Ժամանակակից արվեստագետներին մոտեցնել մարզերին, իսկ մարզերի բնակիչներին՝ ծանոթացնել նրանց աշխատանքներին։ Այս գաղափարը Major’s House-ի հետ կապվել է ստեղծման օրվանից՝ այն դարձնելով մի վայր, որտեղ հանդիպում են ստեղծագործ մարդիկ եւ մշակութային նոր փորձառություն փնտրող այցելուները:
Թեեւ Հայաստանի մշակութային կյանքը հաճախ կենտրոնացած է Երեւանում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում գտնվող Major’s House-ը փորձում է փոխել այդ պատկերը՝ ժամանակակից արվեստն ու արվեստագետներին կապելով նոր լսարանի հետ։
Bravo.am-ի հետ զրույցում Major’s House-ի հիմնադիր Գեղամ Ազատյանը պատմել է, թե ինչպես է վերջին տարիներին այն դարձել նաեւ մշակութային նախաձեռնություններ իրականացնող փոքր, բայց ակտիվ կենտրոն:
«Major’s House-ը սկզբում ծնվել է որպես շատ անձնական եւ ընտանեկան գաղափար։ Ուզում էինք ստեղծել ոչ միայն հյուրատուն կամ գեղեցիկ տարածք, այլ մի վայր, որտեղ մարդիկ կարող են առնչվել մշակույթին, դրա շուրջ ձեւավորվող մթնոլորտին ու քննարկումներին։ Հատկապես Հայաստանի մարզերում հաճախ զգացվում է մշակութային կյանքի պակասը, եւ մեզ համար կարեւոր էր ստեղծել մի փոքր կենտրոն, որն այն ավելի հասանելի կդարձնի մարդկանց»,- ասում է հիմնադիրը։
Major’s House-ը հենց Ստեփանավանում բացելու ընտրությունը պատահական չի եղել:
«Մանկությունս ու դպրոցական արձակուրդներս անցել են Ստեփանավանում: Այդ էմոցիոնալ կապը միշտ կար Ստեփանավանի հետ»,- նշում է Գեղամ Ազատյանը:
Major’s House-ը մշակութային նախաձեռնություններ իրականացրել է հենց բացման օրվանից, բայց նախորդ տարվանից դրանք դարձել են ավելի կանոնավոր:
Հիմնադրի խոսքով՝ մշակութային նախաձեռնությունն ավելի ակտիվ ձեւով սկսեցին իրականացնել վերջին տարիներին, երբ հասկացան, որ Major’s House-ը կարող է դառնալ հարթակ երիտասարդ արվեստագետների, լուսանկարիչների, երաժիշտների ու ստեղծագործ մարդկանց համար. «Մեր նպատակը միայն ցուցահանդես կազմակերպելը չէր։ Մենք ուզում էինք, որ մարդիկ գան, շփվեն, քննարկեն, ճանաչեն ժամանակակից հայկական արվեստը, եւ միաժամանակ մարզային քաղաքներում ձեւավորվի նոր մշակութային միջավայր»:
Առաջին ցուցահանդեսը՝ «Կուպիկազու»-ն, եղել է հենց բացման տարվա ընթացքում՝ 2021 թվականին, հետո նույն տարում՝ նաեւ Թեհրանից մուլտիմեդիա նկարիչ Աննա Մարիայի «Թարգմանված սրտի զարկեր» ցուցահանդեսը:
«Մեզ մոտ ներկայացվող նախագծերը տարբեր ձեւաչափերի են՝ արվեստի ցուցահանդեսներից (նկարներ, քանդակներ, կերամիկական աշխատանքներ) մինչեւ նորաձեւության ցուցադրություններ (Ariga and Danz Fashion Show), լուսանկարչական եւ բազմաոլորտ համագործակցություններ, ինչպիսին էր, օրինակ, «Տուշպա» գինիների «Մուսկատ»-ի շնորհանդեսը։ Մեզ համար կարեւոր էր, որ Major’s House-ը բաց հարթակ լինի տարբեր ստեղծագործական ուղղությունների համար։ Մեզ համար շատ կարեւոր արդյունք է նաեւ այն, որ մարդիկ սկսել են Major’s House-ը ընկալել ոչ միայն որպես հյուրատուն, այլ որպես մշակութային վայր։ Շատ հյուրեր գալիս են հենց մթնոլորտի, արվեստի ու այդ փորձառության համար»,- նշում է Գեղամ Ազատյանը։
