մեջ ես չէի զգում իմաստ, ներքին արձագանք կամ հնարավորություն՝ որպես դերասանուհի ինչ-որ նոր բան բացահայտելու իմ մեջ։ Եվ կարծում եմ՝ շարունակելու եմ այդպես անել (ծիծաղում է,-հեղ.):
- Ձեր երբեւէ ունեցած ամենագեղեցիկ ու քննարկված նկարը:
- Վերջին ժամանակների ամենաշատ դիտված լուսանկարս հենց սա է։ Բայց, անկեղծ ասած, դրա հետ կապված որեւէ արտասովոր պատմություն չկա։ Պարզապես, կարծես, մարդիկ ամենաշատը հենց այս լուսանկարն էին սիրել ու առանձնացրել։ Այն ստացել էր շատ ջերմ ու գեղեցիկ արձագանքներ, ինչի համար ես իսկապես շնորհակալ եմ։
-Իսկ վերջին կադրը, որ արել եք ձեր հեռախոսով ու դեմ չէիք լինի կիսվել մեր ընթերցողների հետ:
-Այս լուսանկարն իմ հեռախոսում ամենավերջինն է։ Այն արել եմ իմ առաջին նկարահանման օրը՝ հենց նկարահանման հրապարակում։ Հանրային հեռուստաընկերությունը սկսել է մի շատ հետաքրքիր նոր պատմական նախագիծ, որտեղ հնարավորություն ունեմ կերտելու ինձ համար շատ հետաքրքիր կերպար։ Այս կադրը հենց այդ առաջին օրվա հիշողությունն է։
- Հենց հիմա ի՞նչ է Ձեզ պակասում:
-Կարծում եմ՝ ինչպես այսօր, այնպես էլ իմ ամբողջ կյանքի ընթացքում ինձ ամենից շատ պակասել է ինքնավստահությունը։
- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:
- Ցանկացել եմ ապրել ու չվախենալ սխալվելուց։
- Ի՞նչն է Ձեզ օգնում հասկանալ, որ ողջ եք, կաք:
- Երբ ստեղծագործում եմ, զգում եմ, որ ողջ եմ:
- Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեզ 10 տարեկանում:
- Տասը տարեկանում կասեի, որ երբեք ինձ մենակ չեմ թողնելու։
- Իսկ 80 տարեկանում ի՞նչ կասեք:
- Որ միասին ենք ու վախենալու կարիք չկա։
- Ի՞նչ կա 2026-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչ եք արդեն հասցրել կյանքի կոչել:
- Անկեղծ ասած՝ պարտադիր անելիքների հատուկ ցանկ չունեմ։ Ավելի շատ ուզում եմ, որ կյանքն ինքը հետաքրքիր նախագծեր բերի, որոնք ինձ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական նոր բացահայտումների կհասցնեն։
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Վիգեն Մնոյանի եւ Ֆրիդա Յորքի անձնական արխիվից


×
176







