×


«Տատիկն արգելել է տարիքը շեշտել, բայց սա հպարտանալու տարիք է». Էվելինա Շահիրյանը նշել է 85-ամյակը

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը հունիսի 13-ին նշել է 85-ամյակը: Այդ կարեւոր օրը դերասանուհու կողքին են եղել մտերիմներն ու հարազատները:

«Շնորհակալություն, որ հավաքվել եք այստեղ: Ինձ համար շատ սիրելի ու մտերիմ մարդիկ եք: Հույս ունեմ, որ այսօր լավ եւ ուրախ երեկո կանցկացնենք: Շնորհակալ եմ, որ ինձ հետ կիսում եք այս ուրախությունը»,- իր հյուրերին այսպես է դիմել դերասանուհին:

Bravo.am-ի հետ զրույցում էլ Շահիրյանը նշել է, որ տարեդարձը լավ է անցել, ու գեղեցիկ տպավորություններ է ստացել իր երեխաների շնորհիվ, որոնք էլ կազմակերպել են միջոցառումը:


«Իմ լավ ընկերների, շրջապատի ու զավակներիս շնորհիվ շատ լավ օր անցկացրի։ Տարեդարձս ռեստորանում փոքր խմբով ենք նշել: Շատ հաճելի էր: Հավաքվել էին ինձ համար մտերիմ ու հարազատ մարդիկ,- նշել է նա:

Շահիրյանի խոսքով՝ շնորհակալ է Աստծուն այն ամենի համար, ինչ ունի: Նշել է, որ որոշակի տարիքից դադարել է իր համար որեւէ բան խնդրել, պարզապես ցանկանում է, որ իր երեխաներն ու նրանց ընտանիքները առողջ եւ հաջողակ լինեն, գտնեն իրենց տեղը կյանքում: 

«Իհարկե, ինձ շարունակում է ոգեշնչել նաեւ աշխատանքս: Հիմա մի քիչ դժվար է աշխատել այն ծանրաբեռնվածությամբ, ինչ առաջ էր: Բայց աշխատանքս սիրով եմ անում: Ուրախ եւ երջանիկ եմ, որ մինչեւ հիմա պահանջված եմ, խաղում եմ իմ սիրելի դերերն ու ամենակարեւորը՝ գնահատված եմ»,- ավելացրել է նա:

Շահիրյանի թոռը՝ դերասանուհի Էվելինա Շահիրյանն էլ այս խոսքերն է հղել տատիկին. «Շնորհավոր 85-ամյակդ, գեղեցկուհիս: Տատիկն արգելել է տարիքը շեշտել, բայց ախր սա հպարտանալու տարիք է: Այս տարիքում չի կարելի լինել այսքան գեղեցիկ, կյանքով ու էներգիայով լի: Սիրում ենք քեզ շատ»: 

Կարդալ ավելին

Quality Sign BW