2025 թվականից սկսած՝ Major’s House-ն արդեն իր մշակութային քարտեզն ունի՝ յուրաքանչյուր տարի երեք միջոցառում անցկացնել Ստեփանավանում:
«Արդեն յուրաքանչյուր տարվա համար հստակ պլանավորում ունենք, թե ինչ ենք անելու, նախկինում այդպես չէր: Այս տարվա առաջին պլանավորած ցուցահանդեսը՝ «Ծաղկունք»-ը, բացվել է ապրիլին եւ կշարունակվի մինչեւ հուլիս: Տարվա ընթացքում անպայման կունենանք եւս երկու միջոցառում»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է արվեստագետների հետ կապին, եւ թե ում աշխատանքներն են ցուցադրվում Major’s House-ում, Գեղամ Ազատյանն ասում է. «Առաջին երկու ցուցահանդեսների համար մենք ենք ընտրել մասնակից արվեստագետներին՝ հիմնականում երկու սկզբունքով՝ լինեն հայեր եւ երիտասարդ ստեղծագործողներ, որոնք դեռ լայն ճանաչում կամ շատ ցուցադրություններ չունեն: Ցուցահանդեսների մուտքն ազատ է լինում, դրանք նաեւ ունենում են վաճառքի ձեւաչափ: Ներկայացված աշխատանքները հաճախ ձեռք են բերում հյուրանոցի հյուրերը՝ այդպիսով աջակցելով երիտասարդ արվեստագետներին: Այս ձեւաչափը թույլ է տալիս ոչ միայն ներկայացնել աշխատանքները, այլ նաեւ ստեղծել անմիջական շփում արվեստագետների եւ այցելուների միջեւ։ Յուրաքանչյուր միջոցառման բացման օրը, երբ արվեստագետները նույնպես ներկա են լինում, այցելուները հնարավորություն ունեն հանդիպելու նրանց, շփվելու եւ լսելու նրանց աշխատանքների ու ճանապարհի մասին։ Այդ օրերին արվեստագետները նաեւ ծանոթանում են միմյանց հետ, եւ Major’s House-ը դառնում է կապող միջավայր»:
Major’s House-ում կազմակերպված մշակութային նախաձեռնությունների արդյունք է նաեւ այն, որ ձեւավորվում է յուրօրինակ համայնք։ Արվեստագետները սկսում են իրար ճանաչել, համագործակցել, վերադառնալ նոր նախագծերով։
Հիմնադրի խոսքով՝ սա երկարաժամկետ գործընթաց է, եւ իրենք Major’s House-ը տեսնում են որպես շարունակական մշակութային հարթակ, ոչ թե մեկանգամյա նախագիծ. «Առաջիկայում ուզում ենք ավելի մեծ ուշադրություն դարձնել համագործակցություններին՝ ինչպես հայ արվեստագետների, այնպես էլ միջազգային գործընկերների հետ։ Մտածում ենք artist residency ձեւաչափերի մասին, երբ արվեստագետները կարող են որոշ ժամանակ ապրել ու ստեղծագործել Major’s House-ում։ Նաեւ ուզում ենք զարգացնել երաժշտական ու multidisciplinary նախագծերը, համադրել արվեստը, երաժշտությունը, լուսանկարչությունն ու տեղական մշակույթը»:
Գեղամ Ազատյանն ավելացնում է՝ բացի այս ուղղություններից, արդեն մտածել են նաեւ տարածման մասին. «Major’s House-ը Ստեփանավանում բացելուց հետո հասկացանք, որ նմանատիպ տարածքների կարիք կա նաեւ այլ մարզերում, եւ երկրորդը՝ ավելի փոքրը, բացեցինք Գյումրիում: Թեև դեռ հստակ օրերը որոշված չեն, բայց այնտեղ եւս նախատեսում ենք իրականացնել ցուցահանդեսներ»։
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Major’s House -ի


×
2,100







